Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հոկտեմբերի 15-ին առցանց մշտադիտարկում իրականացրեց Գավառի պետական համալսարանում:
Մշտադիտարկման նպատակն է հետևել հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին, դիտարկել բարելավման ծրագրի իրագործման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև բուհի առջև ծառացած մարտահրավերները։
Գավառի պետական համալսարանը 4 տարի ժամկետով վերահավատարմագրվել է 2022թ. օգոստոսին:
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, Որակի ապահովման կենտրոնի մասնագետների հետ:
Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին՝
- ՄԿԾ-ների բարելավման և արդյունավետության ապահովման գործընթացը՝ ներքին աուդիտի իրականացումը, արդյունքների վերլուծությունը, բարելավման պլանավորումը և ՊԻԳԲ շրջափուլի իրականացումը։
- Կրթական ծրագրերի որակի ապահովման համակարգը՝ փոփոխությունների անհրաժեշտության բացահայտման մեխանիզմները, բարելավման պլանների կազմումն ու որակի ապահովումը։
- Կրթական ծրագրերի արդիականացումը և աշխատաշուկայի հետ փոխկապակցվածությունը՝ նոր առարկաների ներդրման մոտեցումները, աշխատաշուկայի զարգացումների մշտադիտարկումն ու դրանց արձագանքման ձևերը։
- Ուսանողակենտրոն ուսուցումը և մասնագիտական կարողությունների ձևավորումը՝ մասնագիտական մտածողության զարգացումը, գործատուի միջավայրում պրակտիկ հմտությունների ձեռքբերումը։
- Գիտելիք–կարողություն–հմտություն եռամիասնության ապահովումն ու գնահատումը՝ ինչպես է հաստատությունը հավաստիանում, որ ուսանողը կամ շրջանավարտը ձեռք է բերել բոլոր սահմանված վերջնարդյունքները, և ինչպես են գնահատվում եռամիասնության բաղադրիչները։
- Գնահատման համակարգի կատարելագործումը՝ կիրառվող մեթոդները, ձևավորող գնահատման լավագույն փորձերը և դրանց կապը կրթական վերջնարդյունքների հետ։
- Պրակտիկաների և հետազոտական գործունեության արդյունավետությունը՝ դրանց կապը ուսանողների հետազոտական թեմաների և մագիստրոսական թեզերի ուղղությունների հետ։
- Ուսուցման գործընթացում առաջադրանքների կիրառումը՝ վերլուծական և հետազոտական կարողությունների զարգացմանը նպաստող առաջադրանքների օրինակները և տեսական գիտելիքի գործնական ամրապնդման ձևերը։
- Արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը կրթական գործընթացում՝ ուսուցման և գնահատման արդյունավետության և ժամանակակից մոտեցումների համատեքստում։
- Օտար լեզվի իմացության մակարդակը և միջառարկայական համագործակցությունը՝ մասնագիտական օտար լեզվի տիրապետման խրախուսման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։
- Կրթական հաստատության գործունեության արդյունքների գնահատումը՝ գործունեության առանցքային ցուցանիշների կիրարկումը, ուսանողների գոհունակության տվյալների վերլուծությունը, շրջանավարտների մասնագիտական զբաղվածության և կարիերայի հետագծելիության ապահովումը։
Մշտադիտարկման ավարտին բուհի ղեկավար կազմի հետ հանդիպմանն ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Կարևորվեց կրթական գործընթացում ԱԲ փորձի կիրառման տարածումը բուհում և հմտությունների վրա հիմնված գնահատման համակարգի ներդրումը, որը բոլոր սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը գնահատելու հնարավորություն կընձեռի:
Շեշտադրվեց նաև ԳԱՑ-երի հստակության ու չափելիության կարևորությունը: