Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի եզրափակիչ համաժողովը։ Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ համակարգմամբ, հայաստանյան և եվրոպական 12 գործընկերների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Երևանի, Գավառի, Հայկական պետական մանկավարժական համալսարանների, «Եվրասիա» միջազգային և Հյուսիսային համալսարանների, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոնի մասնակցությամբ, Գերմանիայի Օլդենբուրգի ու Դրեզդենի տեխնիկական համալսարանների և Իտալիայի Ջենովայի համալսարանի հետ համագործակցությամբ։
«KPI4HE» ծրագրի շրջանակում մշակված ազգային շրջանակի նախագիծը նախատեսում է բուհերի կատարողականի գնահատում հետևյալ հիմնական ուղղություններով՝ որակյալ կադրերի պատրաստում, ազգային և միջազգային ներգրավվածություն, հետազոտություն, զարգացում և նորարարություն, հնարավորությունների հավասարություն, կրթական միջավայր և որակ, ինչպես նաև կառավարում, առաջնորդություն և գործառնական արդյունավետություն։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ արագ փոփոխվող աշխարհում համալսարանների արդյունավետ կառավարումը պահանջում է հավաստի տվյալների և գործունեության չափելի ցուցանիշների վրա հիմնված որոշումներ։
Նրա խոսքով՝ «KPI4HE ծրագիրը կարևոր հնարավորություն է՝ ստեղծելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում կառավարման, ռազմավարական պլանավորման և որակի ապահովման նոր մոտեցումների զարգացման համար»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ծրագրի նշանակությունը դիտարկեց Հայաստան-ԵՄ համագործակցության և եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության համակարգի զարգացման համատեքստում։ Նա նշեց, որ միասնական չափանիշների և գնահատման գործիքների մշակումը նպաստում է ոչ միայն բարձրագույն կրթության կառավարման կատարելագործմանը, այլև հաստատությունների միջև վստահության ամրապնդմանը։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը ներկայացրեց բարձրագույն կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ բուհի գործունեության արդյունավետ գնահատումը պահանջում է հստակ չափելի արդյունքներ և տվյալների վերլուծություն։ Միաժամանակ, նա նշեց, որ տարբեր առաքելություններ և մասնագիտական ուղղվածություններ ունեցող համալսարանների գնահատման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել դրանց առանձնահատկությունները։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդգծեց, որ ծրագրի շրջանակում ձևավորվող մոտեցումները կարող են նպաստել Հայաստանում որակի գնահատման նոր մշակույթի զարգացմանը։
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը ևս կարևորեց ծրագրի բազմակողմ ազդեցությունը՝ կապված ներառականության, թվային վերափոխման և «կանաչ» անցման հետ, ընդգծելով, որ այն միավորում է ինստիտուցիոնալ զարգացումը, ազգային առաջնահերթություններն ու եվրոպական համագործակցությունը։
Համաժողովին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ԳՊՀ որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը։ ԳՊՀ-ում «KPI4HE» ծրագրի իրականացման կարևոր արդյունքներն ու էական բարեփոխումները ներկայացրեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։
Համաժողովի մասնակիցները կարևորեցին ծրագրի շրջանակում մշակված մոտեցումների ու գործիքների շարունակական կիրառումը նաև ծրագրի ավարտից հետո, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի արդյունավետության, մրցունակության և որակի բարձրացմանը։
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ