Գավառի պետական համալսարանում ձևավորված ավանդույթի համաձայն՝ բուհի առաջին կուրսի ուսանողների առաջին բեմելը կրում է «Բարև, մե՛նք ենք» խորագիրը։ Նորընծա ուսանողներին ողջունում են ավագ կուրսերի ուսանողները՝ խրախուսելով լավ սովորել և տիրապետել մասնագիտության գաղտնիքներին։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների ելույթից հետո Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը պատվոգրեր հանձնեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված Գավառի պետական համալսարանի ուսանողներին։ Տիկին Հակոբյանը շնորհավորեց լավագույն ուսանողներին՝ մաղթելով, որ նրանց հաջողությունները ոգևորիչ օրինակ դառնան առաջին կուրսեցիների համար։ Պատվոգրերի արժանացան ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լաուրա Մանուկյանը՝ 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում բակալավրի կրթական ծրագրով Հայագիտության ոլորտում 1-ին տեղ զբաղեցնելու համար, «Պատմություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Պողոսյանը՝ 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով Հումանիտար գիտությունների ոլորտում 2-րդ տեղ զբաղեցնելու համար, և բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Վերոնիկա Բաղոյանը՝ բակալավրի կրթական ծրագրով Բնագիտական ոլորտում 3-րդ տեղ զբաղեցնելու համար։
Շնորհավորում ենք ՀՀ լավագույն ուսանողներին և մաղթում հետագա հաջողություններ։