Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ ս․ թ․ դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն, կիրականացվի դպրոցների 2025-2026 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2026 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների հայտագրման գործընթացը: Քննությունների I փուլը կկայանա 2026թ․ հունվար, փետրվար ամիսներին։ Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ս․ թ․ դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում 2025թ․ դեկտեմբերի 15-ից 30-ը։
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2025-2026 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է այստեղ:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև՝
• 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները,
• ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոնշյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են 2025թ․ դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:
Աղբյուր՝ dimord.am