Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհավորում է հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, երիտասարդ ստեղծագործող Նարինե Ժամհարյանին՝ «Արմատներ» և «Հաղթել ներսում» խորագրերով գրքերի լույսընծայման առթիվ։
«Արմատներ» գիրքը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմին և բացահայտում է ազգի ուժի ու հարատևության խորքային աղբյուրը՝ արմատները։
Գրքում խոսվում է պատմական հիշողության, ընտանիքի, լեզվի, ազգային արժեքների և ինքնության պահպանման կարևորության մասին՝ այն աներեր վստահությամբ, որ միայն սեփական ակունքներին հավատարիմ մնալով կարելի է դիմակայել ժամանակի փորձություններին և շարունակել արժանապատիվ երթը։
«Հաղթել ներսում» գիրքը նվիրված է մարդու ներքին պայքարին՝ վախերի, կասկածների, հուսահատության և մեղքերի դեմ։
Զրույցների միջոցով հեղինակը ընթերցողին առաջնորդում է դեպի ինքնաճանաչման, ներքին մաքրագործման և հոգևոր հաղթանակի ճանապարհ՝ ընդգծելով, որ ամենամեծ և մնայուն հաղթանակները ծնվում են ոչ թե արտաքին աշխարհում, այլ մարդու սրտի և հոգու խորքում։
Հեղինակը գիրքը նվիրել է իր եղբոր` Իմելս Ժամհարյանի հիշատակին։