ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

2026 թվականի հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, Գավառի պետական համալսարանում կայացավ 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհեց շրջանավարտների 29-րդ սերնդին՝ 210 բակալավրի և մագիստրոսի, ովքեր համալրեցին ԳՊՀ ինը հազարից ավելի շրջանավարտների շարքերը։ Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին Սահմանադրության օրվա առթիվ,  ջերմորեն շնորհավորեց շրջանավարտներին և նրանց ծնողներին, շնորհակալություն հայտնեց Գավառի պետական համալսարանի դասախոսներին, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներին և  բոլոր բարերարներին։

Ավանդույթի համաձայն՝ հնչեց ԳՊՀ մագիստրոսի երդումը, որից հետո շրջանավարտները խորին երախտագիտություն հայտնեցին սիրելի կրթօջախին՝ հավաստիացնելով, որ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի սերմանած վեհ արժեքներն ու պատվիրաններն ապրում են յուրաքանչյուր համալսարանականի հոգում, մտքում և գործերում։ Նրանք շնորհակալություն հայտնեցին բուհի համահիմնադիր Հրանուշ Հակոբյանին և վարչական,  պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ առաքինի և պատասխանատու անհատներ, որակյալ մասնագետներ, հայրենասեր քաղաքացիներ պատրաստելու նվիրական աշխատանքի համար:

Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Ասոյանը, Մարտին Ավագյանը, ամբիոնների վարիչներ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Հակոբ Ղուլոյանը, Գայանե Միրիբյանը, Վարազդատ Ավետիսյանը։ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի շրջանավարտներին դիպլոմներ հանձնեց և հաջողության իր բանաձևը ներկայացրեց ԳՊՀ «Իրավագիտություն» մասնագիտության 2025 թվականի շրջանավարտ Վան Սիմոնյանը: Միջոցառումը վարեցին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Մանուկյանը և «Իրավագիտություն» մասնագիտության շրջանավարտ Պապին Կարապետյանը, որոնք ուսանողների անունից շրջանավարտներին մաղթեցին հաջողություններ մասնագիտական ոլորտում և շարունակական ձեռքբերումներ կյանքի բոլոր բնագավառներում։

Դիպլոմների շնորհման արարողությունն ուղեկցվեց շրջանավարտների հաջողությունների մասին պատմող ոգեշնչող տեսանյութերով, եվրոպական գործընկեր բուհերում սովորող ԳՊՀ ուսանողների առցանց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։

Գեղեցիկ պարային, երաժշտական կատարումներով միջոցառումը զարդարեցին Գավառի արվեստի դպրոցի սաները, դաշնամուրային բաժնի աշակերտ Սամվել Խաչատրյանը, նույն դպրոցի սան Հայրապետ Հայրապետյանը, ջութակահար Էլեն Շհոյանը։

Բարի երթ և բարին ընդ ձեզ, Գավառի պետական համալսարանի սիրելի՛ շրջանավարտներ:

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան