ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՌԱՄՍԱՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ս․ թ․ հոկտեմբերի 23-ին, Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP 17) շրջանակներում Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար, դոկտոր Մուսոնդա Մումբային և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց Ռամսարի կոնվենցիայի դերը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքների և ջրային թռչունների պահպանության գործում։ Կոնվենցիան ընդունվել է 1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում և ուժի մեջ մտել 1975 թվականին։ Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է 1993 թվականի նոյեմբերի 6-ին։ Դոկտոր Մուսոնդա Մումբան հանդես եկավ հետաքրքիր դասախոսությամբ՝ անդրադառնալով Ռամսարի ցանկում ընդգրկված խոնավ տարածքներին, դրանց էական ազդեցությանը Երկիր մոլորակի ընդհանուր էկոլոգիական հավասարակշռության և անվտանգության պահպանման գործում։ ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը ներկայացրեց Հայաստանի Ռամսարյան տարածքների՝ Սևանա լճի, Արփի լճի, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերի, «Խոր Վիրապի ճահիճ» պետական արգելոցի էկոլոգիական բնութագիրը և բնապահպանական նշանակությունը։ Բանախոսները պատասխանեցին ԳՊՀ դասախոսների և ուսանողների հարցերին։
ԳՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Մուսանդա Մումբային շնորհվեց շնորհակալագիր՝ երկարամյա և արդյունավետ բնապահպանական գործունեության համար։
Գլխավոր քարտուղարի պատվիրակության կազմում էին Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ջենտերեջյանը և Շվեյցարիայի Գլանդ քաղաքում գործող կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչները։ Մասնակցում էր նաև Վրաստանից ժամանած բնապահպան փորձագետ։
Հյուրերը ծանոթացան Սևանա լճից հանված ծառերի արմատներից պատրաստված քանդակների՝ «Նոր կյանք, նոր շունչ» խորագրով հավաքածուին, որի մի մասը ցուցադրված է COP 17-ի «կանաչ գոտում»։ Յուրօրինակ աշխատանքների հեղինակը՝ վարպետ Երեմ Կոստանյանը ստացավ շնորհակալագիր ԳՊՀ ռեկտորատի կողմից։ Հյուրերը եղան ԳՊՀ պատմագիտական թանգարանում և գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի մատյանում։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան