ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց Եվրոպական միության «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված նախագծերը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը և Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը։

Համաժողովի նպատակն էր հանրայնացնել նախագծերը, դրանցից ակնկալվող արդյունքները, ներկայացնել ծրագրերի բովանդակային ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ձևավորել բաց համագործակցության հարթակ՝ միավորելով բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտների շահառուներին, պետական մարմիններին և այլ գործընկեր կազմակերպություններին։

Գավառի պետական համալսարանը, ի թիվս այլ հայաստանյան բուհերի և հասարակական կազմակերպությունների, համաժողովի «Նեթվորքինգ» հատվածում ներկայացավ համապատասխան տեղեկատվական նյութերով։ ԳՊՀ-ից համաժողովին մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան