Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP 17) հյուրընկալ երկիր է։ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի համաժողովին ընդառաջ ս․ թ․սեպտեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի (ԿՀԲԿ) հիմնադրման արարողությունը։ Բուհերի ղեկավարները ստորագրեցին ԿՀԲԿ-ն պաշտոնապես ձևավորող Փոխըմբռնման հուշագիր։ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ստորագրեց Փոխըմբռնման հուշագիրը՝ հաստատելով բուհի անդամակցությունը Կոալիցիային: Միջոցառումը նշանավորվեց «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրի մեկնարկով, որը ԿՀԲԿ նախաձեռնություն է, իրականացվում է Երիտասարդների գլոբալ կենսաբազմազանության ցանցի հետ գործընկերությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցությամբ: Հուշագրի ստորագրման արարողությունից հետո «Կենսաբազմազանության դեսպան» դառնալու համար դիմած ավելի քան 300 ուսանող, այդ թվում՝ Գավառի պետական համալսարանի տարբեր բաժինների ուսանողներ մասնակցեցին դասընթացի և կարողությունների զարգացման վարժությունների, որպեսզի իրենց մասնակցությունն ունենան Հայաստանում կայանալիք գլոբալ համաժողովին և որպես «Կենսաբազմազանության դեսպաններ»՝ տարածեն բնապահպանական մշակույթն իրենց համայնքներում։
COP 17-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀԻՄՆԱԴՐՎԵՑ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱ