Գավառի պետական համալսարանի՝ որպես ՀՀ բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի անդամ բուհի ներկայացուցիչները՝ դասախոսները և ուսանողներն ակտիվորեն մասնակցում են ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP 17)։ Նրանք ընդգրկված են COP 17-ի՝ բուհերի համար նախատեսված «կանաչ գոտու» աշխատանքներում։ ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը, դասախոս Դավիթ Թորոսյանը և այլ համալսարանականներ իրենց մասնակցությունն են ունենում տարբեր ձևաչափերով կազմակերպվող քննարկումներում, այցելուներին ԳՊՀ տրամադրած ցուցանմուշների և Գեղարքունիքի մարզին նվիրված տաղավարի ներկայացմանը։ Լիլիթ Թոռչյանը հոկտեմբերի 21-ին «կանաչ գոտում» հանդես եկավ զեկուցմամբ՝ նվիրված կենսաբազմազանության պահպանման ծրագրերում երիտասարդների ներգրավմանը, բնապահպանական կրթությանը, շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկությունից մինչև հանրօգուտ գործողությունների ծավալմանը։
ԳՊՀ մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողներ Մետաքսյա Բարսեղյանը, Աիդա Կարապետյանը, Անժելա Ավետիսյանը, Օլյա Սարգսյանը, Լիլիթ Ղարիբյանը, Դիանա Սոսեյանը, Սեդա Աղեկյանը, Լիլյա Գափոյանը, Նելլի Գրիգորյանը, Սիլվի Սարգսյանը և այլոք՝ որպես «կենսաբազմազանության դեսպաններ»մասնակցեցին COP 17-ի բազմաբնույթ ձեռնարկներին, համաժողովի շրջանակում կազմակերպված դասընթացին։ ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետում կայացած սեմինարին քննարկման առարկա դարձան Գեղարքունիքի տարածաշրջանի բնապահպանական հիմնախնդիրները, էկոլոգիական հավասարակշռության ապահովման հարցերը։