Գավառի պետական համալսարանի դասախոսների համար անցկացվեց վերապատրաստման դասընթաց՝ նվիրված կանանց և տղամարդկանց իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային իրավական հիմքերին ու կառուցակարգերին, բարձրագույն ուսումնական հաստատությունում գենդերային հավասարության ապահովման հարցերին: Դասընթացը վարեցին ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը և իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը, ովքեր անդրադարձան ՀՀ Սահմանադրության, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթներին, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, ՄԱԿ-ի՝ «Զարգացման իրավունքի մասին հռչակագրի» սկզբունքներին և խնդրո առարկային վերաբերող այլ ակտերի։ Անդրադարձ կատարվեց գենդերազգայուն մանկավարժության մեթոդներին ու առանձնահատկություններին։ Քննարկվեցին ուսանողների համար հավասար կրթական հնարավորությունների ապահովման, յուրաքանչյուր սովորողի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դրսևորման, ուսումնառության գործընթացին բոլորի մասնակցության խրախուսման, ինչպես նաև գենդերային կարծրատիպերի հաղթահարմանն առնչվող հարցեր։ Կարևորվեց ուսումնական հաստատությունների դերը գենդերային խտրականության կանխարգելման և հոգեբանորեն ապահով, ներառական կրթական միջավայրի ձևավորման գործում։ Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության հիմունքների, օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքում մասնակիցներն ընդգծեցին, որ հասարակության և պետության զարգացումը հնարավոր է միայն ներդաշնակ սոցիալական համակարգում, որտեղ լիարժեք բացահայտվում և իրացվում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց ներուժը։
ԳՊՀ-ում վերապատրաստման դասընթացները շարունակական բնույթ են կրում։
ԳՊՀ–ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻՆ