Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ ուսանողների ինքնուրույն հետազոտական աշխատանքների շրջանակում իրականացված՝ «Աշակերտների մաթեմատիկական գրագիտության զարգացումը Բլումի տաքսոնոմիայի և PISA-ի մեթոդաբանության կիրառմամբ. տեսական ուսումնասիրությունից մինչև դպրոցական փորձարկում» թեմայով խմբային նախագծային աշխատանքի առաջին մասի պաշտպանությունը։ Նախագծային աշխատանքը կատարել էին Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Զաբելա Ավետիսյանը, Ամալյա Խոստեղյանը և Աննա Վարդանյանը։ Նախագծային աշխատանքի ղեկավարն է ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյանը։ Աշխատանքի շրջանակում ուսանողներն ուսումնասիրել են Բլումի տաքսոնոմիայի ճանաչողական մակարդակները, PISA-ի մաթեմատիկական գրագիտության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանական առանձնահատկությունները, ինչպես նաև մշակել էին համապատասխան ուսումնական առաջադրանքներ՝ ուղղված սովորողների վերլուծական, քննադատական և կիրառական մտածողության զարգացմանը՝ կոտորակներ թեեմայի ուսումնասիրման համար, նախագծել էին PISA-ի ստուգատեսի մեթոդաբանությանը համապատասխանող իրավիճակային առաջադրանքներ։
Նախագծի 2-րդ փուլում կիրականացվի մշակված մեթոդական նյութերի փորձարկումը դպրոցական միջավայրում։ Այս փուլը հնարավորություն կտա գնահատելու առաջադրանքների գործնական կիրառելիությունը, ուսումնասիրելու սովորողների կողմից դրանց կատարման առանձնահատկությունները և ստացված արդյունքների հիման վրա կատարելագործելու առաջարկվող մեթոդական մոտեցումները։ Նախագծի պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրին կատարված հետազոտության հիմնական արդյունքները, հիմնավորեցին ընտրված մեթոդաբանական մոտեցումները և պատասխանեցին նախագիծը գնահատող հանձնաժողովի անդամների հարցերին։ Քննարկմանը մասնակցում էին նաև այն դպրոցների մանկավարժները, որոնց հետ նախատեսվում է համագործակցել նախագծի գործնական իրականացման փուլում՝ ուսանողների մանկավարժական պրակտիկայի ընթացքում։ Մասնակցում էին նաև Գավառի թիվ 3, Նորատուսի թիվ 1, Արծվաքարի և այլ հիմնական դպրոցների դասվարներ, ԳՊՀ շրջանավարտներ։ Նրանց դիտարկումներն ու մասնագիտական առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն մշակված նյութերի արդյունավետության գնահատման և հետագա կատարելագործման տեսանկյունից։
Նախագծային աշխատանքի իրականացումը նպաստում է ուսանողների հետազոտական, մեթոդական և համագործակցային կարողությունների զարգացմանը, տեսական գիտելիքների գործնական կիրառմանը, ինչպես նաև համալսարան–դպրոց համագործակցության ամրապնդմանը։
Քննարկումը կարևոր էր նաև կրթական գործընթացում հետազոտահեն և կիրառական ուսուցման մոտեցումների զարգացման տեսանկյունից՝ միավորելով համալսարանական գիտելիքը և մանկավարժական հմտությունները, դպրոցներում սովորողակենտրոն կրթության կազմակերպման փորձը։
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ