Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին 2025 թվականի հոբելյանական՝ 5-րդ «CaseKey» բիզնես խնդիրների լուծման մրցույթի բացման պաշտոնական միջոցառմանը, որը տեղի ունեցավ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։
Մրցույթի բացման արարողությանը մասնակցեցին «Տնտեսագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանը, «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնի 1-ին կուրսի ուսանողներ Անահիտ Ասատրյանը, Օֆելյա Մանուկյանը, «Տնտեսագիտություն» բաժնի 1-ին կուրսի ուսանողներ Օլյա Ավետիսյանը և Նարեկ Վարդանյանը, «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնի 1-ին կուրսի ուսանող Վիկտոր Թաթարյանը, «Սերվիս» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհիներ Մելինե Քոչոյանը և Սառա Յազերյանը, «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 1-ին կուրսի ուսանող Ժորա Հովհաննիսյանը։ ԳՊՀ թիմի մարզիչներն են ԳՊՀ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Սամվել Մանուկյանը և ԳՊՀ շրջանավարտ, Գավառի գյուղատնտեսական քոլեջի դասախոս Վարդան Գարեյանը։ Մասնակիցներին ուղեկցում էր ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը։
«CaseKey» մրցույթը կազմակերպվում է ՀՀ կենտրոնական բանկի, Բիբլոս բանկի, Ամարյան հիմնադրամի և Arca ազգային վճարային համակարգի հովանավորությամբ և միտված է խթանելու ուսանողների վերլուծական մտածողությունը, գործնական գիտելիքների կիրառումը և նորարարական մոտեցումների մշակումը իրական բիզնես խնդիրների լուծման գործընթացում։ Մրցույթը ներառում է կրթական փուլ՝ CaseKey Academy, որի ընթացքում մասնակիցները ստանում են նոր հմտություններ բիզնես վերլուծության, ռազմավարության և թիմային աշխատանքի ոլորտներում։
Մասնակցելով ծրագրի մեկնարկային միջոցառմանը՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու մրցույթի ձևաչափին, ծրագրային բաղադրիչներին և առաջիկա ամիսների ընթացքում իրենց սպասող փուլերին։
ԳՊՀ-ն արդեն մի քանի տարի շարունակ ակտիվ մասնակցություն է ունենում այս նախաձեռնությանը, և մենք լիահույս ենք, որ այս տարի ևս մեր ուսանողները իրենց ներուժով և նախաձեռնողականությամբ լավագույնս կներկայացնեն համալսարանը։
Սպասում ենք մրցույթի անցկացմանը և մաղթում հաջողություն բոլոր թիմերին։