Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովի 4-րդ բաժանմունքում քննարկվեցին տնտեսագիտության տարբեր ոլորտներին նվիրված զեկուցումներ։ «Կայուն զարգացման կրթական ծրագրերի ներդրման նշանակությունը տարածքային կայուն զարգացման տեսանկյունից» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ԳՊՀ հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հակոբ Ղուլոյանը։
Մրցակցային ռազմավարության վերլուծության փուլերի ու գործիքների վերաբերյալ էր ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վալերի Առաքելյանի զեկուցումը։ Գիտական զեկուցման համահեղինակն է տնտեսագիտության թեկնածու, հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Սևակ Մարկոսյանը։
Վալերի Առաքելյանը հանդես եկավ նաև «Արտադրանքի մրցունակության մշակման ռազմավարությունը կազմակերպություններում» թեմայով զեկուցմամբ։
Հայ-ռուսական համալսարանի ավագ դասախոս Իվետա Ստեփանյանը ներկայացրեց ուսումնասիրություն՝ «Մարդկային կապիտալի զարգացումը և աշխատանքային խթանների դերը բարձրագույն կրթության համակարգում» թեմայով։
Բաժանմունքի աշխատանքներն ուղեկցվեցին բովանդակալից և արդյունավետ քննարկումներով, ներկայացվեցին տեսական և գործնական նշանակություն ունեցող առաջարկություններ։