ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում:
ԳՊՀ-ում կայացավ հերթական հաշվետու հանդիպումը եվրոպական բուհերից վերադարձած համալսարանականների հետ։
Հանդիպման սկզբում բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերը։
Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, դոենտ Մարե Խաչատրյանը ներկայացրեց Պորտուգալիայի Հանրապետության Էվորայի համալսարանում, իսկ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը՝ Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում կատարած իր դասախոսական աշխատանքի արդյունքները։
Բովանդակալից և հետաքրքիր հաշվետվություններով հանդես եկան նաև «Տնտեսագիտություն» բաժնի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլիզա Տոնոյանը, ով ուսանել է Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Գասպարյանը, ով սովորել է Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում։
Հաշվետու հանդիպմանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ՝ Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջեից, աշակերտներ և ուսուցիչներ՝ Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցներից։
Աշակերտները հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, լսեցին օգտակար խորհուրդներ կրթության կարևորության և մասնագիտական ճիշտ կողմնորոշման մասին, եղան բուհի կառուցվածքային ստորաբաժանումներում։

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորելու Իսպանիայի Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում՝ հետևյալ մասնագիտություններով․ ‹‹Ֆինանսներ››, ‹‹Տնտեսագիտություն››, ‹‹Անգլերեն լեզու և գրականություն››:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագիրը նախապատվություն է տալիս նաև սոցիալապես անապահով, հաշմանդամություն, փախստականի կարգավիճակ ունեցող ուսանողներին, ովքեր ստանալու են նախատեսվածից ավելի բարձր կրթաթոշակ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2025թ․ ապրիլի 30-ը։
Փաստաթղթերը /անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք, «հետաքրքրության» նամակ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին՝ iro@gsu.am էլեկտրոնային փոստի հասցեով։
Հարգելի՛ ուսանողներ, օգտվեք միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի ընձեռած հնարավորությունից։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան