ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի հեռակա բաժինների սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2024թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն 2024թ. հունիսի 5-ին և կավարտվեն 2024թ. հունիսի 30-ին։ Դասերը կանցկացվեն առկա ձևաչափով:

«Իրավագիտություն», «Մանկավարժություն և մեթոդիկա» /տարրական կրթության/, «Պատմություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», բաժինների ուսանողների դասերը կկայանան Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մասնաշենքում, իսկ «Հաշվապահական հաշվառում և հարկում» /ըստ ոլորտի/, «Համակարգչային ճարտարագիտություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սերվիս», «Դեղագործական քիմիա», «Բնապահպանություն» բաժինների ուսանողների դասերը կկայանան կենտրոնական մասնաշենքում։

Ուսման վարձը սահմանված կարգով վճարելը և դասերին մասնակցելը պարտադիր է։

Հիմքերի առկայության դեպքում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, բուհի կողմից զեղչ ստանալու մասին դիմումներն ու համապատասխան փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 29-ից հունիսի 12-ը։
Այն ուսանողներին, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել, խնդրում ենք ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել ռեկտորատ՝ տարկետում ձևակերպելու նպատակով։

Բոլոր հարցերով կարող եք դիմել ԳՊՀ ֆակուլտետների դեկանատներ, ամբիոններ և ռեկտորատ։

 

 

 

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն:

Ընդունելությունն անցկացվում է 2 փուլով: 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը, որին կարող են մասնակցել միայն Գավառի պետական համալսարանի բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները: Իսկ 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է բաց մրցույթով մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը:

Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝

  1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
  2. Կենսաբանություն
  3. Աշխարհագրություն
  4. Պատմություն
  5. Հայոց լեզու և գրականություն
  6. Ռուսաց լեզու և գրականություն
  7. Անգլերեն լեզու և գրականություն
  8. Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/
  9. Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
  10. Տնտեսագիտություն
  11. Իրավագիտություն
  12. Համակարգչային ճարտարագիտություն
  13. Բնապահպանություն և բնօգտագործում

Դիմորդները դիմում-հայտի հետ ներկայացնում են`

  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնօրինակն ու պատճենը,
  • երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագրեր չեն ներկայացնում),
  • 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • ինքնակենսագրություն,
  • անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
  • զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն

(առկայության դեպքում),

  • հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից oգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում՝ հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, եթե հավակնորդը I կամ II խմբի հաշմանդամ է, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր),
  • ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիր:

Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է: Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:

Ընդունող հանձնաժողով

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆԻՆ՝ ‹‹ԻՐԱՆԱՊԱՏՈՒՄ›› ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄԻ ԿԱՄ ԻՐԱՆՈՒՄ 9 ՀՐԱՇԱԼԻ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ

2024 թվականին ‹‹Նուռ›› հրատարակչության կողմից լույս է ընծայվել ‹‹Գեղամա աշխարհ›› թերթի խմբագրապետ, հրապարակախոս, արձակագիր ու բանաստեղծ Խոսրով Ռազմիկի Խլղաթյանի հեղինակած ‹‹Իրանապատում›› գիրքը, որը սոսկ հուշապատում կամ Իրանում հեղինակի անցկացրած 9 հրաշալի օրերի նկարագրությունը չէ, այլ շատ ավելին։ Գիրքը ծայրից ծայր թաթախված է սիրով առ մշակույթ, պատմություն, բնություն, աշխարհ, կյանք ու հայրենիք։ Այո՛, հայրենիք, քանզի հուշապատումը որքան էլ իրանական հիշարժան օրերի մասին է, սակայն առլեցուն է հայ ժողովրդի հազարամյակների պատմության անջնջելի վկայությունների հիշատակմամբ, Հայոց պետության ու թագավորների մասին պարսից արքաների թողած արձանագրությունների վկայակոչմամբ։
Գիրքն ընթերցում ես մեկ շնչով և, էջից էջ անցնելով, հուզվում ես՝ շոշափելիորեն զգալով և տեսնելով Իրանում հայի թողած քաղաքակրթական հետքը, կառուցած եկեղեցին և դպրոցը, տարածած բարձր մշակույթը։ Հեղինակի հետ ճամփորդում ես Պարսկահայքում՝ հայտնվելով հայազգի Խոջա Նազարի քարավանատանը՝ այն երևելի իրանահայի, ով Շահ Աբասի վստահելի ու պատվելի մարդկանցից էր և կարևոր դերակատարություն է ունեցել Իրանի առևտրատնտեսական ոլորտի զարգացման գործում։ Հեղինակի հմուտ ուղեկցությամբ և ընկերակցությամբ ասես աղոթում ենք Ջուղայի Սուրբ Հովվի վանքում, Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքում, ապա Սուրբ Թադեի և Ծործորի վանքերում, օծվում մայր Արաքսի ջրերով, հայտնվում Ավարայրի դաշտում, ապա լինում Յազդի հեթանոսական տաճարում, գնում ‹‹մահվան հովտից դեպի կյանքի պարտեզ››, մտնում Շիրազի հայտնի դարպասներից ներս, հիանում Շիրազի վարդերով և Նարնջի այգու պալատով, ունկնդիր լինում պարսից բանաստեղծ Հաֆեզի խորը կենսափիլիսոփայությամբ շաղախված տողերին, ականատես վկա դառնում Լենկթեմուրի և Հաֆեզի երկխոսությանը և լցվում այն հավատով, որ արվեստի ոգեղեն ուժը զորեղ է բռնակալի բիրտ ուժից։
Շիրազից շարժվում ենք դեպի Պերսեպոլիս՝ Աքեմենյան Պարսկաստանի հնագույն մայրաքաղաք, հեղինակի բնութագրմամբ՝ ‹‹աշխարհակալ տերության հզորության ու փառքի հուշարձան›› (էջեր 62-79)։ Աննկարագրելի ճամփորդություն ենք ունենում Սպահանում՝ Իրանի Հայաստանում կամ Նոր Ջուղայում, հանդիպում Շահ Աբասի կողմից տեղահանված և Պարսկաստան գաղթած հայերի սերունդներին, ովքեր հայրենիքի նկատմամբ կարոտն ու սերը սրտում անթեղած՝ ողջունում և հյուրասիրում են հայրենակիցներին, հասնում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանք և փրկագործման խնդրանքով դիմում Բարձրյալին։
Հեղինակը Դանիել Վարուժանի ‹‹Արևելյան բաղանիք›› բանաստեղծության նուրբ ու քնքուշ տողերով ներկայացնում է Սպահանի՝ թանգարանի վերածված բաղանիքը, ապա նկարագրում ճոճվող աշտարակը, Շահ Աբասի ժամանակներից մեր օրեր հասած մյուս կոթողները։ Կարդում ենք Բեհիսթունի ժայռի վրա Դարեհ թագավորի արձանագրությունը՝ Հայաստանի ու Հայոց թագավորության մասին գրված՝ հին պարսկերենով որպես ‹‹Արմինա››, բաբելոներենով՝ ‹‹Ուրարտու (Ուրաշտու)›› և էլամերենով՝ ‹‹Հարմինուեա›› ձևերով, և հայ ժողովրդի ապստամբության ու ազատագրական պայքարի մասին քարեղեն հիշատակությամբ (էջեր 126-131)։ Համադանում գլուխ ենք խոնարհում միջնադարի ականավոր գիտնական ու բժշկապետ Իբն Սինայի (Ավիցեննայի) դամբարանի առջև, հեղինակի ուղեկցությամբ հասնում աշխարհի ամենամեծ ջրային քարանձավը, հայտնվում Ալիսադրի ստորգետնյա հեքիաթային իրականության մեջ, ապա դուրս գալիս լույս աշխարհ այն վստահությամբ, որ աշխարհում ի վերջո կհաղթանակեն բարին ու լուսավորը, կթագավորեն սերն ու սիրո արարչագործ ուժը։

Ի  ԳԻՏՈՒԹՅՈՒՆ  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ  ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ. ԿԱՐՈՂ ԵՔ  ՊԵՏԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԴԻՄԵԼ  ԳՊՀ

Բարձրագույն կրթություն չունեցող հարգելի՛ մանկավարժներ,

տեղեկացնում ենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5- րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն

կրթություն չունեցող մանկավարժները բակալավրի կրթական աստիճանով մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է դիմեն մանկավարժական որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ թվում՝ կարող եք դիմել Գավառի պետական համալսարան, համապատասխան կուրսում ուսումնառելու կամ շարունակելու ուսումնառությունը՝ այն ընդհատված լինելու դեպքում։

ԳՊՀ ընդունող հանձնաժողովին դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետն է 2024 թվականի մայիսի 23-ից մինչև հուլիսի 23-ը:

Պահանջվող փաստաթղթերն են՝

1) դիմում` ուղղված համալսարանի ռեկտորին.

2)միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի (առկայության դեպքում) պատճենները.

3) երկու լուսանկար (3×4 չափսի).

4) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ).

5) հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման պահանջների համաձայն՝ բարձրագույն կրթություն ստանալու համար ծրագրի

շահառուի ուսման վարձն առաջին կիսամյակում կփոխհատուցվի պետության կողմից՝ այդ նպատակով բուհին համապատասխան դիմում

ներկայացնելու դեպքում: Հետագա կիսամյակների ուսման վարձի փոխհատուցումը պետության կողմից կդադարեցվի, եթե շահառուն չապահովի  միջին որակական գնահատականի (ՄՈԳ)

առնվազն 60%-ը  կամ ընդհատի ուսումնառությունը։

 

Աղբյուրը՝ ՀՀ ԿԳՄՍՆ կայք․ https://escs.am/am/news/22433

 

ԳՊՀ-Ի ԵՎ ԱԿՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսիկ Ավագյանին, փոխտնօրեն Աննա Յավրյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Ասոյանին և աշակերտներին։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Ակունքի դպրոցի տնօրեն Լուսիկ Ավագյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։ Այնուհետև  աշակերտները համալսարանականներին ներկայացրին «Սիրո ճանապարհ» խորագիրը կրող հուզիչ և բովանդակալից ցերեկույթ, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Ասոյանը՝ դպրոցի 9-ից 12-րդ դասարանների ստեղծագործող աշակերտների մասնակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հադես եկավ տիկին Իրինա Ասոյանը, ով կարևորեց սովորողների սոցիալ-մշակութային կրթությունն ու դաստիարակությունը, գեղագիտական բարձր ճաշակի ձևավորումը և նշեց, որ 2024 թվականը հոբելյանական է՝  Թումանյանական է, Սահյանական է, Սևակյան է, ուստի ծրագիրն ընդգրկում է նրանց քնարական ստեղծագործություններից։ Հայ գրականության մեջ սիրո թեման ավելի ամբողջական ներկայացնելու նպատակով աշակերտները անդրադարձան թեմայի սկզբնաղբյուրին՝ հայ ժողովրդական բանահյուսությանը։

Միջոցառումն ուղեկցեց աշակերտների հեղինակային ստեղծագործությունների, ինչպես նաև երաժշտական ու պարային գեղեցիկ կատարումներով։

Աշակերտները շեշտեցին, որ սիրո բարձրագույն դրսևորումը հայրենիքի հադեպ տածած սերն է, ուստի միջոցառումն ավարտեցին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ։

Դպրոցականները համալսարանին նվիրեցին ««Խորակումբ»-ից ներս» ժողովածուն, որտեղ ընդգրկված են համանուն գրական ակումբի 16 պատանի անդամների ստեղծագործությունները՝ սիրո, հայրենիքի ու կյանքի մասին։

Ցերեկույթից հետո աշակերտներն այցելեցին բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան։

 

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Գավառի պետական համալսարանի «Սերվիս» բաժնի ուսանողները՝ բուհի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանի ուղեկցությամբ իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին ՀՀ Լոռու մարզում։
Պրոֆեսոր Ավագյանը ճանապարհի ընթացքում ներկայացրեց Գեղարքունիքի և Լոռվա մարզերի տեսարժան վայրերը, խոսեց դրանց առանձնահատկությունների, պատմության և նշանակության մասին։
Ուսանողները շրջեցին Սանահին և Հաղպատ վանական համալիրներում, ուսումնասիրեցին ճարտարապետական առանձնահատկությունները, քննարկեցին վանական համալիրների շուրջ ձևավորված հետաքրքիր ավանդապատումները։
Ուսանողները այցելեցին նաև Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։
ԳՊՀ ուսանողները պրակտիկայի ընթացքում համալրում են իրենց մասնագիտական գիտելիքները և զարգացնում գործնական կարողությունները։

ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝  «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ-2024»-Ի ԱԿՏԻՎ  ՄԱՍՆԱԿԻՑ

Գավառի պետական համալսարանի ուսանողները հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանի և արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանի ուղեկցությամբ մասնակցեցին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի կազմակերպած «Ուսանողական գարուն-2024» ամենամյա մրցույթ-փառատոնին։

ԳՊՀ ուսանողները հանդես եկան հետևյալ անվանակարգերում․

Ասմունք՝

  1. Լիաննա Օհանյան՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, Լ ՕՀանյանի հեղինակային ստեղծագործություն` «Ես չեմ փոխվել»,
  2. Լիլիթ Սեյրանյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի,Վազգեն Օվյան`«Նկարի՛չ, Արցա՛խ նկարիր»,
  3. Լուսինե Ադամյան՝ «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,Գևորգ Էմին`«Սասունցիների պարը»,
  4. Ինգա «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի, Եղիշե Չարենց` «Հեռացումի խոսքեր»,

Մոնոներկայացում՝ «Անգին տատը», դերակատար՝ Լիլիթ Սեյրանյան, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի,

 Ներկայացում՝ «Կիսաճանապարհին», դերակատարներ՝

  1. գլխավոր դերում՝ Անի Մանուկյան, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
  2. Էդգար Գրեյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող,
  3. Անահիտ Պողոսյան՝ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի,
  4. Անահիտ Վարդանյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի,
  5. Մերի Կիրակոսյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
  6. Թագուհի Թադևոսյան՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի,
  7. Լիաննա Դեղոյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
  8. Մերի Շահրիկյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
  9. Լաուրա Մանուկյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհակալություն է հայտնում բուհի աշխատակիցներ Քանաքարա Հայրապետյանին, Ռուզաննա Սարգսյանին, Նունե Միրիբյանին՝ ուսանողներին աջակցելու  համար և շնորհավորում ԳՊՀ ուսանողներին՝ Վանաձորի պետական համալսարանի կողմից «Ուսանողական գարուն-2024» փառատոնի գավաթին արժանանալու համար։

 

 

 

 

ԱՅՍՕՐ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ԵՎ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ  ՕՐՆ Է

Մայիսի 16–ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի բոլոր ուսանողներին՝ տոնի կապակցությամբ, մաղթում հետաքրքիր և բովանդակալից ուսանողական կյանք, բարձր առաջադիմություն, մասնագիտական կայացում և առաջընթաց։

Գավառի պետական համալսարանի ուսանողները դասերից բացի, մասնակցում են տարբեր միջոցառումների, գիտաժողովների, պրակտիկաների, էքսկուրսիաների,  սեմիանար-քննարկումների և ավելի հետաքրքիր դարձնում իրենց ուսանողական առօրյան։ Վերջերս ԳՊՀ ուսանողները մասնակցեցին Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպված «Ունիվերսիադա» միջբուհական մրցույթին։

«Ի՞նց, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ մրցույթին մասնակցեցին Անահիտ Պողոսյանը, Թագուհի Թադևոսյանը, Անի Չանդոյանը, Ակսաննա Ավագյանը, Լիլիթ Սեյրանյանը և Լիլիթ Մարտիրոսյանը, իսկ «Հրաձգության» մրցույթին մասնակցեցին Գուրգեն Գրիգորյանը, Նարե Բաբայանը, Մարիա Գևորգյանը, Միքայել Մամիկոնյանը։

ԳՊՀ ուսանողներ Անահիտ Պողոսյանը, Լիլիթ Սեյրանյանը, Լարիսա Բադալյանը, Արմինե Սեյրանյանը, Թագուհի Թադևոսյանը մասնակցեցին նաև Երևանի պետական համալսարանի բանավեճի ակումբի կողմից կազմակերպված «Արհեստական բանականության զարգացումը սպառնալիք է» թեմայով բանավեճին՝ ակտիվորեն և հիմնավոր փաստարկներով պաշտպանելով իրենց դիրքորոշումը։

ԳՊՀ ուսանողներին մաղթում ենք հետագա հաջողություններ։

ԼՈՒՅՍ  Է  ԸՆԾԱՅՎԵԼ  ԳՊՀ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏ  ԱՐՏՈՒՇ  ԲՈՇՅԱՆԻ՝ «ԱՆՎԱՐԱԳՈՒՅՐ  ԹԱՏՐՈՆ»  ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի շրջանավարտ Արտուշ Բոշյանին` բանաստեղծությունների ժողովածուի լույսընծայման առթիվ։ «Անվարագույր թատրոն» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի երկրորդ գիրքն է, որի տպագրությանն աջակցել է Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ գրքի հրատարակչական աշխատանքներն իրականացվել են «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանի և գրականագետ, Հայաստանի գրողների միության երիտասարդական բաժանմունքի նախագահ  Արքմենիկ Նիկողոսյանի գործուն աջակցությամբ։

Հեղինակի ստեղծագործությունների առանցքում են սերը, հայրենիքը, ներանձնային խոհերը, բնություն-մարդ փոխհարաբերությունները։

Երիտասարդ ստեղծագործողը աշխարհի, կյանքի, առօրյա հույզերի ու հոգսերի մասին իր մտորումները ներկայացրել է առանց շղարշների ու սահմանափակող կաղապարների, բաց վարագույների ներքո՝ փորձելով ընթերցող-հանդիսատեսին ոչ միայն հաղորդ դարձնել իր ներաշխարհին, անկեղծ սիրուն ու նվիրումին, այլև հայրենասիրությանը և հայրենապաշտությանը։

Արտուշ Բոշյանին մաղթում ենք անձնական և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

 

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Գավառի պետական համալսարանում կազմակերպվեց իրազեկման միջոցառում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում հայտնաբերված «Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ» պոպուլյացիայի վերաբերյալ։  Պոպուլյացիան մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքներից պաշտպանելու և դրանց մասին բնակչության շրջանում տեղեկացվածության աստիճանի բարձրացման նպատակով Գավառ համայնքում կազմակերպվում են իրազեկման արշավներ։ Իրազեկման առաջին հանդիպմանը  մասնակցեցին Գավառի պետական համալսարանի տարբեր բաժինների սովորողներ։ Ուսանողներին ներկայացվեցին մողեսի առանձնահատկությունները, տարածման արեալները, բնադրավայրերը, ինչպես նաև պոպուլյացիային սպառնող վտանգները։ Տեղեկատվական հանդիպման մասնակիցների համար  կազմակերպվելու է արշավ, որի ընթացքում նրանք անցնելու են մողեսի բնադրավայրերի տարածքով, կատարելու են հետազոտություն բնության գրկում։ Արշավի մասնակիցներն իրենց տպավորություններով ու գիտելիքներով կկիսվեն ընկերների շրջանում, ինչը կնպաստի տեղեկատվության տարածմանը և մողեսի այս տեսակի պահպանմանն ու պոպուլյացիայի վերականգնմանը։

ԳՊՀ-ում ուսանողների բնապահպանական կրթությանը նվիրված միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան