ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Գավառի պետական համալսարանի «Սերվիս» բաժնի ուսանողները՝ բուհի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանի ուղեկցությամբ իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին ՀՀ Լոռու մարզում։
Պրոֆեսոր Ավագյանը ճանապարհի ընթացքում ներկայացրեց Գեղարքունիքի և Լոռվա մարզերի տեսարժան վայրերը, խոսեց դրանց առանձնահատկությունների, պատմության և նշանակության մասին։
Ուսանողները շրջեցին Սանահին և Հաղպատ վանական համալիրներում, ուսումնասիրեցին ճարտարապետական առանձնահատկությունները, քննարկեցին վանական համալիրների շուրջ ձևավորված հետաքրքիր ավանդապատումները։
Ուսանողները այցելեցին նաև Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։
ԳՊՀ ուսանողները պրակտիկայի ընթացքում համալրում են իրենց մասնագիտական գիտելիքները և զարգացնում գործնական կարողությունները։

ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝  «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ-2024»-Ի ԱԿՏԻՎ  ՄԱՍՆԱԿԻՑ

Գավառի պետական համալսարանի ուսանողները հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանի և արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանի ուղեկցությամբ մասնակցեցին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի կազմակերպած «Ուսանողական գարուն-2024» ամենամյա մրցույթ-փառատոնին։

ԳՊՀ ուսանողները հանդես եկան հետևյալ անվանակարգերում․

Ասմունք՝

  1. Լիաննա Օհանյան՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, Լ ՕՀանյանի հեղինակային ստեղծագործություն` «Ես չեմ փոխվել»,
  2. Լիլիթ Սեյրանյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի,Վազգեն Օվյան`«Նկարի՛չ, Արցա՛խ նկարիր»,
  3. Լուսինե Ադամյան՝ «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,Գևորգ Էմին`«Սասունցիների պարը»,
  4. Ինգա «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի, Եղիշե Չարենց` «Հեռացումի խոսքեր»,

Մոնոներկայացում՝ «Անգին տատը», դերակատար՝ Լիլիթ Սեյրանյան, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի,

 Ներկայացում՝ «Կիսաճանապարհին», դերակատարներ՝

  1. գլխավոր դերում՝ Անի Մանուկյան, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
  2. Էդգար Գրեյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող,
  3. Անահիտ Պողոսյան՝ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի,
  4. Անահիտ Վարդանյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի,
  5. Մերի Կիրակոսյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
  6. Թագուհի Թադևոսյան՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի,
  7. Լիաննա Դեղոյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
  8. Մերի Շահրիկյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
  9. Լաուրա Մանուկյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհակալություն է հայտնում բուհի աշխատակիցներ Քանաքարա Հայրապետյանին, Ռուզաննա Սարգսյանին, Նունե Միրիբյանին՝ ուսանողներին աջակցելու  համար և շնորհավորում ԳՊՀ ուսանողներին՝ Վանաձորի պետական համալսարանի կողմից «Ուսանողական գարուն-2024» փառատոնի գավաթին արժանանալու համար։

 

 

 

 

ԱՅՍՕՐ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ԵՎ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ  ՕՐՆ Է

Մայիսի 16–ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի բոլոր ուսանողներին՝ տոնի կապակցությամբ, մաղթում հետաքրքիր և բովանդակալից ուսանողական կյանք, բարձր առաջադիմություն, մասնագիտական կայացում և առաջընթաց։

Գավառի պետական համալսարանի ուսանողները դասերից բացի, մասնակցում են տարբեր միջոցառումների, գիտաժողովների, պրակտիկաների, էքսկուրսիաների,  սեմիանար-քննարկումների և ավելի հետաքրքիր դարձնում իրենց ուսանողական առօրյան։ Վերջերս ԳՊՀ ուսանողները մասնակցեցին Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպված «Ունիվերսիադա» միջբուհական մրցույթին։

«Ի՞նց, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ մրցույթին մասնակցեցին Անահիտ Պողոսյանը, Թագուհի Թադևոսյանը, Անի Չանդոյանը, Ակսաննա Ավագյանը, Լիլիթ Սեյրանյանը և Լիլիթ Մարտիրոսյանը, իսկ «Հրաձգության» մրցույթին մասնակցեցին Գուրգեն Գրիգորյանը, Նարե Բաբայանը, Մարիա Գևորգյանը, Միքայել Մամիկոնյանը։

ԳՊՀ ուսանողներ Անահիտ Պողոսյանը, Լիլիթ Սեյրանյանը, Լարիսա Բադալյանը, Արմինե Սեյրանյանը, Թագուհի Թադևոսյանը մասնակցեցին նաև Երևանի պետական համալսարանի բանավեճի ակումբի կողմից կազմակերպված «Արհեստական բանականության զարգացումը սպառնալիք է» թեմայով բանավեճին՝ ակտիվորեն և հիմնավոր փաստարկներով պաշտպանելով իրենց դիրքորոշումը։

ԳՊՀ ուսանողներին մաղթում ենք հետագա հաջողություններ։

ԼՈՒՅՍ  Է  ԸՆԾԱՅՎԵԼ  ԳՊՀ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏ  ԱՐՏՈՒՇ  ԲՈՇՅԱՆԻ՝ «ԱՆՎԱՐԱԳՈՒՅՐ  ԹԱՏՐՈՆ»  ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի շրջանավարտ Արտուշ Բոշյանին` բանաստեղծությունների ժողովածուի լույսընծայման առթիվ։ «Անվարագույր թատրոն» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի երկրորդ գիրքն է, որի տպագրությանն աջակցել է Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ գրքի հրատարակչական աշխատանքներն իրականացվել են «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանի և գրականագետ, Հայաստանի գրողների միության երիտասարդական բաժանմունքի նախագահ  Արքմենիկ Նիկողոսյանի գործուն աջակցությամբ։

Հեղինակի ստեղծագործությունների առանցքում են սերը, հայրենիքը, ներանձնային խոհերը, բնություն-մարդ փոխհարաբերությունները։

Երիտասարդ ստեղծագործողը աշխարհի, կյանքի, առօրյա հույզերի ու հոգսերի մասին իր մտորումները ներկայացրել է առանց շղարշների ու սահմանափակող կաղապարների, բաց վարագույների ներքո՝ փորձելով ընթերցող-հանդիսատեսին ոչ միայն հաղորդ դարձնել իր ներաշխարհին, անկեղծ սիրուն ու նվիրումին, այլև հայրենասիրությանը և հայրենապաշտությանը։

Արտուշ Բոշյանին մաղթում ենք անձնական և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

 

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Գավառի պետական համալսարանում կազմակերպվեց իրազեկման միջոցառում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում հայտնաբերված «Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ» պոպուլյացիայի վերաբերյալ։  Պոպուլյացիան մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքներից պաշտպանելու և դրանց մասին բնակչության շրջանում տեղեկացվածության աստիճանի բարձրացման նպատակով Գավառ համայնքում կազմակերպվում են իրազեկման արշավներ։ Իրազեկման առաջին հանդիպմանը  մասնակցեցին Գավառի պետական համալսարանի տարբեր բաժինների սովորողներ։ Ուսանողներին ներկայացվեցին մողեսի առանձնահատկությունները, տարածման արեալները, բնադրավայրերը, ինչպես նաև պոպուլյացիային սպառնող վտանգները։ Տեղեկատվական հանդիպման մասնակիցների համար  կազմակերպվելու է արշավ, որի ընթացքում նրանք անցնելու են մողեսի բնադրավայրերի տարածքով, կատարելու են հետազոտություն բնության գրկում։ Արշավի մասնակիցներն իրենց տպավորություններով ու գիտելիքներով կկիսվեն ընկերների շրջանում, ինչը կնպաստի տեղեկատվության տարածմանը և մողեսի այս տեսակի պահպանմանն ու պոպուլյացիայի վերականգնմանը։

ԳՊՀ-ում ուսանողների բնապահպանական կրթությանը նվիրված միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՄԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի շրջանավարտ Մանուշ Գուրգենի Մարգարյանին՝ «Իմ կածանը» խորագրով բանաստեղծությունների ժողովածուի լույսընծայման առթիվ։ «Իմ կածանը» հեղինակի առաջին գիրքն է։ Ստեղծագործությունների թեմատիկան տարբեր է՝ հայրենիք, բնություն, մանկություն, ընտանիք, սեր, ներանձնային և միջանձնային փոխհարաբերություններ, կենսափիլիսոփայական խնդիրներ։
Մանուշ Մարգարյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 23-ին Հայաստանի Կամոյի շրջանի Հացառատ թաղամասում։ Հայրը` Գուրգեն Մարգարյանը եղել է դուդուկահար, մայրը` Ժենյա Կարապետյանն աշխատել է Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորումում։
Մանուշ Մարգարյանը 1978-1988 թվականներին սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Կամո քաղաքի N 2 միջնակարգ դպրոցը, ընդունվել Կամոյի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումի «Դասավանդումը հանրակրթական դպրոցի տարրական դասարաններում» բաժինը: 1991 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեխնիկումը և նույն թվականին աշխատանքի անցել Գավառի N 8 միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Մինչև այժմ աշխատում է այդ դպրոցում` վայելելով գործընկերների, աշակերտների և նրանց ծնողների սերն ու հարգանքը։ 2000 թվականին դպրոցի տնօրինության գործուղմամբ ընդունվել է Գավառի պետական համալսարանի լեզվաբանական բաժինը և 2006 թվականին ավարտել՝ գերազանց առաջադիմությամբ։ Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների և սեմինարների։
Մ. Մարգարյանն ամուսնացած է, ունի երկու զավակ և մեկ թոռնիկ։
ԳՊՀ շրջանավարտին և սիրված ուսուցչին մաղթում ենք հետագա ստեղծագործական ձեռքբերումներ, անձնական և աշխատանքային հաջողություններ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը կազմակերպում է հանրապետական ուսանողական գիտաժողովի՝ նվիրված բուհի հիմնադրման 90-ամյակին։
Գիտաժողովը տեղի կունենա 2024թ. հունիսի 28-ին, ՇՊՀ-ում:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
• Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
• Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
• Գիտություններ Երկրի մասին
• Տնտեսագիտություն
• Իրավաբանական գիտություններ
• Պատմական գիտություններ
• Բանասիրական գիտություններ
• Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
• Հոգեբանական գիտություններ
• Արվեստագիտություն
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:
Գիտաժողովի անցկացման ձևը առկա է:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. հունիսի 10-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ սահմանված չափանիշների:
Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները տեղ կգտնեն գիտաժողովի նյութերի ժողովածուի մեջ:

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ դասախոսները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում դասավանդելու կամ վերապատրաստվելու Վալլադոլիդի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջ՝ հետևյալ հղմամբ․ https://erasmusplus.am/credit-mobility/ ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղմամբ․ https://uvamobplus2.uva.es/publico/apply :
Տեղեկացնում ենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը ս․ թ․ հունիսի 21-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում հանդես եկավ դասախոսություններով։ Պորտուգալական համալսարանում Ռուզաննա Սարգսյանի դասախոսական աշխատանքն իրականացավ երկու հիմնական ուղղությամբ։ Համալսարանի հումանիտար մասնագիտությունների բարձրագույն դպրոցում Ռուզաննա Սարգսյանի դասախոսությունների շարքը (6 ժամ) նվիրված էր ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսումնական պլանով նախատեսված թեմաներին (A1 և A2 մակարդակներ, հյուրընկալ դասախոս՝ պրոֆեսոր Նադեժդա Մաշադու)։ Դասախոսություններում ներառված էր նաև մշակութային և երկրագիտական բաղադրիչ․ զուգահեռներ անցկացվեցին Պորտուգալիայի, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթների միջև։

ԳՊՀ դասախոսը սեմինար անցկացրեց Մինհոյի համալսարանի պրոֆեսոր Մարիու Մատուշի դասընթացի շրջանակներում՝ «Հայաստանը որպես քաղաքակրթությունների խաչմերուկ») թեմայով, որին մասնակցեցին «Քաղաքագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Մշակութաբանություն», «Լեզվաբանություն» մասնագիտությունների ուսանողները և Մինհոյի համալսարանի դասախոսներն ու հետազոտողները։ Սեմինարը ներառված էր «Ճամփորդելու մշակույթը» սեմինարների շարքում և լայնորեն լուսաբանվեց Մինհոյի համալսարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնի կողմից։

Ինչպես նշեց տիկին Սարգսյանը, ակադեմիական փոխանակման ծրագրերին մասնակցելը կարևոր նշանակություն ունի, քանի որ նպաստում է եվրոպական լավագույն փորձի ներդրմանը Գավառի պետական համալսարանի կրթական գործընթացում, պայմաններ է ստեղծում հետագա համագործակցության համար, ինչպես նաև ԳՊՀ դասախոսներին թույլ է տալիս իրենց հաջողված մեթոդները կիրառել արտերկրի բուհերում՝ ներկայացնելով եվրոպացի գործընկերներին։

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արարատ Արսենի Հակոբյանը մասնակցել է բազկամարտի համաուսանողական առաջնությանը և 90 կգ քաշային կարգում աջ ձեռքով գրավել է առաջին տեղը, իսկ ձախ ձեռքով՝ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։
Իսկ առկա բաժնի «ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սերյոժա Արայի Բադոյանը բազկամարտի համաուսանողական առաջնության մինչև 80 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղը։
Ջերմորեն շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան