Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՀԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:

Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած  դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած,  սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:

Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի  մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:

Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին:

Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:

Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:

Աղբյուրը՝ https://dimord.am/

ԳՊՀ-ՈՒՄ  ԿԱՅԱՑԱՎ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ  ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ  ՀԱՆԴԻՍԱՎՈՐ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը Գավառի պետական համալսարանի համար նշանավորվում է յուրովի, քանզի յուրաքանչյուր տարի այս օրը ջերմ ու հաճելի մթնոլորտում դիպլոմներ են շնորհվում առկա և հեռակա բաժինների բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին:

Այսօր բարձրագույն մասնագիտական կրթության վավերագիր՝ դիպլոմ ստացավ ԳՊՀ  շրջանավարտների 27-րդ սերունդը, ով կմիանա ութ հազարից ավելի համալսարանականների բանակին, պատվով կծառայի մայր հայրենիքին ու ժողովրդին, քանզի Գավառի պետական համալսարանը ոչ միայն տալիս է մասնագիտական խորը գիտելիքներ ու կարողություններ, այլև նպաստում է ուսանողների լայն աշխարհայացքի, արժեքային ճիշտ կողմնորոշումների ու սկզբունքների  ձևավորմանը։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին, բոլոր համալսարանականներին ու հյուրերին՝ նշելով, որ բուհում կրթության ու դաստիարակության ուղենիշը եղել և մնում է ազնիվ ու առաքինի, ազգային ու համամարդկային բարձր արժեքներով օժտված մասնագետներ պատրաստելու կարևոր առաքելությունը: Ռեկտորատի անդամները շնորհավորեցին շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական կայացում և առաջընթաց, անձնական ու աշխատանքային հաջողություններ:

Ավանդույթի համաձայն տեղի ունեցավ մագիստրոսների երդման հանդիսավոր արարողություն։

ԳՊՀ շրջանավարտներին իր գեղեցիկ կատարմամբ ողջունեց Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Գրիգոր Բալագոզյանը։

 

 

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 Գավառի պետական համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատի ու մագիստրատուրայի 2024-2025 ուսումնական տարվա սիրելի՛ շրջանավարտներ,

տեղեկացնում ենք, որ դիպլոմների շնորհման արարողությունը կկայանա ս․ թ․ հուլիսի 5-ին, ժամը 12․00-ին, համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մեծ դահլիճում։

Սիրով սպասում ենք ձեզ։


ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ 2024-2025 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի բակալավրի առկա բաժնի 2024-2025 ուսումնական տարվա առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է կրթավճարի մրցույթ։ Հաղթողների ուսման վարձը   կվճարվի ՀՕՖ-ի կողմից Ժիրայր Նիշանյան հիմնադրամի հատկացրած միջոցներից։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Գեղարքունիքի մարզի այն ուսանողները, ովքեր՝

ա) ընդունվել են Գավառի պետական համալսարանի բակալավրի վճարովի ուսուցման առկա բաժին (բացի իրավագիտության բաժնից),

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, ավարտական, միասնական և բուհի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են ։

«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը հետևյալն է․ վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ԳՊՀ-ի ուսանողները պետք է 2024 թ հուլիսի 18-ից օգոստոսի 9-ը ժամը 10:00-ից 16:00-ն ՀՕՖ-ի ներկայացուցչին՝ ԳՊՀ-ի կենտրոնական մասնաշենք, երրորդ հարկ, Արտաքին կապերի և լրատվության բաժին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջից, ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
  • ԳՊՀ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ համալսարանի տեղեկանքը,
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին,
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին։

Թերի փաթեթները չեն դիտարկվի:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:

Ընտրության գործընթացի փուլերն են`

1.Փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն

2.Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի ամփոփում

3.Հարցազրույց`անհրաժեշտության դեպքում

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող հանձնաժողովը մինչև ս թ սեպտեմբերի 3-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. 060 52-66-60:

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ  


ՀՕՖ-ի «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի մրցույթի մասնակցության` ԴԻՄՈՒՄ

Scroll to Top
Գավառի պետական համալսարան