ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ  ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ‹‹ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ ՕՐԵՐ››

Գավառի պետական համալսարանում անցկացվում են ‹‹Էրազմուսյան օրեր››, որի ընթացքում ս․ թ․հոկտեմբերի 18-ին ուսանողներին և դասախոսներին ներկայացվեցին Եվրոպական միության ‹‹Էրազմուս+›› միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը (Հիմնական գործողություն՝ ՀԳ-1), ‹‹Էրազմուս+›› կարողությունների զարգացման ծրագրերը (ՀԳ-2), ակադեմիական շարժունության ծրագրերին մասնակցելու հնարավորություններն ու պայմանները, ինչպես նաև բովանդակալից և հետաքրքիր հաշվետվություններով հանդես եկան եվրոպական բուհերում վերապատրաստում անցած, դասավանդած և ուսանած համալսարանականները։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրեց Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում կայացած միջազգային շաբաթի արդյունքները։   Տիկին Թոռչյանը Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության Գավառ քաղաքը, նկարագրել ԳՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, միջազգայնացման տեսլականը, այդ ուղղությամբ կատարվող ակտիվ աշխատանքները։

ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը ներկայացրեց Ռումինիայի Հանրապետության Տիմիշոարայի Արևմտյան համալսարանում վերապատրաստման արդյունքները։

Հաշվետվությամբ հանդես եկան նաև հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա բաժնի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Արուսյակ Սմբաթյանը, ով հաջողությամբ ուսանել է Պորտուգալիայի Հանրապետության Էվորայի համալսարանում և բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի առկա բաժնի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանը, ով սովորել է Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանում և ուսումնառությունն ավարտել բարձր միավորներով։

Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, ինչպես նաև Գավառի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների աշակերտները՝ աշխարհագրության ուսուցչուհի Լիլիթ Սահակյանի ղեկավարությամբ։

‹‹Էրազմուսյան օրեր››-ի նպատակն է բուհի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներին տալ սպառիչ պատասխաններ Եվրոպական միության ‹‹Էրազմուս+›› միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին դիմելու ընթացակարգի և պայմանների վերաբերյալ։

ԳՊՀ ‹‹Էրազմուսյան օրեր››-ը շարունակվում են։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան