ԿԱՅԱՑԱՎ ՉՈՐՐՈՐԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ  ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ  ՆՎԻՐՎԱԾ  ՀԱՄԱԺՈՂՈՎ

2024 թվականի հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքում գործող ‹‹Woods›› կենտրոնում տեղի ունեցավ «Renderforest» ընկերության կողմից կազմակերպված «Reinvent» թվային համաժողովը։ Երրորդ ամենամյա համաժողովը նվիրված էր  չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը։ Համաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ ձեռներեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի և դիզայն ոլորտների վերաբերյալ։

Գավառի պետական համալսարանից համաժողովին մասնակցեցին Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակիցներ Արթուր Միրիբյանը, Կարեն Սիրականյանը, Հայրիկ Զարգարյանը, բնագիտանտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր խմբերի ուսանողներ՝ Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ։

Համաժողովի ընթացքում շուրջ 40 ոլորտային առաջատար փորձագետներ կիսվեցին իրենց գիտելիքներով, փորձով, հանդես եկան մասնագիտական խորհուրդներով: Համաժողովին որպես  խոսնակ ներառված էր նաև Վարազդատ Ավետիսյանը, ով  ներկայացրեց  «Արհեստական բանականության գրագիտություն․ նոր աշխարհի լեզուն, որը պետք է իմանալ» թեմայով զեկույց։ Ելույթի շրջանակներում անդարադարձ կատարվեց ԱԲ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ԱԲ գրագիտության կարևորությանն ու կիրառման առանձնահատկություններին։

Համալսարանականները շրջեցին ‹‹Woods›› կենտրոնում, ծանոթացան ենթակառուցվածքներին, գրադարանին, ինչպես նաև ուսանողների համար նախատեսված ծառայություններին և հնարավորություններին։

Համաժողովն ավարտվեց պանելային քննարկմամբ՝ «Գրատախտակից չաթբոթ. Ինչ սովորել և ինչպես սովորեցնել» թեմայով։ Բանախոսները կարևորեցին հիմնարար գիտելիքը,  անդրադարձան արհեստական բանականության զարգացման արդյունքում կրթության վերափոխման հիմնահարցերին, ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, դրանց լուծման ուղիներին։

 

 ՀԱՆԴԵՍ  ԵԿԱՆ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ԳՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցում են միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերին։

Ս․ թ․ հոկտեմբերի 27-ին ԳՊՀ ‹‹Էրազմուսյան օրերի›› շրջանակում ներկայացվեցին համալսարանի իրականացրած՝ Եվրոպական միության «ERASMUS+» ակադեմիական շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած և դաասավանդած ուսանողների ու դասախոսների շնորհանդես-հաշվետվությունները։

Հետաքրքիր և ուսուցողական հաշվետվություն ներկայացրեց Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը, ով դասախոսություններով հանդես էր եկել Պորտուգալիայի Հանրապետության Մինհոյի համալսարանում։

Ռուզաննա Սարգսյանը իր խոսքում նշեց, որ ակադեմիական փոխանակման ծրագրերին մասնակցելը կարևոր նշանակություն ունի, քանի որ նպաստում է եվրոպական լավագույն փորձի ներդրմանը Գավառի պետական համալսարանի կրթական գործընթացում, պայմաններ է ստեղծում հետագա համագործակցության համար, ինչպես նաև  դասախոսներին թույլ է տալիս իրենց հաջողված մեթոդները կիրառել արտերկրի բուհերում՝ ներկայացնելով եվրոպացի գործընկերներին։

Բովանդակալից հաշվետվություններ ներկայացրին «Իրավագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Նադարյանը, ով սովորել էր Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանում, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նատաշա Բաղդասարյանը, ով սովորել էր Իտալիայի Թագավորության Սապիենզայի համալսարանում, ինչպես նաև Պորտուգալիայի Հանրապետության Ավեյրոյի համալսարանում ուսանած ԳՊՀ «Տնտեսագիտություն» բաժնի  4-րդ կուրսի ուսանող Արծրուն Նաջարյանը։

Ուսանողները կիսվեցին տարբեր երկրներ շրջագայություններից ստացած իրենց տպավորություններով, ցուցադրեցին տեսանյութեր։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը խրախուսեցին համալսարանականներին՝ 2024-2025 ուսումնական տարում ևս ակտիվորեն մասնակցելու Եվրոպական միության «ERASMUS+» ծրագրերին։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան