ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝  ՈԱԱԿ-Ի  ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՈՒՄ  

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ ս․ թ․ նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) բարելավման լավագույն փորձի ներկայացմանը նվիրված հերթական առցանց աշխատաժողովը։

Աշխատաժողովի 70-ից ավելի մասնակիցներին ներկայացվեցին Գավառի պետական համալսարանի  բակալավրի ՄԿԾ-ների բարելավման և արդիականացման կառուցակարգերը՝ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության օրինակով։ ԳՊՀ հաջողված փորձը ներկայացրին բուհի որակի ապահովման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։

ԳՊՀ մասնագիտական կրթական ծրագրերի մշտադիտարկման  և բարելավման ընդհանուր սկզբունքները ներկայացրեց ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը՝ անդրադառնալով նաև համալսարանի ուսանողակենտրոն ուսուցման և արդյունավետ ուսումնառության գործընթացներին, որակի ապահովման ներբուհական համակարգին։

Քանաքարա Հայրապետյանը կրթական ծրագրի շարունակական բարելավման  գործընթացներում կարևորեց բոլոր շահառուների ներգրավվածությունը, նրանց կարծիքների և առաջարկությունների հավաքագրման ընթացակարգերը, որակի ապահովման ներքին շրջափուլը։

Վարազդատ Ավետիսյանը «Համակարգչային ճարտարագիտություն» կրթական ծրագրի օրինակով ներկայացրեց բուհում վերջնարդյունքահեն և աշխատանքահեն կրթության կազմակերպման փորձը, նախագծահեն ուսուցման և գնահատման մեթոդները, դասախոսների կողմից կիրառվող արդի տեխնոլոգիաները, արհեստական բանականությանը,  նորարարական զարգացումներին վերաբերող և ԳՊՀ-ում ներդրված  առարկաները, կատարված բովանդակային և կառուցվածքային փոփոխությունները՝ պայմանավորված գիտության և պրակտիկայի նվաճումներով, աշխատաշուկայի պահանջներով, բազմագրագետ մասնագետի պատրաստման հրամայականով։

«Պատմություն» մասնագիտության բակալավրի ՄԿԾ-ի բարելավման փորձը ներկայացրեց ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար Նաթելլա Գրիգորյանը։

Աշխատաժողովի արդյունքներն ամփոփեց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ կարևորելով կրթության որակի բարձր մշակույթի արմատավորմանը միտված  հանդիպումների և քննարկումների կազմակերպումը, բուհերի դրական փորձի ուսումնասիրումն ու տարածումը, խրախուսելով նոր նախաձեռնությունները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ  ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ  ՃԱՆԱՉՄԱՆ  ՀԱՐՑԵՐԸ՝  ՔՆՆԱՐԿՄԱՆ  ԱՌԱՐԿԱ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը։

Մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրերի իրականացման վարչության ներկայացուցիչ Արսինե Աղաջանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիանա Ամիրբեկյանը և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը։

Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը ներկայացրեց Հայաստանում փախստականների հետ կապված որոշ վիճակագրական տվյալներ: Այնուհետև Եվրոպայի խորհրդի փորձագետ, Նորվեգիայի ներկայացուցիչ Մարինա Մալգինան ներկայացրեց փախստականների որակավորման եվրոպական անձնագիրը որպես փախստականների՝ դեպի բարձրագույն կրթություն հասանելիության ապահովման գրավական։ Նա նաև անդրադարձավ որակավորումների փոխճանաչմանը՝ այն համարելով փախստականների որակավորման եվրոպական անձնագրի շրջանակի կարևոր բաղադրիչ։

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Նազանի Գևորգյանն ամփոփ ներկայացրեց օտարերկրյա որակավորումների գնահատման գործնական ուղեցույցը, իսկ ծրագրի գործընկերներ Երևանի պետական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները վերլուծեցին ծրագրի իրականացման արդյունքում բուհերի կուտակած փորձը։

Շնորհանդեսների ներկայացմանը հաջորդեցին հարցերն ու պատասխանները։

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան