Հայաստանի Հանրապետության ինը համալսարանի հետ ուսումնագիտական տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների քննարկման նպատակով Երևանի պետական համալսարանում էին Գերմանիայի 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները և պրոռեկտորները։ Գերմանիայի բուհերի, այդ թվում՝ Նիդերրեյնի կիրառական գիտությունների, Ֆլենսբուրգի, Կոբլենցի համալսարանների, Լյուբեկի ու Աշաֆենբուրգի տեխնիկական համալսարանների ներկայացուցիչների այցը կազմակերպել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD):
Ընտրված հայաստանյան բուհերն են՝ Երևանի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական, ազգային ագրարային համալսարանները, Հայաստանում ֆրանսիական, ամերիկյան համալսարանները, Հայաստանի եվրոպական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։ Հայաստանի և Գերմանիայի բուհերի ներկայացուցիչները քննարկեցին ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման, դասախոսների վերապատրաստման, բարձրագույն կրթության կազմակերպման առաջավոր փորձի տարածման, հետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Գավառի պետական համալսարանից քննարկումներին մասնակցեցին ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։
Այսօր Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսանողական միջազգային առցանց գիտաժողով։ Գիտաժողովի կազմկոմիտեն ստացել էր 120-ից ավելի հայտ, որոնցից ընտրվել և գիտաժողովի ծրագրում ներառվել էին 87 ուսանողների զեկուցումներ՝ 5 պետությունների 20-ից ավելի բուհերից և գիտահետազոտական ինստիտուտներից։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փուրթոյանը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկեր բուհերին, զեկուցումներ ներկայացրած ուսանողներին և նրանց գիտական ղեկավարներին՝ կարևորելով գիտելիքի տարածումը, սովորողների՝ հետազոտական աշխատանք կատարելու, գիտական քննարկումներին մասնակցելու, եզրակացություններ և նորույթ բովանդակող առաջարկություններ ներկայացնելու կարողությունների զարգացումը։ Լիագումար նիստին զեկուցումով հանդես եկավ ԳՊՀ տնտեսագիտական բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանը, ապա գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց 7 մասնագիտական բաժանմունքներում, որտեղ հանդես եկան ուսանողներ Հայաստանի Հանրապետությունից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ուզբեկստանից։ Զեկուցումներ ներկայացրին Գավառի, Երևանի, Շիրակի, Գորիսի պետական համալսարանների, Հայ-Ռուսական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի, Ռուսաստանի՝ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի, Եվրասիա միջազգային համալսարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի, ինչպես նաև Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները։
ՌԴ-ից մասնակցում էին Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի տարբեր համալսարանների ուսանողներ։ Բազմաթիվ հետաքրքիր թեմաներով զեկուցումներ ներկայացրին Գրոզնիի ակադեմիկոս Միլիոնշչիկովի անվան պետական նավթային տեխնիկական համալսարանի, ինչպես նաև Դաղստանի պետական համալսարանի ուսանողները, որոնք սովորում են Կիզլյարի մասնաճյուղում։ Զեկուցումներ էին ուղարկել նաև Դոնեցկի պետական համալսարանի սովորողները։ Գիտաժողովին Բելառուսից մասնակցեցին Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի և Բրեստի պետական համալսարանի ուսանողները, Լեհաստանից՝ Վարշավայի կաթոլիկ համալսարանի, Օլշտինի Վարմիայի և Մազուրիի համալսարանի սովորողները, իսկ Ուզբեկստանը ներկայացնում էին ALFRAGANUS համալսարանի պատվիրակները։ Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, պրոֆեսոր Արմեն Սահակյանը իր եզրափակիչ ելույթում նշեց, որ ուսանողների զեկուցումները կտպագրվեն, իսկ բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
Գավառի պետական համալսարանի ուսանողական միջազգային գիտաժողովի
կազմկոմիտեն տեղեկացնում է, որ գիտաժողովը տեղի կունենա 2025թ. ապրիլի 4-ին, սկիզբը՝ ժամը 11:00-ին, առցանց ձևաչափով։ Գիտաժողովը կմեկնարկի լիագումար նիստով, ապա իր աշխատանքները կշարունակի 7 մասնագիտական
բաժանմունքներում։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք առցանց մասնակցելու գիտաժողովին՝ հետևյալ հղումով․
https://gsu.am/git/links.html
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը։
Կից ներկայացնում ենք ԳՊՀ ուսանողական միջազգային գիտաժողովի
ծրագիրը։
Դիտել ծրագիրը
Եվրոպական միության ‹‹Էրազմուս+ KPI4HE›› ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» նախագծի շրջանակում ս. թ. մարտի 25-ից 28-ը Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը Իտալիայի Հանրապետության Ջենովայի համալսարանում մասնակցեցին ծրագրի աշխատաժողովին։
Ներկայացվեցին և քննարկվեցին ինստիտուցիոնալ հետազոտությունների համար կարողությունների զարգացման, ռազմավարական պլանավորման, նոր ընթացակարգերի ու գործիքների մշակման ու ներդրման, որակի ապահովման, կատարողականի արդյունավետության ցուցիչների վերաբերյալ հարցեր։
Նելլի Կուտուզյանը ներկայացրեց ԳՊՀ-ում գործողությունների արդյունավետության ցուցիչների մշակման մեթոդաբանությունն ու կատարողական արդյունքների մշտադիտարկման փորձը։ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց Գավառի պետական համալսարանում ռազմավարական պլանավորման գործընթացները, ծրագրի իրականացման ընթացքը։
Աշխատանքաժողովի ավարտին քննարկվեցին հետագա անելիքները։
Գավառի պետական համալսարանում շարունակվում է մագիստրատուրայի ուսանողների գիտամանկավարժական պրակտիկան։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժինների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները պրակտիկան անցկացնում են բուհում։ Մագիստրանտներ Անիկ Ավետիսյանը և Թերեզա Դանիելյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում, դասախոս Արմինե Դավթյանի ղեկավարությամբ, բակալավրիատի ուսանողների համար վարեցին բաց դաս՝ «Ներառական կրթության հիմունքներ» դասընթացի շրջանակում։ Դասի թեման էր «Մտավոր զարգացման հապաղման առանձնահատկությունները և տեսակները»: Խնդրո առարկան բացահայտելու համար կիրառվեցին դասավանդման ժամանակակից մեթոդներ՝ իրավիճակային վերլուծություններ և խմբային քննարկումներ, օգտագործվեցին տեսասարքավորումներ, տեսասահիկներ, դիագրամներ։ Դասին ակտիվորեն մասնակցեցին բոլոր ուսանողները։
Գիտամանկավարժական պրակտիկայի ղեկավար՝ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը ամփոփեց դասի արդյունքները՝ կարևորելով պրակտիկայի ընթացքում ուսանողների գործնական կարողությունների զարգացումը, փորձի ձեռքբերումը։
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ «Ամենահաղթ սիրո թևերով» խորագիրը կրող ցերեկույթ՝ որպես ձոն կանանց և մայրերին: Ցերեկույթին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի անդամներ, ուսանողներ, ինչպես նաև Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ: Շնորհանդեսի միջոցով հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողները ներկայացրին հայ կնոջ և մոր վեհ ու առաքինի կերպարը՝ մեծարանքի և երախտագիտության խոսքեր ուղղելով կանանց ու մայրերին, որոնք իրենց սիրով ու նվիրվածությամբ եղել և մնում են մեր ընտանիքներն ու հայրենիքը անսասան պահող ամուր հենասյուները: «Պատմություն» բաժնի ուսանողները ներկայացրին բարեպաշտությամբ, կրոնասիրությամբ, հայրենասիրությամբ փայլող հերոսածին հայ կանանց, որոնք հայրենիքի համար օրհասական պահերին պայքարել են անձնվիրաբար և անկոտրում ոգով:
Ցերեկույթը երգային ու պարային կատարումներով, գեղեցիկ ասմունքով զարդարեցին «Արևի աշխարհ» կենտրոնի փոքրիկ սաները, ովքեր համալսարան էին եկել կենտրոնի տնօրեն Աննա Հունանյանի ուղեկցությամբ, ինչպես նաև Սարուխանի արվեստի դպրոցի սաները, ովքեր ուսուցչուհի Բալասան Դարբինյանի ղեկավարությամբ կատարեցին մայրերին նվիրված երգերի պոպուրի՝ խառներգ:
Վրացերենով և իտալերենով մորը նվիրված գեղեցիկ երգ-ներբողներով հանդես եկան Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաներ Դանիել և Դավիթ Դավթյանները:
Միջոցառման ավարտին տոնի խորհրդին համահունչ հանդես եկան Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, դեկանի տեղակալ Ռուսաննա Սարգսյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, «Արևի աշխարհ» կենտրոնի տնօրեն Աննա Հունանյանը:
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ, հայտնում ենք, որ ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ 1 շաբաթ դասավանդելու կամ վերապատրաստվելու Կորդոբայի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Փաստաթղթերը /դասախոսների համար՝ անձնագրի պատճեն, կենսագրություն, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք, ուսանողների համար՝ անձնագրի պատճեն, կենսագրություն, հետաքրքրության նամակ /motivation letter/, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք, ակադեմիական տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնին՝ iro@gsu.am էլեկտրոնային փոստի հասցեով։
Ուշադրություն՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը ս․ թ․ ապրիլի 26-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։
Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի
շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով
հետևյալ կայքէջ՝ https://erasmusplusuva.wordpress.com/ :
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումով․ UVAMOBPLUS2
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025թ. ապրիլի 29-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի եւ լրատվության բաժնին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։