Ս․ թ․ ապրիլի 9-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման ու որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրի շրջանակում մշակված ԳԱՑԱՇ հայեցակարգի նախագծի քննարկում։
ԳՊՀ աշխատանքային խումբը առաջարկություններ ներկայացրեց «Կրթություն, գիտություն, առաքելություն» և մյուս ուղղություններով սահմանված գործունեության առանցքային ցուցանիշների վերաբերյալ։ ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց գործունեության առանցքային ցուցանիշների՝ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի զարգացման ռազմավարական նպատակներին համահունչ լինելու կարևորությունը։ Նշվեց նաև, որ անհրաժեշտ է գործունեության առանցքային ցուցանիշների հստակեցում, բովանդակային և մեթոդական հիմնավորում, կազմակերպական ապահովում, այնպիսի կառուցակարգի մշակում և ներդնում, որով հնարավոր կլինի արձանագրել, մշտադիտարկել և վերլուծել ցուցանիշները, ձեռնարկել դրանց բարելավմանը միտված միջոցներ՝ համադրելով միջազգային չափանիշներին, հաշվի առնելով առաջավոր փորձը և ՀՀ բարձրագույն կրթության համակարգի առանձնահատկությունները։ Գործունեության առանցքային ցուցանիշները պետք է սահմանվեն բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում և իրականություն դառնան որպես կատարողականի արդյունավետության ցուցիչներ՝ ապահովելով արդյունքահեն աշխատանք։ Իսկ ընդունվելիք ազգային շրջանակը տվյալների առավել համակարգված հավաքագրման, վերլուծության և կիրառման հնարավորություն կընձեռի՝ նպաստելով կրթական համակարգում առկա խնդիրների բացահայտմանն ու լուծմանը։
Ազգային մակարդակով չափելի ցուցանիշների առկայությունը կարող է նպաստել նաև բուհերի կառավարման արդյունավետությանը՝ առաջարկելով ռազմավարական պլանավորման և ռեսուրսների ներդրման առավել արդյունավետ մեխանիզմներ։
Աշխատանքային խմբի անդամները նշեցին, որ գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակը թույլ կտա համեմատել տարբեր ուսումնական հաստատությունների կատարողական վերջնարդյունքները, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, իրականացնել համադրական վերլուծություն և ձեռնարկել արդյունքների բարելավմանն ուղղված միջոցներ։
Որպես ամփոփում նշվեց, որ բարձրագույն կրթության ոլորտում գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ընդունումը կարևոր է՝ կայուն զարգացման, հաշվետվողականության ապահովման և շարունակական բարելավման ճանապարհին, նպաստելով կրթական վերջնարդյունքների հստակ ձևակերպմանն ու դրանց ձեռքբերմանը, կրթական համակարգի արդյունավետ գործունեությանը։
Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսումնական ծրագրի կարևոր բաղադրիչ են պրակտիկաները, որոնց ընթացքում ուսանողները զարգացնում են իրենց գործնական կարողությունները։ ԳՊՀ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ամալյա Մարտոյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում բակալավրիատի ուսանողների համար վարեց բաց դաս՝ «ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարումը բյուջետային քաղաքականության իրականացման համատեքստում» թեմայով։
Դասի ընթացքում Ամալյա Մարտոյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքը, կառավարման հիմնախնդիրները։ Նա անդրադարձավ պարտքի կայունության ցուցանիշներին, պարտքի սպասարկման ռիսկերին և դրանց նվազեցման հնարավորություններին։
Ուսանողուհին հատուկ ուշադրություն դարձրեց բյուջետային քաղաքականության ազդեցությունը պետական պարտքի կառավարման արդյունավետության վրա՝ վերլուծելով վերջին տարիների միտումները և ներկայացնելով միջազգային փորձը։
Բաց դասի ավարտին տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, որի ընթացքում բակալավրիատի ուսանողները բարձրացրին հարցեր պետական պարտքի կառավարման ռազմավարության, տնտեսական զարգացման վրա դրա ազդեցության և ապագա մարտահրավերների վերաբերյալ։
ԳՊՀ ֆինանսների և կառավարման ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը բարձր գնահատեց Ամալյա Մարտոյանի կիրառած մեթոդները՝ նշելով, որ նման փորձը նպաստում է ապագա մասնագետների շրջանում գիտելիքների տարածմանը, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համագործակցությանը։
Գավառի պետական համալսարան այցելեցին Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի պետական համալսարանի պրոռեկտոր Յոհաննես Քեռնին և դասախոս Ուենդի Ֆեհլներին։ Գերմանացի պրոֆեսորներին ընդունեց համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով ծանոթացրեց հյուրերին ԳՊՀ առաքելությանը, կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին։ Բադեն Վյուրթեմբերգի պետական համալսարանի պատվիրակները ներկայացրին իրենց բուհը և աշխատանքահեն ուսուցում կազմակերպելու հաջողված փորձը։ Քննարկվեցին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության, աշխատանքահեն ուսուցման վերաբերյալ նախագծի պատրաստման հնարավորությունները։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց համալսարանի իրականացրած եվրոպական ծրագրերը, միջազգային համագործակցության հիմնական ոլորտները։
Հյուրերը դիտեցին ֆիլմ համալսարանի մասին, եղան ԳՊՀ պատմագիտական թանգարանում։
Հայաստանի Հանրապետության ինը համալսարանի հետ ուսումնագիտական տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների քննարկման նպատակով Երևանի պետական համալսարանում էին Գերմանիայի 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները և պրոռեկտորները։ Գերմանիայի բուհերի, այդ թվում՝ Նիդերրեյնի կիրառական գիտությունների, Ֆլենսբուրգի, Կոբլենցի համալսարանների, Լյուբեկի ու Աշաֆենբուրգի տեխնիկական համալսարանների ներկայացուցիչների այցը կազմակերպել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD):
Ընտրված հայաստանյան բուհերն են՝ Երևանի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական, ազգային ագրարային համալսարանները, Հայաստանում ֆրանսիական, ամերիկյան համալսարանները, Հայաստանի եվրոպական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։ Հայաստանի և Գերմանիայի բուհերի ներկայացուցիչները քննարկեցին ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման, դասախոսների վերապատրաստման, բարձրագույն կրթության կազմակերպման առաջավոր փորձի տարածման, հետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Գավառի պետական համալսարանից քննարկումներին մասնակցեցին ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։
Այսօր Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսանողական միջազգային առցանց գիտաժողով։ Գիտաժողովի կազմկոմիտեն ստացել էր 120-ից ավելի հայտ, որոնցից ընտրվել և գիտաժողովի ծրագրում ներառվել էին 87 ուսանողների զեկուցումներ՝ 5 պետությունների 20-ից ավելի բուհերից և գիտահետազոտական ինստիտուտներից։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փուրթոյանը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկեր բուհերին, զեկուցումներ ներկայացրած ուսանողներին և նրանց գիտական ղեկավարներին՝ կարևորելով գիտելիքի տարածումը, սովորողների՝ հետազոտական աշխատանք կատարելու, գիտական քննարկումներին մասնակցելու, եզրակացություններ և նորույթ բովանդակող առաջարկություններ ներկայացնելու կարողությունների զարգացումը։ Լիագումար նիստին զեկուցումով հանդես եկավ ԳՊՀ տնտեսագիտական բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանը, ապա գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց 7 մասնագիտական բաժանմունքներում, որտեղ հանդես եկան ուսանողներ Հայաստանի Հանրապետությունից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ուզբեկստանից։ Զեկուցումներ ներկայացրին Գավառի, Երևանի, Շիրակի, Գորիսի պետական համալսարանների, Հայ-Ռուսական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի, Ռուսաստանի՝ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի, Եվրասիա միջազգային համալսարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի, ինչպես նաև Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները։
ՌԴ-ից մասնակցում էին Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի տարբեր համալսարանների ուսանողներ։ Բազմաթիվ հետաքրքիր թեմաներով զեկուցումներ ներկայացրին Գրոզնիի ակադեմիկոս Միլիոնշչիկովի անվան պետական նավթային տեխնիկական համալսարանի, ինչպես նաև Դաղստանի պետական համալսարանի ուսանողները, որոնք սովորում են Կիզլյարի մասնաճյուղում։ Զեկուցումներ էին ուղարկել նաև Դոնեցկի պետական համալսարանի սովորողները։ Գիտաժողովին Բելառուսից մասնակցեցին Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի և Բրեստի պետական համալսարանի ուսանողները, Լեհաստանից՝ Վարշավայի կաթոլիկ համալսարանի, Օլշտինի Վարմիայի և Մազուրիի համալսարանի սովորողները, իսկ Ուզբեկստանը ներկայացնում էին ALFRAGANUS համալսարանի պատվիրակները։ Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, պրոֆեսոր Արմեն Սահակյանը իր եզրափակիչ ելույթում նշեց, որ ուսանողների զեկուցումները կտպագրվեն, իսկ բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
Գավառի պետական համալսարանի ուսանողական միջազգային գիտաժողովի
կազմկոմիտեն տեղեկացնում է, որ գիտաժողովը տեղի կունենա 2025թ. ապրիլի 4-ին, սկիզբը՝ ժամը 11:00-ին, առցանց ձևաչափով։ Գիտաժողովը կմեկնարկի լիագումար նիստով, ապա իր աշխատանքները կշարունակի 7 մասնագիտական
բաժանմունքներում։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք առցանց մասնակցելու գիտաժողովին՝ հետևյալ հղումով․
https://gsu.am/git/links.html
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը։
Կից ներկայացնում ենք ԳՊՀ ուսանողական միջազգային գիտաժողովի
ծրագիրը։
Դիտել ծրագիրը
Եվրոպական միության ‹‹Էրազմուս+ KPI4HE›› ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» նախագծի շրջանակում ս. թ. մարտի 25-ից 28-ը Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը Իտալիայի Հանրապետության Ջենովայի համալսարանում մասնակցեցին ծրագրի աշխատաժողովին։
Ներկայացվեցին և քննարկվեցին ինստիտուցիոնալ հետազոտությունների համար կարողությունների զարգացման, ռազմավարական պլանավորման, նոր ընթացակարգերի ու գործիքների մշակման ու ներդրման, որակի ապահովման, կատարողականի արդյունավետության ցուցիչների վերաբերյալ հարցեր։
Նելլի Կուտուզյանը ներկայացրեց ԳՊՀ-ում գործողությունների արդյունավետության ցուցիչների մշակման մեթոդաբանությունն ու կատարողական արդյունքների մշտադիտարկման փորձը։ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց Գավառի պետական համալսարանում ռազմավարական պլանավորման գործընթացները, ծրագրի իրականացման ընթացքը։
Աշխատանքաժողովի ավարտին քննարկվեցին հետագա անելիքները։
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ «Ամենահաղթ սիրո թևերով» խորագիրը կրող ցերեկույթ՝ որպես ձոն կանանց և մայրերին: Ցերեկույթին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի անդամներ, ուսանողներ, ինչպես նաև Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ: Շնորհանդեսի միջոցով հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողները ներկայացրին հայ կնոջ և մոր վեհ ու առաքինի կերպարը՝ մեծարանքի և երախտագիտության խոսքեր ուղղելով կանանց ու մայրերին, որոնք իրենց սիրով ու նվիրվածությամբ եղել և մնում են մեր ընտանիքներն ու հայրենիքը անսասան պահող ամուր հենասյուները: «Պատմություն» բաժնի ուսանողները ներկայացրին բարեպաշտությամբ, կրոնասիրությամբ, հայրենասիրությամբ փայլող հերոսածին հայ կանանց, որոնք հայրենիքի համար օրհասական պահերին պայքարել են անձնվիրաբար և անկոտրում ոգով:
Ցերեկույթը երգային ու պարային կատարումներով, գեղեցիկ ասմունքով զարդարեցին «Արևի աշխարհ» կենտրոնի փոքրիկ սաները, ովքեր համալսարան էին եկել կենտրոնի տնօրեն Աննա Հունանյանի ուղեկցությամբ, ինչպես նաև Սարուխանի արվեստի դպրոցի սաները, ովքեր ուսուցչուհի Բալասան Դարբինյանի ղեկավարությամբ կատարեցին մայրերին նվիրված երգերի պոպուրի՝ խառներգ:
Վրացերենով և իտալերենով մորը նվիրված գեղեցիկ երգ-ներբողներով հանդես եկան Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաներ Դանիել և Դավիթ Դավթյանները:
Միջոցառման ավարտին տոնի խորհրդին համահունչ հանդես եկան Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, դեկանի տեղակալ Ռուսաննա Սարգսյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, «Արևի աշխարհ» կենտրոնի տնօրեն Աննա Հունանյանը: