ԳԱՎԱՌ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի և բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ ուսանողական գիտաժողով՝ «Գավառ բազմաբնակավայր համայնքի զարգացման մարտահրավերները» խորագրով:
Ուսանողները հանդես եկան հետաքրքիր զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․
— Մերի Փուրթոյան՝ «Տնտեսագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գավառ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը»,
— Թագուհի Թադևոսյան՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Զբաղվածությունը և դրա վրա ազդող գործոնները ՀՀ Գեղարքունիքի մարզում, Գավառ համայնքում և զբաղվածության ապահովման ուղիները»,
— Անժելա Ավետիսյան՝ «Տնտեսագիտություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գավառ համայնքում բուսաբուծության ոլորտի արդյունավետության վերլուծություն և գնահատում»,
— Մանվել Գևորգյան՝ «Ֆինանսեր» (ըստ ոլորտի) 2-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Գավառ համայնքում անասնաբուծության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները»,
— Սիլվինե Մոմչյան՝ «Ֆինանսեր» (ըստ ոլորտի) 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գավառ համայնքում զբոսաշրջության սպասարկման որակի բարձրացման ուղղությունները և դրանց տնտեսական արդյունքները»,
— Արմինե Սաֆոյան՝ ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ, «Տնտեսագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գավառ համայնքում թեթև արդյունաբերության ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները և խոչընդոտները»։
Գիտաժողովին մասնակցեցին բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ՝ Գավառի պետական համալսարանից և Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջից, ինչպես նաև «Ռեստարտ Գավառ» երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Արևշատյանը և կազմակերպության անդամներ։
Հետազոտություն կատարած և գիտաժողովին զեկուցումներով հանդես եկած ուսանողներին, նրանց գիտական ղեկավարին՝ ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանին շնորհակալություն հայտնեց և գիտաժողովն ամփոփեց բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհակալություն է հայտնում Գավառի բժշկական կենտրոնին՝ «Դեղագործական քիմիա» բաժնի ուսանողների պրակտիկան արդյունավետ կազմակերպելու համար։ Ուսանողները պրակտիկան անցկացնում են կենտրոնի լաբորատորիայում և դեղատանը։ Լաբորատորիայում ուսանողները հետևում են գործիքային հետազոտությունների ընթացքին, իրականացնում արդյունքների գրանցում՝ լաբորատորիայի վարիչի անմիջական հսկողությամբ։
Գավառի բժշկական կենտրոնի դեղատան փորձառու աշխատակից, Գավառի պետական համալսարանի «Դեղագործական քիմիա» բաժնի շրջանավարտ Մելինե Միսակյանի ղեկավարությամբ ուսանողները ծանոթանում են դեղերի դասակարգմանն՝ ըստ բաժինների, ընդունման և դուրսգրման ընթացակարգերին, հատուկ պայմաններում պահվող դեղամիջոցների առանձնահատկություններին։ Պրակտիկաների միջոցով սովորողներն ամրապնդում են տեսական գիտելիքները և ձեռք բերում գործնական հմտություններ։

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԲԱՆԱՎԵՃ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՎԱՆԱ ԿԱՊՈՒՏԱՉ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ

Սևանա կապուտաչ գեղեցկուհին Հայաստանի բնական հարստությունն է, որի հիմնախնդիրներն ուսումնասիրելը և ներկայացնելը կարևոր է երիտասարդների էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար։
Գավառի պետական համալսարանի «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» բաժինների 2-րդ կուրսի ուսանողները՝ ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ, «Բնապահպանություն և բնօգտագործման տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում կազմակերպել էին բանավեճ՝ «Ձկնարդյունաբերությունը բացասաբա՞ր է ազդում Սևանա լճի վրա» թեմայով։
Բանավեճի դատավորներն էին՝ «Սևան Ակվա» ընկերության տնօրեն Արման Մարուխյանը, ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը։
Բանավեճի ընթացքում երկու թիմերը ներկայացրին իրենց հակադիր տեսակետները: «Դեմ» թիմը պնդում էր, որ ձկնարդյունաբերությունը նպատակահարմար է, քանի որ դրա միջոցով զարգանում է տնտեսությունը և ապահովվում են սոցիալ-տնտեսական մեծ օգուտներ բնակիչների համար։ Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորեցին վիճակագրական տվյալներով՝ ցույց տալով, թե ինչպես է ձկնաբուծությունը նպաստում տեղական զբաղվածությանը և սննդի անվտանգությանը։
«Կողմ» թիմի կարծիքով ձկնարդյունաբերությունը բացասական ազդեցություն է ունենում լճի վրա, քանի որ հանգեցնում է լճի աղտոտմանը, կրճատում ձկան պաշարները և առաջացնում մի շարք բնապահպանական խնդիրներ։ Նրանք անդրադարձան ձկնաբուծության հետևանքով առաջացող օրգանական նյութերի կուտակմանը, ինչը բացասաբար է անդրադառնում լճի էկոհամակարգի, ջրի որակի և կենսաբազմազանության վրա։ Երկու թիմերն էլ ներկայացրին հետաքրքիր և հիմնավորված փաստարկներ։ Սակայն, «Դեմ» թիմը կարողացավ ավելի համոզիչ կերպով ցույց տալ, որ ձկնարդյունաբերության տնտեսական օգուտները կարող են համատեղվել բնապահպանական պատասխանատու մոտեցումների հետ։ Նրանք առաջարկեցին նաև կայուն ձկնաբուծության մոդելներ, որոնք կնվազեցնեն բացասական ազդեցությունը Սևանա լճի վրա՝ միաժամանակ պահպանելով սոցիալ-տնտեսական օգուտները։
Արդյունքում հաղթող ճանաչվեց «Դեմ» թիմը։ Դատավորները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին՝ նշելով, որ բանավեճերին մասնակցելը նպաստում են ուսանողների մասնագիտական և հետազոտական կարողությունների զարգացմանը, խթանում վերլուծական, քննադատական մտածողությունը։

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկան հաջողությամբ անցկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում։ Ուսանողները ոչ միայն մասնակցում են դասերի և դասեր վարում, այլև միջոցառումներ կազմակերպում, հանդես գալիս գեղեցիկ նախաձեռնություններով։ Հրանուշ Մելքոնյանն իր պրակտիկան անցավ հարազատ կրթօջախում՝ Գավառի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում: ԳՊՀ ուսանողուհին 2-րդ դասարանի 30 աշակերտի հետ կազմակերպեց «Գարունը մենք ենք» խորագրով ցերեկույթ։ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ուսուցչական անձնակազմը, ծնողներ և ԳՊՀ ուսանողներ։ Ցերեկույթի ավարտին դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Քոլոզյանն իր գոհունակությունը հայտնեց դպրոցում պրակտիկա անցնող Հրանուշ Մելքոնյանի և մյուս ուսանողուհիների աշխատանքի վերաբերյալ:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը, ով կարևորեց դպրոց-բուհ համագործակցությունը, շեշտեց պրակտիկաների անհրաժեշտությունը և բարձր գնահատեց ուսանողների մանկավարժական պրակտիկայի արդյունքները։

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԱՎԱՌ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը ս. թ. ապրիլի 25-ին, ժամը՝ 13:00-ին կազմակերպում է ուսանողական գիտաժողով՝ նվիրված Գավառ խոշորացված համայնքի զարգացման ուղիներին։
Գիտաժողովն անցկացվելու է Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 316 լսարան/։
Սիրով հրավիրում ենք ուսանողներին և Գավառ բազմաբնակավայր համայնքի զարգացման հեռանկարներով հետաքրքրված անձանց՝ մասնակցելու գիտաժողովին։

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ՈՒՄ

Գավառի պետական համալսարանում ուսանողների տեսական գիտելիքներին զուգահեռ կարևորվում են գործնական կարողությունները։ Սովորողների մասնագիտական կարողությունների զարգացմանը նպաստում են պրակտիկաները։
ԳՊՀ «Ֆինանսներ» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան հաջողությամբ անցկացնում են «ԱԿԲԱ բանկ»-ի «Գեղարքունիք» մասնաճյուղում: Նրանք ուսումնասիրում են բանկային համակարգի աշխատանքի սկզբունքներն ու կառուցակարգերը, աջակցում հաճախորդներին տարբեր ֆինանսական գործարքների իրականացման հարցերում, ինչպես նաև սիրով մասնակցում են բանկի մասնագետների կազմակերպած հատուկ դասընթացներին՝ զարգացնելով իրենց գործնական հմտությունները: Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհակալություն է հայտնում «ԱԿԲԱ բանկ»-ին և մյուս բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ ԳՊՀ ուսանողների պրակտիկաները արդյունավետ անցկացնելու համար։

ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝  ԵՄ «ERASMUS + T-GREEN»  ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

ԳՊՀ-ում քննարկվեց Եվրոպական  միության «ERASMUS +T-GREEN» ծրագրի շրջանակում ներդրվող նոր՝ «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը Գավառի պետական համալսարանը մշակելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ։ Ծրագրի կոնսորցիումի առաջարկով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով համալրվել է ՀՀ մագիստրոսական կրթական ծրագրերի ցանկը «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում»,  «Շրջանաձև տնտեսություն և կառավարում», «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում», «Կանաչ տնտեսության ռազմավարական կառավարում» կրթական ծրագրերով։

ԳՊՀ աշխատանքային թիմը քննարկեց նոր կրթական ծրագրի ուսումնական պլանը,  առարկաների ցանկը, կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը, անհրաժեշտ ռեսուրսները, հստակեցվեցին բովանդակային և կազմակերպչական հարցեր։

ԳՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ  «ERASMUS + T-GREEN» ԵՎ «ERASMUS + KPI4HE» ԾՐԱԳՐԵՐԸ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատի նիստում քննարկվեցին «ERASMUS + T-GREEN» և «ERASMUS + KPI4HE»  ծրագրերը։  Ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ  Եվրոպական միության ծրագրերը նպաստում են բուհերի կարողությունների զարգացմանը, մասնագիտությունների արդիականացմանը, ուսումնական պլանների բարելավմանը, «կանաչ» կրթության հայեցակարգի կենսագործմանը, բարձրագույն կրթության արդյունավետության ցուցիչների համակարգի ներդրմանը։

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը ներկայացրեց ս. թ. մարտի 25-ից 28-ը Իտալիայի Հանրապետության Ջենովայի համալսարանում կայացած աշխատաժողովի արդյունքները։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց ԵՄ «ERASMUS + T-GREEN» և «ERASMUS + KPI4HE»  ծրագրերի շրջանակում նախատեսված աշխատանքները, ծրագրերի գործողությունների պլանով սահմանված վերջնաժամկետները։ ԳՊՀ ռեկտորատի նիստում քննարկվեցին ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

ԳՊՀ-ում Եվրոպական միության ծրագրերի ընթացիկ արդյունքների քննարկումները և կատարված աշխատանքի հաշվետվությունները, անելիքների  նախանշումը և գործողությունների հստակեցումը կրում են շարունակական բնույթ։

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի ապրիլի 19-ին Գավառի պետական համալսարանում մեկնարկեց  ժամանակի ամենաարդիական թեմաներից մեկին վերաբերվող «Արհեստական բանականության գրագիտություն» վերապատրաստման դասընթացը՝ նպատակ ունենալով խթանել AI-ի (արհեստական բանականության) վերաբերյալ գիտելիքների և գործնական հմտությունների տարածումը պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների շրջանում։

Դասընթացը վարում է ԳՊՀ Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական  գիտությունների  թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։

Դասընթացն անցկացվում է  աշխատարանների (workshop) ձևաչափով, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին  լսարանում մասնագիտական խնդիրների լուծման համար կիրառել ԱԲ գործիքները։

Դասընթացի հիմնական թեմաներն են՝  գեներատիվ ԱԲ գործիքներով   հետազոտական աշխատանքների իրականացում, փաստաթղթերի, տվյալների ինետելեկտուալ վերլուծություն, շնորհանդեսների, մեդիանյութերի մշակում, արդյունավետ հրահանգների մշակում (Prompt Engineering):

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ  ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

Ս․ թ․ ապրիլի 17-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի /ՈԱԱԿ/ նախաձեռնությամբ կայացավ քննարկում հավատարմագրված բուհերի ներկայացուցիչների հետ՝ նվիրված մասնագիտական կրթական ծրագրերի ներքին փորձաքննությանը։ Քննարկման նպատակը կրթական ծրագրերի ներքին աուդիտի խնդիրների և դժվարությունների վերհանումն էր։

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց մասնագիտական կրթական ծրագրերի գնահատման բաղադրիչները՝ վերջնարդյունքների ձեռքբերում, ուսանողների գնահատում, ուսանողակենտրոնություն, գործատուների մասնակցություն, հետազոտություն, ավարտական աշխատանքների գնահատման չափանիշների համապատասախանությունը ոլորտին։ Նրա կողմից կարևորվեց աուդիտի իրականացման գործընթացի մշտադիտարկումը, որը հնարավորություն կընձեռի պատկերացում կազմել, թե բուհերի կրթական ծրագրերի ո՞ր մասն է ենթարկվել աուդիտի, ինչպե՞ս է իրականացվել փորձագետների ընտրությունը, ծրագրերի ո՞ր բաղադրիչներն են գնահատման առանցքում։ Բուհերին առաջարկվեց նաև ներկայացնել ներքին փորձաքննության իրենց փորձը։

Գավառի պետական համալսարանից քննարկմանը մասնակցեց ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը։ ԳՊՀ-ում կրթական ծրագրերի ներքին փորձաքնննությունն՝ արտաքին փորձագետների ներգրավմամբ, ընթացքի մեջ է։

                                           

 

 

 

 

 

 

 

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան