ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ

Ս․ թ․ փետրվարի 27-ին Գավառի պետական համալսարանի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի գերազանցիկ շրջանավարտ, ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս Կարեն Մաստոյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող Ե.13.05 –«Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ» մասնագիտական խորհրդում հաջողությամբ պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը։
Ատենախոսության թեման է՝ «Ինֆորմացիոն-տեսական մեթոդների կիրառությունը թվային պատկերների որակի գնահատման և մասնավոր ինֆորմացիայի պաշտպանության խնդիրներում»։ Գիտական ղեկավարն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը։ Որպես պաշտոնական ընդդիմախոսներ հանդես եկան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հասմիկ Սահակյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու, ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը։
Կարեն Մաստոյանի հետազոտությունը նվիրված է թվային պատկերների որակի գնահատման և մասնավոր ինֆորմացիայի պաշտպանության ոլորտներում ինֆորմացիայի տեսության մեթոդների կիրառման արդիական խնդիրներին:
Մասնագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց ատենախոսին տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհման մասին որոշմանը, ինչի առիթով ջերմորեն շնորհավորում ենք երիտասարդ գիտնականին և մաղթում հետագա հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։
ԳՊՀ ռեկտորատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ համալսարանում վերականգնվել է բնականոն աշխատանքային ռեժիմը և կրթական գործընթացը՝ առկա ձեւաչափով։
ԳՊՀ ռեկտորատ։

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ «RESEARCHER CONNECT» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Սույն թվականի փետրվարի 3-ից 14-ն առաջին անգամ առցանց անցկացվեց «Researcher Connect» հետազոտական դասընթացը, որին մասնակցեցին հայաստանյան 25 մասնագետներ՝ ավելի քան 10 բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից։ Մասնակիցների ընտրությունն անցկացվել էր մրցակցային պայմաններում. շուրջ 100 հայտերից ընտրվել էին լավագույն 25-ը։ ՀՀ մարզերում գործող բուհերի ներկայացուցիչներից դասընթացին մասնակցելու նպատակով ընտրվեց Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչանը։ Դասընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի նստավայրում կայացավ ընդունելություն՝ «Researcher Connect» առցանց դասընթացը հաջողությամբ ավարտած առաջին խմբի անդամների համար: Հանդիպմանը մասնակցեցին դասընթացի իրականացումը նախաձեռնած Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը և ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Դասընթացի փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները, նորարարական, ոգևորիչ գաղափարները, ինչպես նաև հնարավորություն ստացան ամրապնդելու դասընթացի ընթացքում ձևավորված նոր համագործակցային կապերը։
Դասընթացը միտված էր աջակցելու թե՛ երիտասարդ, թե՛ արդեն փորձառու հայաստանյան հետազոտողներին՝
• զարգացնելու գերազանց հաղորդակցման հմտությունները միջազգային բազմամշակութային ակադեմիական միջավայրում,
• ավելի հասանելի դարձնելու իրենց գիտական արդյունքները կրթության և համապատասխան քաղաքականության մշակման գործընթացներում,
• խթանելու հայկական գիտական ներուժի զարգացմանը, հետազոտական համայնքի ճանաչելիությանն ու ակտիվ ներգրավվածությանը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակում։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր՝ հավաստելով իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառելու և տարածելու կարևոր հանձնառությունը։
Նյութի աղբյուրը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնական կայքէջ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ
1․անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով 2025թ․ փետրվարի վերջին շաբաթ և կիրակի օրերին՝ փետրվարի 22-ին և 23-ին
ԳՊՀ-ում առկա դասեր չեն անցկացվի,
փոխարենը դասերը կկազմակերպվեն առցանց՝ հեռավար ձևաչափով։ ԳՊՀ վիրտուալ լսարաններ կարող եք մուտք գործել ԳՊՀ կայքի՝ «Հեռավար ուսուցում» համակարգի միջոցով,
2․ նշված օրերին նախատեսված ստուգարքներն ու քննությունները կհետաձգվեն և կանցկացվեն
համալսարանում՝ հաջորդ շաբաթ, օրվա և ժամի մասին վաղօրոք տեղեկացնելով ձեզ,
3․ փետրվարի 22-ին նախատեսված ԳՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը կկայանա փետրվարի 28-ին, նույն ժամին՝
14․30-ին, նույն օրակարգով։
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել համալսարանի ռեկտորատ, համապատասխան դեկանատներ և ամբիոններ, ինչպես նաև կարող եք գրել նամակ՝ ԳՊՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին․
info@gsu.am, infogsu@mail.ru, rector@gsu.am
Շնորհակալություն և ամենայն բարիք։
ԳՊՀ ռեկտորատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով անբարենպաստ եղանակային պայմանները, խնդրում ենք դասերն անցկացնել առցանց՝ հեռավար ձեւաչափով, օգտագործելով ԳՊՀ վիրտուալ լսարանները։
ԳՊՀ ռեկտորատ։

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

2008 թվականից սկսած՝ փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Գավառի պետական համալսարանի գրադարանում հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ բաց դաս-քննարկում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գրական ժառանգությանը, և նրա անզուգական ստեղծագործությունների լույսի ներքո արժևորվեց գրքերի անգնահատելի դերը անհատի կյանքում:
Ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը ուսանողների հետ քննարկեցին մեծն Թումանյանի մի շարք ստեղծագործություններ։ Խոսելով բանաստեղծի անսահման գրքասիրության մասին՝ նրանք ընդգծեցին գրքեր կարդալու անհրաժեշտությունը և ազդեցությունը մարդու աշխարհայացքի, արժեհամակարգի ձևավորման, մտածողության զարգացման գործում։
Քննարկմանը մասնակցեցին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուզաննա Սարգսյանը, ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը:
Ամփոփելով միջոցառումը՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ուսանողներին խորհուրդ տվեց անընդհատ կարդալ թե՛ մասնագիտական, թե՛ գեղարվեստական գրականություն, քանի որ գիրքը մարդուն բազմակողմանիորեն զարգացնելու, հոգևոր-մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու և ներաշխարհը հարստացնելու բացառիկ միջոց է։
Օրվա խորհրդի համաձայն՝ ԳՊՀ ուսանողներն ու աշխատակիցները միմյանց գրքեր նվիրեցին։

‹‹ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ›› ՏԻՏՂՈՍԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՆԱՏԱՇԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ‹‹Անգլերեն լեզու և գրականություն›› բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նատաշա Բաղդասարյանը մասնակցեց «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կազմակերպել էին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան և Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը՝ ուսանողների տոնի շրջանակներում։

2024 թվականին ուսման մեջ գերազանց առաջադիմություն ցուցաբերած, հետազոտության ոլորտում հաջողություններ արձանագրած, հասարակական աշխատանքներում ակտիվություն ցուցաբերած ուսանողները մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվեցին ‹‹Տարվա լավագույն ուսանող›› և պարգևատրվեցին շնորհակալագրերով, հուշանվերներով։

Գավառի պետական համալսարանից «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող ճանաչվեց և պարգևատրվեց Նատաշա Բաղդասարյանը։

Ջերմորեն շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողուհուն և հրապարակում նրա հետ հարցազրույցը․

‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:

— Ես Նատաշա Արծրունու Բաղդասարյանն եմ, ծնվել եմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Իմ առաջին քայլերը կատարել եմ Գավառի՝ Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել եմ 2006-2018 թվականներին։ 2018 թվականին ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի առաջին կուրս՝ անվճար հիմունքներով։ 2022 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտեցի բակալավրիատը, իսկ 2023 թվականին ընդունվեցի մագիստրատուրա անվճար հիմունքներով՝ շարունակելով իմ կրթությունը, խորացնելով մասնագիտական գիտելիքներս։ Այժմ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի եմ։

Մասնագիտական ուղիս մեծապես ձևավորել են իմ սերը դեպի գիտելիքը, անդադար աշխատանքը և հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Իմ հաջողությունների մեջ մեծ դեր ունի ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարունակական աջակցությունը, հատկապես ռեկտոր տիկին Ռ․ Հակոբյանի ցուցաբերած անգնահատելի ներդրումը, ով մեծապես նպաստել է իմ կրթական ճանապարհին գրանցած հաջողություններին։ Երախտապարտ եմ նաև Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրվածությամբ և մասնագիտական որակներով ստեղծել են ամուր հիմք իմ ակադեմիական հաջողությունների համար։ Նրանք իմ մեջ ձևավորել են գիտելիքի նկատմամբ սեր և մղել դեպի ինքնահաստատում ու առաջընթաց։

— Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:

— Համալսարանն ինձ տվեց ոչ միայն գիտելիքներ, այլև զարգացրեց վերլուծելու և ստեղծագործաբար մտածելու  կարողությունները։ Այն դարձավ միջավայր, որտեղ անցնում եմ մասնագիտական կայացման ճանապարհ, հանդիպել եմ  բանիմաց դասախոսների և ձեռք բերել արժեքավոր փորձառություններ։ Բացի ակադեմիական կրթությունից, համալսարանը սովորեցրեց ինձ՝ լինել ինքնուրույն, պատասխանատու և միշտ ձգտել ինքնակատարելագործման։

Հատկապես կարևոր էր այն, որ համալսարանն ինձ ընձեռեց հնարավորություն գիտելիքներս զարգացնելու միջազգային մակարդակում՝ շարունակելով ուսումս Եվրոպայում։ 2024 թվականին ես ուսանեցի Իտալիայի Հռոմի Սապիենզա համալսարանում, ինչը դարձավ անգնահատելի փորձ թե՛ ակադեմիական, թե՛ մշակութային առումով։ Այս փորձառությունը թույլ տվեց խորացնել մասնագիտական գիտելիքներս, շփվել և համագործակցել արտասահմանցի փորձագետների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր տեսանկյուններ տարբեր կրթական համակարգերի վերաբերյալ։

-Ի՞նչ երազանքներ ունեք։

-Իմ երազանքները կապված են անձնական ու մասնագիտական զարգացման հետ։ Ցանկանում եմ շարունակաբար ձեռք բերել նոր գիտելիքներ, ստեղծել ու ներդնել նորարարական մեթոդներ կրթության ոլորտում և նպաստել գիտելիքի ավելի հասանելի ու արդյունավետ տարածմանը։ Բացի այդ, կարևորում եմ ճանապարհորդությունները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս բացահայտելու նոր մշակույթներ, ընդլայնելու մտահորիզոնը և ձևավորելու ավելի խորքային ընկալում աշխարհի բազմազանության վերաբերյալ։

-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

— Ես դավանում եմ ազնվության, պատասխանատվության և անընդհատ ինքնակատարելագործման սկզբունքներին։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր քայլ պետք է լինի բարոյական արժեքների շրջանակում, յուրաքանչյուր պարտականություն՝ կատարված լավագույն ձևով, իսկ յուրաքանչյուր փորձառություն՝ հնարավորություն աճելու և կատարելագործվելու համար։ Հարգանքը շրջապատի և սեփական աշխատանքի նկատմամբ ինձ համար անփոխարինելի հիմք է կայուն ու հաջող կյանքի կառուցման գործում։

-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։

— Ինձ համար կյանքում առաջնայինը ինքնակատարելագործումն ու նոր գիտելիքների ձեռքբերումն են։ Ես հավատում եմ, որ գիտելիքը, ստեղծագործական մտածողությունը և ընտրած մասնագիտությանն անկեղծ նվիրվածությունը թույլ են տալիս հասնել մասնագիտական առաջընթացի։ Կարևորում եմ նաև ազնվությունը, պատասխանատվությունը և հարգանքը միջանձնային հարաբերություններում, որոնք հիմք են ամուր կապերի և իմաստալից կյանքի համար։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։

— Ազատ ժամանակս նախընտրում եմ անցկացնել իմ հետաքրքրություններին համապատասխան՝ ընթերցելով մասնագիտական և գեղարվեստական գրականություն և ուսումնասիրելով լեզուներ։ Ինձ հետաքրքրում են նորարարական նախագծերը և թիմային աշխատանքը, որոնք հնարավորություն են տալիս զարգանալ և գտնել ուսուցման ավելի արդյունավետ մեթոդներ։

Բացի այդ, մեծ կարևորություն եմ տալիս ինքնազարգացմանը և ճամփորդություններին, քանի որ դրանք ընդլայնում են մտահորիզոնը՝ թույլ տալով խորապես ճանաչել տարբեր մշակույթներ և ավելի լավ հասկանալ աշխարհը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ 

տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ 

լավագույնը։

-Լավագույն ուսանող դառնալու համար կարևոր է ոչ միայն գերազանց սովորել, այլև լինել ակտիվ, նպատակասլաց ու նախաձեռնող։ Իմ կրտսեր ընկերներին խորհուրդ եմ տալիս մշտապես ընդլայնել իրենց գիտելիքները, մասնակցել գիտական ու մշակութային միջոցառումների և արդյունավետ կառավարել ժամանակը։ Հաջողության գաղտնիքը նպատակասլացության, աշխատասիրության և գիտելիքի հանդեպ անշեջ ձգտման համադրության մեջ է։

Շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար և մաղթում շարունակական հաջողություններ››։

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և

 լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

 

 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի համար ընդունվում են մինչև ս․ թ․ մարտի 5-ը։
Առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն համալսարան՝ վերոնշյալ ժամկետում։
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում՝ ըստ առաջադիմության, տրամադրում է՝
1. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային 28 միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (պահանջվող փաստաթղթեր. դիմում՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման ներկայացման վերաբերյալ, տեղեկանք միասնական սոցիալական ծառայությունից՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորի վերաբերյալ, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների), անձնագրի և սոցիալական քարտի պատճեները),
2. սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին (պահանջվող փաստաթղթեր. դիմում՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման ներկայացման վերաբերյալ, տեղեկանք համայնքապետարանից՝ սահմանամերձ համայնքի մշտական բնակիչ լինելու վերաբերյալ, ատեստատի պատճեն, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների), անձնագրի և սոցիալական քարտի պատճեները),
3. մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին (պահանջվող փաստաթղթեր. դիմում՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման ներկայացման վերաբերյալ, զինվորական գրքույկի պատճեն կամ տեղեկանք զինվորական կոմիսարիատից, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների) անձնագրի և սոցիալական քարտի պատճեները),
4. առկա ուսուցմամբ բակալավրի ծրագրերով ընդունված և սովորող ուսանողներին, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ (պահանջվող փաստաթղթեր. դիմում՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման ներկայացման վերաբերյալ, երեխաների ծննդյան վկայականների պատճեններ, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների), անձնագրի և սոցիալական քարտի պատճեները):
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:
ԳՊՀ ռեկտորատ

ՃԱՆԱՉԵՆՔ   ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ.  ՎԵՐՈՆԻԿԱ  ԲԱՂՈՅԱՆ

‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:

-Ես Վերոնիկա Սամվելի Բաղոյանն եմ, ծնվել եմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում: Աշխարհաճանաչողության առաջին քայլերը կատարել եմ Գավառի՝ Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել եմ 2009-2021 թվականներին: 2021 թվականին ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի առկա ուսուցման «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի առաջին կուրս՝ անվճար հիմունքներով, և այժմ սովորում եմ չորրորդ կուրսում: Իմ հաջողության պատմությունը հիմնված է աշխատասիրության և նպատակասլացության վրա: Իսկ «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» կոչումը գնահատում եմ որպես աշխատանքի արդյունք, միաժամանակ՝  պատասխանատվություն, մշտապես և ամենուր օրինակելի լինելու պարտավորվածություն:

— Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:

— Համալսարանում ինձ սովորեցրել են ոչ միայն ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ, այլև զարգացնել անձնական որակներս, կատարելագործել կյանքի համար կարևոր հմտությունները, ինչպիսիք են ժամանակի կառավարումը, թիմային աշխատանքը, ծագած հարցերին՝ ստեղծագործական մոտեցումը, ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու կարողությունը՝ անսալով ներքին ձայնին, խղճին, բարությանն ու մարդասիրությանը: Համալսարանը ինձ տվեց անձնային և մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ, մղեց՝ բացահայտելու իմ իրական հետաքրքրությունները և ուսումնասիրելու այն ոլորտները, որոնք ամենից շատ են գրավում ինձ։  Դասընթացներն ու պրակտիկաները խթանեցին իմ վերլուծական մտածողությունը, իսկ հետազոտական աշխատանքները սովորեցրին աշխատել գիտական աղբյուրների հետ:

Գավառի պետական համալսարանում ես դարձա ավելի ինքնուրույն, սովորեցի գնահատել իրական արժեքները և առավել արդյունավետ կազմակերպել կյանքը:

-Ի՞նչ երազանքներ ունեք։

-Երազանքս է դառնալ որակյալ մասնագետ և իմ գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինել մարդկանց, հանդես բերել նորարարական մոտեցումներ:

-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

-Ես դավանում եմ ազնվությանը, արդարությանը, բարու և ճշմարիտի հաղթանակին։ Գիտեմ, որ դժվարությունները հաղթահարելու և նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է աշխատել առանց դադարի և  վստահել սեփական ուժերին:

-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։

— Ինձ համար առաջնային արժեքներ են հույսը, հավատը, սերը։

Ես կարևորում եմ կրթությունը և այն ներդրումները, որ անում եմ իմ ապագայի համար: Ունենալով մանկահասակ երեխա՝ ես հասկանում եմ, թե որքան կարևոր է հավասարակշռել իմ անձնական կյանքը և մասնագիտական կայացումը:

-Իսկ ինչպե՞ս եք համատեղում ուսումը մայրիկի պարտականությունների կատարման հետ։

-Թեև բարդ է համատեղել երեխայի խնամքը և կրթությունը, սակայն ունեմ ընտանիքիս մշտական աջակցությունը, ինչն օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները, լինել կազմակերպված և ազատել ժամանակը ուսմանս համար։ Ընտանիքը իմ  հենարանն է և ոգեշնչման աղբյուրը։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։

-Ինձ համար կարևոր է՝ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, լիցքավորվել դրական հույզերով։ Բացի այդ, սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, ինչը թույլ է տալիս   ընդլայնել աշխարհայացքս: Ես նաև հետևում եմ մասնագիտական աշխարհի նորություններին, որպեսզի մշտապես տեղեկացված լինեմ ոլորտիս վերջին զարգացումներին:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ 

տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ 

լավագույնը։

-Խորհուրդ կտամ լինել աշխատասեր, նպատակասլաց և սիրել այն, ինչով զբաղվում ես: Հաջողության հասնելու համար պետք է պատրաստ լինել՝ անընդհատ սովորել և աշխատել։ Կարևոր է նաև ճիշտ կազմակերպել ժամանակը, զարգացնել հմտությունները, լինել համարձակ և չվախենալ փորձություններից:

Շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար, մաղթում ամենայն բարիք և ցանկանում, որ միշտ լինեք լավագույնը, ունենաք հստակ նպատակներ, քանզի եթե տեսնում եք նպատակը, դժվարություններն այլևս չեք նկատում››։

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և

 լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

 

 

 

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ` «RESEARCHER CONNECT»  ԽՈՐԱԳՐՈՎ  ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Ս․ թ․ հունվարի 31-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի (British Council Armenia) տնօրեն Ադդէ Հովասափյանը հանդիպեցին «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց դասընթացի 25 մասնակիցների հետ։ Պարոն Մովսիսյանն ընդգծեց, որ այն հմտությունները և գիտելիքը, որ տալու է այս ծրագիրը, համահունչ է Հայաստանի վարած քաղաքականությանը՝ գիտության միջազգայնացման, գիտական արդյունքների, հրապարակումների, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններից օգտվելու, միջազգային գործընկերներ գտնելու տեսանկյուններից: Պարոն Հովասափյանը ներկայացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի գործունեության նպատակը․ աջակցել Հայաստանի զարգացմանը՝ ստեղծելով վստահելի կապեր և իրականացնելով ծրագրեր անգլերենի դասավանդման, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում։

Նա հայտնեց, որ 100-ից ավելի հայտ են ստացել, սակայն ընտրվել են 25-ը, որոնք կմասնակցեն վերապատրաստման դասընթացին:

Դասընթացի նպատակն է բարձրացնել անհատ հետազոտողների արդյունավետությունը՝ միջազգային բազմամշակութային ակադեմիական համատեքստում հաղորդակցության հմտությունների զարգացման միջոցով, համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների համար մրցակցային առավելություն ապահովել արագ զարգացող միջազգային հետազոտական տարածքում։

Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը, ով նաև մասնակցելու է առաջիկա դասընթացին։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/1EC6W3rh5k/

 

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան