Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ ուսանողների ինքնուրույն հետազոտական աշխատանքի արդյունքների հերթական քննարկումը։ «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Աննա Մաթևոսյանն ու Անի Ումրշատյանը ներկայացրին «Շարժման վերաբերյալ խնդիրների միջոցով սովորողների մտածողության զարգացման աստիճանականության գնահատումը մաթեմատիկայի և հանրահաշվի դասագրքերում՝ հանրակրթության պետական չափորոշչային պահանջների համադրությամբ» թեմայով նախագծային աշխատանքը։ Նախագծի նպատակն էր ուսումնասիրել մաթեմատիկայի և հանրահաշվի 4-րդից 9-րդ դասարանների դասագրքերում ներառված շարժման վերաբերյալ խնդիրների համակարգը՝ բացահայտելու դրանցում սովորողների մտածողության զարգացման աստիճանականությունը՝ ըստ Բլումի տաքսոնոմիայի մակարդակների, ինչպես նաև գնահատելու առաջադրանքների համապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին, ինչպես նաև տարբերակված ուսուցման ապահովման նպատակով մշակելու ուսումնական առաջադրանքներ։ Նախագծային աշխատանքի ղեկավարն է ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյանը։
Նախագծի արդյունքների ներկայացմանը մասնակցեցին Հայրավանքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, կենսաբանության և քիմիայի ուսուչուհի, ԳՊՀ շրջանավարտ Կաքավ Առաքելյանը, ինչը հնարավորություն տվեց հետազոտության արդյունքները քննարկել դպրոցական կրթության տեսանկյունից, ինչպես նաև ուսանողների գնահատման հանձնաժողովում ընդգրկել նաև դպրոցի ներկայացուցիչներին։ Հատկանշական է, որ ուսանողների կողմից կիրառված փոխներգործուն մեթոդներով աշակերտները լուծեցին PISA միջազգային ստուգատեսի մեթոդաբանությանը համապատասխանող, ուսանողների մշակած 15 տարեկանների մաթեմատիկական գրագիտության գնահատման համար նախատեսված իրավիճակային խնդիրներ։ Աշակերտները հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, եղան համալսարանի գրադարանում, ընթերցասրահում, Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ