ԳՊՀ-ՈՒՄ  ԿԱՅԱՑԱՎ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ  ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ  ՀԱՆԴԻՍԱՎՈՐ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը Գավառի պետական համալսարանի համար նշանավորվում է յուրովի, քանզի յուրաքանչյուր տարի այս օրը ջերմ ու հաճելի մթնոլորտում դիպլոմներ են շնորհվում առկա և հեռակա բաժինների բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին:

Այսօր բարձրագույն մասնագիտական կրթության վավերագիր՝ դիպլոմ ստացավ ԳՊՀ  շրջանավարտների 27-րդ սերունդը, ով կմիանա ութ հազարից ավելի համալսարանականների բանակին, պատվով կծառայի մայր հայրենիքին ու ժողովրդին, քանզի Գավառի պետական համալսարանը ոչ միայն տալիս է մասնագիտական խորը գիտելիքներ ու կարողություններ, այլև նպաստում է ուսանողների լայն աշխարհայացքի, արժեքային ճիշտ կողմնորոշումների ու սկզբունքների  ձևավորմանը։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին, բոլոր համալսարանականներին ու հյուրերին՝ նշելով, որ բուհում կրթության ու դաստիարակության ուղենիշը եղել և մնում է ազնիվ ու առաքինի, ազգային ու համամարդկային բարձր արժեքներով օժտված մասնագետներ պատրաստելու կարևոր առաքելությունը: Ռեկտորատի անդամները շնորհավորեցին շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական կայացում և առաջընթաց, անձնական ու աշխատանքային հաջողություններ:

Ավանդույթի համաձայն տեղի ունեցավ մագիստրոսների երդման հանդիսավոր արարողություն։

ԳՊՀ շրջանավարտներին իր գեղեցիկ կատարմամբ ողջունեց Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Գրիգոր Բալագոզյանը։

 

 

 

Հրապարակվել է 05.07.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան