ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԹԵՀՄԻՆԵ ԲԱՏԻԿՅԱՆ

-«Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
-Ես Թեհմինե Բատիկյանն եմ, ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում: 2000-2012 թվականներն սովորել եմ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին մասնակցել եմ տարբեր մրցույթների և օլիմպիադաների: Հայոց լեզվի և գրականության հանդեպ ունեցած մեծ սերն ինձ ուղղորդեց դեպի համալսարան: 2012 թվականին անվճար հիմունքներով ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատ, որն ավարտել եմ 2015 թվականին գերազանց առաջադիմությամբ: 2022 թվականին ուսումս շարունակելու նպատակով ընդունվել եմ նույն բաժնի մագիստրատուրան: Ուսումնառության տարիներին մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերել հայ գրականության և գրաքննադատության հանդեպ:
2022 թվականին մարզային գրադարանի կողմից հաղթող եմ ճանաչվել «Տարվա լավագույն ընթերցող» անվանակարգում:
Գերազանց սովորելուն զուգահեռ կատարել եմ հետազոտական աշխատանք: Մասնակցել եմ միջազգային և հանրապետական գիտաժողովների, ունեմ տպագրված հոդվածներ և՛ գրականությունից, և՛ հայոց լեզվից:
2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» մրցույթում մագիստրոսի կրթական աստիճանում արժանացել եմ «Հայագիտության» ոլորտի 1-ին մրցանակին:
-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:
— Պետք է նշեմ, որ «ՀՀ լավագույն ուսանող» մրցույթում իմ հաղթանակի մեջ մեծ դեր է ունեցել Գավառի պետական համալսարանի դասախոսների նվիրվածությունն ու բանիմացությունը: Համալսարանն ինձ լայն հնարավորություն ընձեռեց՝ բացահայտելու աշխարհը նորովի ու բազմակողմանիորեն: Սովորելով բուհում՝ մեր բանիմաց մասնագետների շնորհիվ ես ձեռք բերեցի հիմնարար գիտելիքներ որակյալ մասնագետ դառնալու համար: Համալսարանը հնարավորություն ընձեռեց մասնակցելու գիտաժողովների, որն ավելի էր պարտավորեցնում ինձ՝ ավելի ու ավելի շատ գիտելիքներ ամբարելու: Դժվարություններ հաղթահարելով՝ ես ավելի կոփվեցի և հասա իմ նպատակին:
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
— Ինձ համար առաջնայինը կյանքում եղել է սովորելը, հիմնավոր և լավ սովորելը:
-Ի՞նչ երազանքներ ունեք։
-Դեռ մանկուց միշտ երազել եմ ուսուցչուհի դառնալ և հիմա միակ երազանքս լինել լավ մասնագետ և աշխատել իմ մասնագիտությամբ:
-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
-Ազնվություն, բարություն, մարդասիրություն, արդարություն, ճշմարտասիրություն՝ այն ամենը, ինչ ամեն օր տեսնում և զգում եմ իմ սիրելի համալսարանում։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։
-Ազատ ժամերին իմ միակ նախասիրությունը գիրք կարդալն է:
Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի
հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։
-Նախ կցանկանամ նշել, որ Գավառի պետական համալսարանը տալիս է այն բոլոր նախադրյալները, որ անհրաժեշտ են լավ սովորելու, առաջ գնալու և լավագույնը դառնալու համար: Ուսանողներին միայն մնում է հետևողականորեն լինել, լավ սովորել և հավատալ իրենց ուժերին, քանի որ պայքարողը միշտ հաղթանակի է հասնում։ Հավելեմ միայն, որ պետք է լինել աշխատասեր և նպատակասլաց»:
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և
լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը
Հրապարակվել է 11.09.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան