ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ ԼՈՒԾՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐՎԵՍՏԸ․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԿԾ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Նոյեմբերի 6-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԿԾ բարելավման հաջողված փորձի ներկայացման հերթական աշխատաժողովը, որին  մասնակցեցին ավելի քան 70  մասնագետներ Հայաստանի տարբեր բուհերից։   
Կարևորելով ՄԿԾ-ների բարելավման գործընթացը և հաջողված փորձի վերհանումն ու տարածումը՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց․ «Այսօր ուսանողն այլևս չի ուզում միայն փաստեր սովորել։ Նա ուզում է միանգամից և սովորել, և վերլուծել, և տեսնել իր առաջընթացը»։  Պարոն Թոփչյանը շեշտեց, որ ուսանողը սովորում է հանձնարարությունների միջոցով, և վերջնարդյունահենք մոտեցումը ենթադրում է խնդիրներ լուծելու կարողության ձևավորում։ «Այսօրվա դասախոսը պետք է լինի խնդիր լուծող և ուսանողներին  սովորեցնի խնդիր լուծել»,- ասաց նա։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց ՄԿԾ-ի բարելավման երկու փորձ։
Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը և Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը ներկայացրին բակալավրի մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման և արդիականացման կառուցակարգերը՝ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության օրինակով։
Նշվեց, որ ՏՏ ոլորտն արագընթաց է զարգանում, բուհի համար մարտահրավեր է աշխատաշուկայի արագ փոփոխվող կարիքներին արձագանքելը։ Ուստի հենց այս ՄԿԾ-ի օրինակով է բուհը փորձարկել ՄԿԾ-ների բարելավման և արդիականացման  իր մշակած կառուցակարգերը։
Հաջորդիվ ներկայացվեցին ՄԿԾ բովանդակության արդիականացման գործոնները և բարելավման ուղղությունները, որոնք կիրառել են բարելավման գործընթացում․ 

  •  դասախոսական կազմի համալրում,  
  • դասավանդման և ուսումնառության նոր մեթոդների կիրառում, 
  •  ուսանողների գնահատման նոր չափանիշների ներդրում, 
  • բենչմարքինգ, որի շրջանակներում ուսումնասիրել են միջազգային փորձը,  
  • հետազոտական աշխատանքներ, գիտական նորարարություններ, 
  • շահառուների կարծիքների ուսումնասիրություն և դրա հիման վրա նոր առարկաների ներդրում կամ եղածների բարելավում, 
  • նախագծահենք և աշխատանքի վրա հենված ուսուցում, այդ թվում գործատուի մոտ փորձնակության ծրագրի իրականացում,
  • համակարգչային լաբորատորիաների արդիականացում, 
  • նոր կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ինտեգրում ուսուցման գործընթացում։ 

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար Նաթելլա Գրիգորյանը ներկայացրեց մոդուլային կառուցվածքով «Պատմություն» կրթական ծրագրի ներդրման փորձը։
Նշվեց, որ հայաստանյան բոլոր բուհերի պատմության ՄԿԾ-ներն ուսումնասիրել են, ապա նորովի մոտեցմամբ իրենց ծրագիրն են մշակել, որի արդյունքում   որոշ դասընթացներ, որոնք ընդհանուր վերջնարդյունքներ են ունեցել,  միավորվել են։ Բացի այդ, ապահովվում է դասավանդման ժամանակագրական մոտեցում, ինչը հնարավորություն է տալիս ուսանողին միևնույն ժամանակ ուսումնասիրել Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած պատմական զարգացումները, համեմատական վերլուծություն և համադրություններ անել։ Շեշտվեց, որ իրենց ուսումնասիրությունները վկայում են՝ համաժամանակյա ուսուցումն ուսանողին հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել աշխարհը և պատմական զարգացումները։
Յուրաքանչյուր ներկայացումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը և քննարկել ներկայացված փորձերը։   
Նշենք՝ ՄԿԾ բարելավման հաջողված փորձի ներկայացմանը նվիրված աշխատաժողովները պարբերական են։ Բոլոր այն մասնագետները կամ ուսումնական հաստատություները, որոնք  ունեն բարելավված կրթական ծրագրերի փորձառություն, կարող են դիմել ՈԱԱԿ-ին (նամակ գրելով info@anqa.am էլ․ փոստին)՝ հաջորդ միջոցառումների ընթացքում իրենց փորձը ներկայացնելու համար։

 

Տեղեկատվության աղբյուրը՝ ՈԱԱԿ-ի կայք , https://www.anqa.am/
Հրապարակվել է 09.11.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան