ՃԱՆԱՉԵՆՔ   ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ.  ՎԵՐՈՆԻԿԱ  ԲԱՂՈՅԱՆ

‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:

-Ես Վերոնիկա Սամվելի Բաղոյանն եմ, ծնվել եմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում: Աշխարհաճանաչողության առաջին քայլերը կատարել եմ Գավառի՝ Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել եմ 2009-2021 թվականներին: 2021 թվականին ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի առկա ուսուցման «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի առաջին կուրս՝ անվճար հիմունքներով, և այժմ սովորում եմ չորրորդ կուրսում: Իմ հաջողության պատմությունը հիմնված է աշխատասիրության և նպատակասլացության վրա: Իսկ «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» կոչումը գնահատում եմ որպես աշխատանքի արդյունք, միաժամանակ՝  պատասխանատվություն, մշտապես և ամենուր օրինակելի լինելու պարտավորվածություն:

— Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:

— Համալսարանում ինձ սովորեցրել են ոչ միայն ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ, այլև զարգացնել անձնական որակներս, կատարելագործել կյանքի համար կարևոր հմտությունները, ինչպիսիք են ժամանակի կառավարումը, թիմային աշխատանքը, ծագած հարցերին՝ ստեղծագործական մոտեցումը, ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու կարողությունը՝ անսալով ներքին ձայնին, խղճին, բարությանն ու մարդասիրությանը: Համալսարանը ինձ տվեց անձնային և մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ, մղեց՝ բացահայտելու իմ իրական հետաքրքրությունները և ուսումնասիրելու այն ոլորտները, որոնք ամենից շատ են գրավում ինձ։  Դասընթացներն ու պրակտիկաները խթանեցին իմ վերլուծական մտածողությունը, իսկ հետազոտական աշխատանքները սովորեցրին աշխատել գիտական աղբյուրների հետ:

Գավառի պետական համալսարանում ես դարձա ավելի ինքնուրույն, սովորեցի գնահատել իրական արժեքները և առավել արդյունավետ կազմակերպել կյանքը:

-Ի՞նչ երազանքներ ունեք։

-Երազանքս է դառնալ որակյալ մասնագետ և իմ գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինել մարդկանց, հանդես բերել նորարարական մոտեցումներ:

-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

-Ես դավանում եմ ազնվությանը, արդարությանը, բարու և ճշմարիտի հաղթանակին։ Գիտեմ, որ դժվարությունները հաղթահարելու և նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է աշխատել առանց դադարի և  վստահել սեփական ուժերին:

-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։

— Ինձ համար առաջնային արժեքներ են հույսը, հավատը, սերը։

Ես կարևորում եմ կրթությունը և այն ներդրումները, որ անում եմ իմ ապագայի համար: Ունենալով մանկահասակ երեխա՝ ես հասկանում եմ, թե որքան կարևոր է հավասարակշռել իմ անձնական կյանքը և մասնագիտական կայացումը:

-Իսկ ինչպե՞ս եք համատեղում ուսումը մայրիկի պարտականությունների կատարման հետ։

-Թեև բարդ է համատեղել երեխայի խնամքը և կրթությունը, սակայն ունեմ ընտանիքիս մշտական աջակցությունը, ինչն օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները, լինել կազմակերպված և ազատել ժամանակը ուսմանս համար։ Ընտանիքը իմ  հենարանն է և ոգեշնչման աղբյուրը։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։

-Ինձ համար կարևոր է՝ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, լիցքավորվել դրական հույզերով։ Բացի այդ, սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, ինչը թույլ է տալիս   ընդլայնել աշխարհայացքս: Ես նաև հետևում եմ մասնագիտական աշխարհի նորություններին, որպեսզի մշտապես տեղեկացված լինեմ ոլորտիս վերջին զարգացումներին:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ 

տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ 

լավագույնը։

-Խորհուրդ կտամ լինել աշխատասեր, նպատակասլաց և սիրել այն, ինչով զբաղվում ես: Հաջողության հասնելու համար պետք է պատրաստ լինել՝ անընդհատ սովորել և աշխատել։ Կարևոր է նաև ճիշտ կազմակերպել ժամանակը, զարգացնել հմտությունները, լինել համարձակ և չվախենալ փորձություններից:

Շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար, մաղթում ամենայն բարիք և ցանկանում, որ միշտ լինեք լավագույնը, ունենաք հստակ նպատակներ, քանզի եթե տեսնում եք նպատակը, դժվարություններն այլևս չեք նկատում››։

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և

 լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

 

 

 

Հրապարակվել է 02.02.2025
Scroll to Top
Գավառի պետական համալսարան