Գավառի պետական համալսարանի իրականացրած Եվրոպական միության «Էրազմուս+» ակադեմիական միջազգային շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ԳՊՀ ուսանողները ներկայացրին հաշվետվություններ։
Հաշվետվությունները լսեցին Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ղեկավար կազմը, դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչները։
Հետաքրքիր շնորհանդես-հաշվետվություններ ներկայացրին «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Վոլոդյա Գևորգյանը, ով սովորել էր Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում, «Անգլերեն լեզու եւ գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արփի Սարիբեկյանը, ով սովորել էր Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում, ինչպես նաև Ռումինիայի Հանրապետության Տիմիշոարայի Արեւմտյան համալսարանում ուսանած ԳՊՀ «Ֆինանսներ» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Վարդինե Հարությունյանը։ Ուսանողները պատասխանեցին ներկաների հարցերին, կիսվեցին տարբեր երկրներ շրջագայություններից ստացած իրենց տպավորություններով, ցուցադրեցին տեսանյութեր՝ իրենց ընկերներին խորհուրդ տալով ակտիվորեն մասնակցել Գավառի պետական համալսարանի իրականացրած եվրոպական կրթական ծրագրերին։
Արտերկրում սովորած ԳՊՀ մյուս ուսանողների հետ հաշվետու հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ ս․ թ․ ապրիլի 23-ին, ժամը՝ 13․00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։