Ս․ թ․ ապրիլի 17-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի /ՈԱԱԿ/ նախաձեռնությամբ կայացավ քննարկում հավատարմագրված բուհերի ներկայացուցիչների հետ՝ նվիրված մասնագիտական կրթական ծրագրերի ներքին փորձաքննությանը։ Քննարկման նպատակը կրթական ծրագրերի ներքին աուդիտի խնդիրների և դժվարությունների վերհանումն էր։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց մասնագիտական կրթական ծրագրերի գնահատման բաղադրիչները՝ վերջնարդյունքների ձեռքբերում, ուսանողների գնահատում, ուսանողակենտրոնություն, գործատուների մասնակցություն, հետազոտություն, ավարտական աշխատանքների գնահատման չափանիշների համապատասախանությունը ոլորտին։ Նրա կողմից կարևորվեց աուդիտի իրականացման գործընթացի մշտադիտարկումը, որը հնարավորություն կընձեռի պատկերացում կազմել, թե բուհերի կրթական ծրագրերի ո՞ր մասն է ենթարկվել աուդիտի, ինչպե՞ս է իրականացվել փորձագետների ընտրությունը, ծրագրերի ո՞ր բաղադրիչներն են գնահատման առանցքում։ Բուհերին առաջարկվեց նաև ներկայացնել ներքին փորձաքննության իրենց փորձը։
Գավառի պետական համալսարանից քննարկմանը մասնակցեց ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը։ ԳՊՀ-ում կրթական ծրագրերի ներքին փորձաքնննությունն՝ արտաքին փորձագետների ներգրավմամբ, ընթացքի մեջ է։