Շնորհավորում ենք Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Միրիբյանին և ԳՊՀ ռուսաց լեզվի և գրականության բաժնի շրջանավարտ, ռուսաց լեզվի ուսուցչուհի Սիրանուշ Ղանդիլյանին, ում համահեղինակությամբ լույս են տեսել ռուսերենի նոր՝ «БУКВАРЬ»-ը և մեթոդական ուղեցույցը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2025 թվականին երաշխավորվել է որպես 2-րդ դասարանի դասագիրք։
Դասագիրքը կազմվել է պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդի լեզվական իրողությունները։ Ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասագրքի յուրաքանչյուր թեմայի շրջանակներում առկա են հնչյունական և բառային վարժություններ, բառապաշարի հարստացման, խոսքի, տրամաբանական և ստեղծագործական մտածողության զարգացմանն ուղղված առաջադրանքներ։ Դասագիրքը նախատեսված է խոսքի բոլոր մասերի զարգացման համար՝ ներառելով բազմաթիվ առաջադրանքներ և վարժություններ։ Ապահովվել են միջառարկայական կապերը մայրենի լեզվի, նկարչության, երգեցողության, մաթեմատիկայի, «Շրջակա աշխարհ»-ի հետ։ Դասագրքում առկա են բազմաթիվ նյութեր, որոնք ուղղված են բարոյական արժեքների արմատավորմանը, ընտանեկան հարաբերությունների, փոխօգնության կարևորության գիտակցմանը, մարդկանց հանդեպ հարգանքի, բնության և շրջակա աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը, ուսումնասիրվող լեզվի եւ մշակույթի հանդեպ հետաքրքրության աճին։
Ուսուցչին օգնելու համար կազմվել է նաև մեթոդական ձեռնարկ, որում ներկայացված են ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր և առանձին բաժինների ու թեմաների ուսումնասիրման վերաբերյալ առաջարկություններ, ներառված է թեմատիկ պլան՝ ուսուցման նպատակների և վերջնարդյունքների նշումով։ Դասերի պլանավորման մեջ առկա են քննադատական, տրամաբանական, ստեղծագործական մտածողության, ոչ ստանդարտ լուծումներ փնտրելու և գտնելու կարողությունների զարգացմանն ուղղված առաջադրանքների և վարժությունների օրինակներ։
Ուսումնամեթոդական այս համալիրը ռուսաց լեզվի ուսուցումը դարձնելու է հաճելի, ստեղծագործական և հետաքրքիր գործընթաց։