Գավառի պետական համալսարանի ռեկտորատի նիստում քննարկվեց Եվրոպական միության էրազմուս+ «T-GREEN» և «KPI4HE» ծրագրերի ընթացքը, ներկայացվեցին արդյունքները։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ Էրազմուս+ ծրագրերը նպաստում են բուհի կարողությունների զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացմանը, նորարար ուսումնական մեթոդների ներդրմանը և ուսումնառության արդյունավետության բարձրացմանը։ «T-GREEN» ծրագիրը կարևորվեց «կանաչ» կրթության, շրջանաձև տնտեսության և կայուն զարգացման սկզբունքների գործնական ինտեգրման, իսկ «KPI4HE» ծրագիրը՝ բարձրագույն կրթության համակարգում արդյունավետության հստակ չափումներ ներդնելու տեսանկյուններից։ Տիկին Հակոբյանն անդրադարձավ բարձրագույն կրթության կառավարման բարեփոխումներին և կատարողականի արդյունքային ցուցանիշներին՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի պահանջների համատեքստում, նշեց ԳՊՀ-ում նոր՝ «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում» մագիստրոսական կրթական ծրագրի ներդրման մասին, որն իրականացվում է Գավառի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համագործակցությամբ։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց ԵՄ Էրազմուս+ «T-GREEN» և «KPI4HE» ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները, դրանց հիմնական ուղղություններն ու նպատակները՝ ընդգծելով, որ ծրագրերը նախատեսում են համալիր մոտեցումներ կրթական միջավայրի շարունակական զարգացման և ուսումնական գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղություններով։ Լ․ Թոռչյանը ներկայացրեց ծրագրերի աշխատանքային փաթեթների շրջանակներում իրականացված գործողությունները, արձանագրված ձեռքբերումներն ու հետագա անելիքները։