ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԵՄ ‹‹ERASMUS+T-GREEN›› ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը, նույն ամբիոնի դասախոս, ԳՊՀ գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը, ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը Պորտուգալիայի Պորտո քաղաքի Կաթոլիկ համալսարանում մասնակցեցին Եվրոպական միության ‹‹Erasmus+T-Green․ Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագրի աշխատաժողովին՝ նվիրված մագիստրոսական ծրագրերի իրականացման արդյունքների քննարկմանը։
Ծրագրի գործընկեր եվրոպական համալսարանների՝ Պորտուգալիայի, Լեհաստանի, Հունաստանի, Լիտվայի բուհերի պատվիրակները ներկայացրին իրենց երկրներում իրականացվող համատեղ, կրկնակի և բազմակի մագիստրոսական ծրագրերի իրավական կարգավորումները։
Հայաստանյան բուհերի աշխատակիցները ներկայացրին ԵՄ ծրագրի շրջանակում մշակված և փորձնական իրականացվող մագիստրոսական ծրագրերը, ինչպես նաև այն վերամասնագիտացված դասընթացները, որոնք ընդգրկված են հարակից մագիստրոսական կրթական ծրագրերում և ներառում են «կանաչ կրթությանը» վերաբերող թեմաներ:
Գավառի պետական համալսարանի ‹‹Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում›› մագիստրոսական կրթական ծրագիրը, ինպես նաև ‹‹Erasmus+T-Green›› ծրագրի շրջանակում վերամշակված «Նախագծի կառավարում», «Տնտեսագիտության փիլիսոփայություն», «Արտադրական բիզնեսի զարգացման միտումները», «Լոգիստիկա», «Կորպորատիվ ֆինանսական կառավարում», «Ֆինանսական մենեջմենթ», «Ֆինանսական վերլուծություն», «Ներդրումային նախագծերի գնահատում» դասընթացների հիմնական նպատակները, ծրագրում ունեցած այլ ձեռքբերումները ներկայացրեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։
Աշխատաժողովի ընթացքում ՀՀ բուհերի ներկայացուցիչները քննարկեցին համատեղ մագիստրոսական ծրագրերի հետագա իրականացմանը վերաբերող հարցեր։ ԳՊՀ ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, հանդես եկան կարևոր դիտարկումներով ու առաջարկություններով։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան