Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանը մասնակցեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովի նպատակն էր քննարկել բարձրագույն կրթության համակարգում պատմության և հարակից հումանիտար գիտակարգերի դասավանդման արդի տեսական և մեթոդաբանական հիմնախնդիրները:
Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ակադեմիական, հանրակրթական, ԿԳՄՍ նախարարության ենթակա կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև արտերկրից ժամանած պրոֆեսորներ ու փորձագետներ, ինչն ընդգծում էր միջոցառման միջազգային և միջգիտակարգային բնույթը։ Քանաքարա Հայրապետյանը մասնակցեց «Համաշխարհային պատմություն» խորագրով 4-րդ նիստին՝ հանդես գալով որպես զեկուցող և նիստավար՝ պատմական գիտությունների թեկնածու, «Այբ» դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Մինասյանի հետ համատեղ։ Ք․ Հայրապետյանը հանդես եկավ «Ստեղծարար մտածողությունը՝ պատմական մտածողության նախապայման» թեմայով զեկուցմամբ, որում կարևորեց պատմական մտածողության ձևավորման գործընթացում ստեղծարար և քննադատական մտածողության՝ որպես պատմության արդյունավետ դասավանդման հիմնարար գործոնի դերը: Տիկին Հայրապետյանը նշեց, որ պատմության ուսուցումը պետք է դիտարկել ոչ միայն փաստական գիտելիքների փոխանցման, այլև սովորողի վերլուծական, համադրական և ստեղծարար կարողությունների զարգացման համատեքստում: Գիտաժողովը՝ որպես լավագույն փորձի փոխանակման և պատմագիտական արդի մոտեցումների ներկայացման հարթակ, հնարավորություն տվեց կառուցողական քննարկումների միջոցով բազմակողմանիորեն դիտարկել պատմության դասավանդման բովանդակային և մեթոդաբանական խնդիրները, վերանայել ուսուցման մեթոդներն ու մոտեցումները։