ՋԵՅՆ ՕՍԹԻՆԻ «ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔ» ՎԵՊԻ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ անգլիացի գրող Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» հայտնի վեպի բեմականացումը, որտեղ բոլոր դերերը մարմնավորել էին «Անգլերեն լեզու և գրականություն», «Իրավագիտություն» և «Ֆինանսներ» բաժինների  ուսանողները։

Ներկայացման ընթացքում ուսանողները սահուն անգլերենով փոխանցեցին վեպի հիմնական գաղափարները՝ մարդկային հպարտության, նախապաշարմունքների, սոցիալական տարբերությունների և սիրո մասին։ Էլիզաբեթ Բենեթի և պարոն Դարսիի կերպարներն առանձնանում էին խորքային խաղով և հույզերի ճշգրիտ արտահայտմամբ՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ արձագանքին։ Մյուս դերակատարները ևս վստահ և գեղեցիկ խաղով ներկայացրին իրենց հերոսներին՝ ստեղծելով ամբողջական և համոզիչ բեմադրություն։

Ուսանողները փորձել էին պահպանել ստեղծագործությանը բնորոշ դասական մթնոլորտը՝ վեպի բնագրային լեզվին ավելացնելով ժամանակակից անգլերենով շեշտադրումներ, որոնք ներկայացումը ավելի մատչելի էին դարձրել լսարանի համար։ Հագուստները և բեմադրությունը համապատասխան էին 19-րդ դարի Անգլիայի ոճին, ինչը նպաստեց պատմական միջավայրի ամբողջական զգացողությանը։

Ներկայացման ավարտին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և դասախոսները բարձր գնահատեցին տիկին Թոռչյանի և ուսանողների աշխատանքը՝ հաջողված համարելով նրանց՝ համաշխարհային գրականության գոհարներից մեկի պատառիկները հանդիսատեսին փոխանցելու ջանքերը։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան