ԴԻՍՆԵՅ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԵՐԸ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ յուրահատուկ և բովանդակալից ցերեկույթ՝ Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանի ղեկավարությամբ և «Սերվիս» բաժնի ուսանողների ակտիվ մասնակցությամբ։ Ոսանողները հանդես եկան ամանորյա երգ ու պարով, անգլերենով անդրադարձան տարվա յուրաքանչյուր ամսվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններին՝ հանդիսատեսի հետ անցկացնելով հետաքրքիր և ուսուցողական խաղեր։

Գեղեցիկ և ուշագրավ էր հատկապես Դիսնեյ արքայադուստրերի կերպարների միջոցով ներկայացված բեմականացումը, որի շրջանակում փորձ արվեց հասկանալ գլոբալ տաքացման հիմնական պատճառները, մարդկության կողմից բնության նկատմամբ թույլ տրված սխալներն ու դրանց հետևանքով բնական համակարգի հավասարակշռության խախտումները։ Ստեղծագործական մոտեցմամբ Դիսնեյ արքայադուստրերը փորձեցին իրենց մոգական ուժով «վերադարձնել» ձմեռվա խորհուրդը՝ ձյունն ու սառնամանիքը, առանց որոնց անհնար կլիներ ամանորյա հրաշքի լիարժեք զգացումը։

Ցերեկույթը ոչ միայն կրթական ու ճանաչողական բնույթ ուներ, այլև նպաստեց ուսանողների ստեղծագործական մտածողության, գեղագիտական ճաշակի, թիմային աշխատանքի և լեզվական հմտությունների զարգացմանը, գլոբալ խնդիրների նկատմամբ գիտակցված վերաբերմունքի ձևավորմանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով կրթության և մշակույթի համադրության կարևորությունը։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան