ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՌԵԳԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«- Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
-Ես Ռեգինա Խաչիկի Բաղդասարյանն եմ, ծնվել եմ 1998 թվականի հուլիսի 12-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում։ 2005–2016 թվականներին սովորել և ավարտել եմ Լճափի միջնակարգ դպրոցը։
Սովորել եմ վարսահարդարություն, սակայն կրթության հանդեպ սերը, գիտելիք ստանալու ձգտումը և պատմագիտության նկատմամբ մեծ հետաքրքրությունն ինձ բերեցին Գավառի պետական համալսարան։
2019 թվականին ընդունվել եմ ԳՊՀ՝ ընտրելով պատմաբանի մասնագիտությունը։ Ուսումնառությունս իրականացրել եմ հեռակա բաժնում և 2024 թվականին համալսարանն ավարտել գերազանցությամբ։
Այնուհետև ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի մագիստրատուրա՝ նույն մասնագիտությամբ, որտեղ շարունակում եմ իմ ուսումնառությունը մինչ օրս։ Ուսման ընթացքում մասնակցել եմ մի շարք լրացուցիչ դասընթացների, ինչպես նաև հանրապետական և միջազգային գիտաժողովների, որոնց արդյունքում ունեմ տպագրված գիտական հոդվածներ։
Հատկապես կարևոր և հաջողված եմ համարում իմ հայրենի երկու գյուղերին՝ Լճափին և Հայրավանքին նվիրված հոդվածները, որոնց միջոցով փորձել եմ արժևորել, հանրահռչակել և համայնքին հասանելի դարձնել նրանց պատմական անցյալն ու դերը։
— Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:
— Համալսարանի ներդրումը իմ անձնական կայացման և մասնագիտական ձևավորման ու աճի գործում անգնահատելի է։ Գավառի պետական համալսարանը դարձավ այն կրթօջախը, որտեղ ինձ համար բացվեց գիտության ճանապարհը՝ ձևավորելով գիտական մտածողություն, հետազոտական հմտություններ և գիտահետազոտական աշխատանքի նկատմամբ խոր ու կայուն հետաքրքրություն։ Իմ հարազատ բուհում հետազոտությամբ զբաղվելը ինձ համար վերածվեց ոչ միայն ուսումնական պարտականության, այլև գիտակցված առաքելության ու սիրելի գործունեության։ Մագիստրատուրայում ուսանելիս՝ արժանացել եմ նախ Գավառի պետական համալսարանի, ապա Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանողի պատվավոր կոչմանը։ «ՀՀ լավագույն ուսանող» բարձր տիտղոսը ստանալն ինձ համար և՛ մեծագույն պատիվ է, և՛ բարձր պատասխանատվություն։
— Ի՞նչ երազանքներ ունեք։
— Ունեմ բազում երազանքներ և հստակ նպատակներ, ինչպես նաև ունեմ այն գիտակցումը, որ նվիրական իղձերի իրականացման ճանապարհին անհրաժեշտ է մշտապես առաջնորդվել թե՛ մտքով, թե՛ հավատով։ Իսկ որպես երազանք ու հոգու բաղձանք՝ կցանկանայի տեսնել իմ հայրենիքը ծաղկուն ու զարգացող, իսկ ընտանիքս՝ առողջ, միավորված և երջանիկ։
— Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
— Իմ կյանքի առաջնային սկզբունքն է մարդ մնալը՝ անկախ ցանկացած հանգամանքից։ Կյանքում երբեք չպետք է գայթակղվել ստով, պետք է բոլոր հանգամանքներում պահպանել ազնվությունն ու ճշմարտախոսությունը՝ որպես մարդկային արժանապատվության հիմք։ Համոզված եմ, որ հենց սկզբունքներին հավատարիմ մնալն է ձևավորում մարդու ներքին ուժը, վստահելի կերպարը և իրական արժեքը հասարակության մեջ։
— Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։
— Իմ կյանքում առաջնային է ընտանիքը։ Ազատ ժամերը նվիրում եմ ընտանիքիս անդամներին։ Սիրում եմ հետաքրքիր գրքեր կարդալ, երաժշտություն լսել, դիտել պատմական ֆիլմեր:
— Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։
— Հաջողակ կամ լավագույնը լինելու բանալին նպատակասլացությունն է, ամենօրյա ջանադիր աշխատանքը, ամուր կամքը և համառությունը։ Խորհուրդ կտայի ժամանակն արդյունավետ օգտագործել, զարգացնել կարողություններն ու հմտությունները, հմտանալ ընտրած մասնագիտության մեջ, ինչպես նաև ուժերը փորձել այլ ոլորտներում, ցուցաբերել հետաքրքրություն գիտահետազոտական աշխատանքի հանդեպ և հաստատակամորեն ընթանալ դեպի նպատակների իրականացում տանող ճանապարհով:
-Շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար, մաղթում ամենայն բարիք և ցանկանում, որ միշտ լինեք լավագույնը, ունենաք հստակ նպատակներ, քանզի, եթե տեսնում եք նպատակը, դժվարություններն այլևս չեք նկատում››։

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

Scroll to Top
Գավառի պետական համալսարան