Գավառագետի ափին՝ «Թթու ջուր» կոչվող տարածքում կայացած «Գաստրոփառատոն Գավառ․ Գավառի համն ու հոտը» փառատոնին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչները։ Փառատոնի նպատակն էր Գավառի ավանդական ուտեստների, խաղերի, երգերի ու պարերի վերհանումը, ներկայացումը, տարածումն ու պահպանումը։
Փառատոնի ընթացքում տեղի ունեցան Գավառի ավանդական ուտեստների՝ քյուֆթայի, նումբարի, փախլավայի, գաթայի պատրաստման վարպետաց դասեր, որոնց հնարավորություն ունեցան մասնակցել նաև հյուրերը։
Փառատոնի գլխավոր կազմակերպիչը և գաղափարի հեղինակը ԳՊՀ Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանն էր։ Փառատոնն իրականացվեց Գավառի համայնքապետարանի և «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից՝ Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ։ Փառատոնին մասնակցեցին ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ Մարտին Ավագյանը, դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանը, Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանը, բուհի աշխատակիցներ։
Գավառի պետական համալսարանի «Սերվիս» բաժնի ուսանողները՝ որպես կամավորներ ներգրավվեցին փառատոնի կազմակերպման աշխատանքներին, հանդես եկան որպես հյուրընկալ անձինք՝ տեղացի և արտասահմանցի հյուրերին ներկայացնելով Գավառի տարածաշրջանի խոհանոցին բնորոշ կերակրատեսակները, համ ու հոտի հրաշալի մշակույթը։ Նրանք ձեռք բերեցին գործնական կարևոր գիտելիքներ ու հմտություններ, մասնագիտական աշխատանքի փորձ։
ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԳԱՍՏՐՈՓԱՌԱՏՈՆ ԳԱՎԱՌ․ ԳԱՎԱՌԻ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ» ՓԱՌԱՏՈՆԻՆ