ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Գավառի պետական համալսարանում նշվեց սեպտեմբերմեկյան տոնը՝ Գիտելիքի և դպրության օրը։ ԳՊՀ-ում 2026-2027 ուստարին մեկնարկեց «Կրթությունը՝ կայացման ուղի» կարգախոսով։ Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց ուսանողներին և դասախոսներին՝ մաղթելով գիտելիքներով, արդյունավետ ուսումնառությամբ և ստեղծագործ աշխատանքով, նոր ձեռքբերումներով ու հաջողություններով առլեցուն ուսումնական տարի։ Տիկին Հակոբյանը բարձր միավորներ ստացած առաջին կուրսեցիներին հանձնեց «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը, որի հեղինակն է բուհի հիմնադիր-ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանը։ Առաջին կուրսեցիները երդմամբ ստանձնեցին խորը գիտելիքներ ձեռք բերելու և համալսարանականի կոչումը պատվով կրելու պատասխանատվությունը, ապա 4-րդ կուրսի ուսանողները գիտելիքի աշխարհ տանող խորհրդանշական բանալին հանձնեցին առաջին կուրսեցիներին՝ որպես ավագ սերնդից նոր սերնդին գիտելիքի, փորձի և համալսարանական արժեքների փոխանցման առհավատչյա։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Մանուկյանը և նույն ֆակուլտետի մագիստրատուրայի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աիդա Կարապետյանը նշեցին, որ գիտելիքի աշխարհ տանող բանալին բացում է հաջողության, մասնագիտական կայացման ու առաջընթացի, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների դռները։
Երաժշտական կատարումներով հանդես եկան ԳՊՀ ուսանող Աշոտ Կատվալյանը և Գավառի երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սան Հայրապետ Հայրապետյանը։
Նոր ուսումնական տարվա առաջին զանգի ղողանջների ներքո առաջին կուրսեցիները մասնակցեցին կրեդիտային համակարգով ուսումնառության սկզբունքների և ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման համակարգի վերաբերյալ դասին, որը վարեցին բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան