‹‹ՊԱՏՄՈՒԹՅԱՆ  ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՎ››

Գավառի պետական համալսարանում կայացավ ցերեկույթ՝ ‹‹Պատմության խաչուղիներով›› խորագրով, նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

Մասնակիցները Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներն էին։

Միջոցառմանը ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ, Սարուխանի Հայկազ Խաչատրյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները՝  պատմության ուսուցչուհի  Աննա   Տեր-Ղազարյանի ուղեկցությամբ։

Ուսանողները շնորհանդեսի միջոցով ներկայացրին Եղեռնի ահասարսուռ տեսարանները, որոնք թուրքական պետության՝ հայերի դեմ իրականացրած ցեղասպան քաղաքականության բացառիկ ապացույցներ են: Դրանք նաև անհերքելի ու եղկելի փաստեր են իրագործված ծանրագույն ոճրագործությունը դատապարտելու և դրա հետևանքների շուրջ խորհելու, ճանաչելու ու գործելու՝ հետայսու մարդկության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները կանխելու նպատակով:

Հուզիչ կատարումներով  հանդես եկան Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի վոկալ բաժնի ուսուցիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գրիգոր Բալագոզյանը, արվեստի դպրոցի սան Հասմիկ Գափոյանը, Գավառի պետական երաժշտական քոլեջի դուդուկահարներ Վահե Ստեփանյանը և Գուրգեն Արզունյանը։

Ցերեկույթն ամփոփվեց այն մեծ հավատով, որ պատմական ճշմարտությունն ու արդարությունը հիվանդանում են, սակայն չեն մահանում, ուստի գողգոթայով անցած և պատմության խաչուղիներով երրորդ հազարամյակ հասած հայ ժողովուրդն  արդարության հաստատման իր ազնիվ մղումով հասնելու է հաղթանակի, քանզի դեպ արդարություն տանող  ճանապարհը որքան էլ բարդ է ու խոչընդոտներով լեցուն, միևնույն է՝ աննահանջ է, օրհնյալ ու լուսավոր: Եղիցի լույս։

 

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան