Flat Preloader Icon

ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ։
Միջոցառման մասնակիցները, հետադարձ հայացք նետելով հայ ժողովրդի անցած ուղուն, հանդիսատեսին ներկայացրին Հայաստանի անկախության հռչակման պատմական ուղին, թե ինչպես 33 տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ, կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը, «Այո՛» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
ԳՊՀ ուսանողները ներկայացրին զեկուցումներ, ոգեշունչ բանաստեղծություններ և երգեր՝ նվիրված հայրենիքին։

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Erasmus +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում սովորելու Ալմերիայի համալսարանում՝ հետևյալ մասնագիտություններով․
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն,
Մարքետինգ /Շուկայագիտություն/ և գովազդ,
Անգլերեն լեզու:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2024թ․ հոկտեմբերի 29-ը։
Փաստաթղթերը /անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք, «հետաքրքրության» նամակ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am էլեկտրոնային փոստին։
Հարգելի՛ ուսանողներ, օգտվեք միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի ընձեռած հնարավորությունից։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Հռոմի Սապիենզայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ակադեմիական անձնակազմի անդամները՝ 2 շաբաթ դասավանդելու Սապիենզայի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մրցույթին կարող են դիմել ԳՊՀ բանասիրական, տնտեսագիտական ֆակուլտետների, ինչպես նաև հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Իրավագիտություն բաժնի ուսանողները։
Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․ թ․ հոկտեմբերի 9-ն է։
Ծրագրի մրցույթին դիմելու մանրամասների համար խնդրում ենք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 094 867716, 098 625326, 060 461299 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետւթյան կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 2024-2025 ուստարվա համար ընդունվում են մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը։
Առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն համալսարան վերոնշյալ ժամկետում։
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության, տրամադրում է՝
1. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային 28 միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (պահանջվող փաստաթղթեր. դիմում՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման ներկայացման վերաբերյալ, տեղեկանք միասնական սոցիալական ծառայությունից՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորի վերաբերյալ, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների), անձնագրի և սոցիալական քարտի պատճեն),
2. սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին (պահանջվող փաստաթղթեր. դիմում՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման ներկայացման վերաբերյալ, տեղեկանք համայնքապետարանից՝ սահմանամերձ համայնքի բնակիչ լինելու վերաբերյալ, ատեստատի պատճեն, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների), անձնագրի և սոցիալական քարտի պատճեն),
3. մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին (պահանջվող փաստաթղթեր. դիմում՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման ներկայացման վերաբերյալ, զինվորական գրքույկի պատճեն կամ տեղեկանք զինվորական կոմիսարիատից, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների) անձնագրի և սոցիալական քարտի պատճեն),
4. առկա ուսուցմամբ բակալավրի ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին (պահանջվող փաստաթղթեր. դիմում՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման ներկայացման վերաբերյալ, երեխաների ծննդյան վկայականների պատճեններ, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների), անձնագրի և սոցիալական քարտի պատճեն):
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:

ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՔՐԻՍՏԻՆԵ ԲԱՏԻԿՅԱՆ

-«Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:

-Ես Քրիստինե Բատիկյանն եմ։ Սովորել եմ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆալուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժին՝  անվճար հիմունքներով։ Ես սիրում եմ իմ առջև դնել խնդիրներ և լուծել դրանք, հստակ ձևակերպել նպատակներ և իրականացնել իմ նպատակները աշխատասիրության շնորհիվ ։ «Լավագույն ուսանող» մրցույթին մասնակցելն ու հաղթելը ինձ համար վերջին մեկ տարվա ընթացքում դարձել էր կարևոր նպատակ, իսկ այժմ այն իրականություն է։

2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում բակալավրի կրթական ծրագրով  արժանացել եմ  «Հայագիտության» ոլորտի 1-ին մրցանակին:

-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:

-Գավառի պետական համալսարանը ինձ  թևեր տվեց՝  ուժերս փորձելու գիտական և մշակութային տարբեր միջոցառումներում, որոնք ևս նպաստեցին իմ հաղթանակին։

-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։

-Կարծում եմ յուրաքանչյուրս  էլ պետք է ունենանք նպատակներ, երազանքներ, որոնց հասնելու համար պետք է որոշակի ջաբք գործադրենք։ Ինձ համար կյանքում առաջնայինը որակյալ կրթություն ստանալն է, ինչպես նաև նպատակներ ու երազանքներ  ունենալն ու դրանք իրագործելն է։

-Ի՞նչ երազանքներ ունեք։

-Երազանքս հիմա միայն այն է, որ մեր երկիրը խաղաղ լինի, եղբայրս, և ոչ միայն իմ, այլև բոլորիս զինվորները ծառայեն հայրենիքին և վերադառնան տուն։ Նրանք են մեզ ուժ տվողները։

-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

-Կյանքիս առաջնային սկզբունքը հասարակությանը պիտանի մարդ դառնալն է և հայրենիքին օգտակար լինելը։  Իսկ ուսումնական տեսանկյունից նախընտրում եմ ոչինչ  անգիր չանել, այլ ընկալել, գիտակցված ըմբռնել, յուրացնել։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։

-Ազատ ժամերին սիրում եմ նկարել, երաժշտություն լսել, իսկ երեկոյան վերցնել մի հաճելի գիրք և ընթերցել։

Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի

 հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։

-ԳՊՀ ուսանողներին խորհուրդ եմ տալիս ակտիվորեն մասնակցել բոլոր միջոցառումներին՝ զարգացնելով մտավոր-հոգևոր արժեքները, գիտականն ու մշակութայինը։ Հաջորդ տարվա մրցութում հաղթելու համար նրանք ջանասիրաբար պետք է սովորեն, աշխատեն գիտական հոդվածներ գրելու, գիտաժողովներին դրանք ներկայացնելու ուղղությամբ։ Ցանկացած մարդ յուրովի լավագույնն է, ուղղակի պետք է նրան հնարավորություն ընձեռվի ինքնաիրացման, ներուժի բացահայտման, իր լավագույն որակները ներկայացնելու համար››։

 

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության

 բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

 

 

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում կայացավ հայ-ֆրանսիական 3-րդ քայլարշավային փառատոնը, որը մեկնարկեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։
Փառատոնին մասնակցեցին 200 երիտասարդներ՝ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերից, Երևան քաղաքից, ինչպես նաև ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզի համայնքների ղեկավարներ և տեղակալներ, համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։
«Քայլարշավը որպես տեղական զարգացման շարժիչ ուժ» թեմայով քայլարշավային փառատոնին ակտիվորեն մասնակցեցին նաև ԳՊՀ ուսանողներն ու աշխատակիցները։
Գավառի կենտրոնական հրապարակում կազմակերպված ցուցահանդեսին առանձին տաղավարով հանդես եկավ Գավառի պետական համալսարանը՝ ներկայացնելով բուհի դասախոսների և ուսանողների գիտական հոդվածների ժողովածուները, ԳՊՀ պրոֆեսորների հրատակած մենագրությունները, դասագրքերը, ձեռնարկները, ուսանողներին շնորհված գավաթները, հուշամեդալներն ու պարգևները։ Հյուրերին ներկայացվեցին նաև ԳՊՀ միջազգային համագործակցության ծրագրերը։

ԼԵՀԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Լեհաստանի Վարմիա-Մազուրի և Պոզնանի համալսարանների դասախոս, պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկուն, ով հանդես եկավ բաց դասախոսությամբ՝ նվիրված երիտասարդական մշակույթին և ենթամշակութային շերտերին, սոցիալական ցանցերում ձևավորված հաղորդակցության նորմերին, դեռահասների սոցիալականացման արդի խնդիրներին։
Բանախոսն անդրադարձավ արհեստական բանականության գործիքներին, մշակութային իրողությունների վրա դրանց դրական և բացասական ազդեցությանը, ընձեռած հնարավորություններին ու վտանգներին։
Մարեկ Սոկոլովսկին ԳՊՀ գրադարանին նվիրեց ‹‹Հարգանքի տուրք Սերգեյ Փարաջանովին. ծննդյան հարյուրամյակի առթիվ›› հոդվածների ժողովածուն, որը բովանդակում է հայ և լեհ հեղինակների ուսումնասիրությունները ականավոր կինոռեժիսորի մասին։
Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց պրոֆեսոր Սոկոլովսկուն՝ նրա նախաձեռնությամբ և խմբագրությամբ ժողովածուի լույսընծայման առթիվ, նշելով, որ ժողովածուի շնորհանդեսը կայացել է ս․ թ․ սեպտեմբերի 12-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված «Սերգեյ Փարաջանով-100» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում և գնահատվել որպես ներդրում փարաջանովագիտության մեջ։

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրով:
Հարգելի՛ դիմորդներ, ընդունելության դիմում-հայտ լրացնելու համար խնդրում ենք դիմել Գավառի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովին՝ ԳԹԿ-ի կողմից տրամադրվող անձնական համար ստանալու նպատակով։
Դիմորդն անձնական համար ստանալուց հետո հայտագրումն իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ մինչև ս․ թ․ սեպտեմբերի 25-ը, ժամը՝ 18:00-ն: Ընդունելության դիմում-հայտը ընդունելության ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:
Դիմում-հայտը լրացնելու համար դիմորդը յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցում է ԳԹԿ-ի հաշվեհամարին /900018003401/ 1500 ՀՀ դրամ։
Ընդունելության քննությունների վճարից ազատվում են ստորև նշված կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները․
1. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները),
2. առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները:
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված դիմորդները՝ քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն:
Քննությունները անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը հանձնում են միևնույն օրը: Միասնական քննություններն անցկացվելու են ս․ թ․ հոկտեմբերի 20-ից 27-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գավառի պետական համալսարան՝ 060-46-12-43, 099-02-21-41 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլփոստի հասցեներով՝ info@gsu.am, infogsu@mail.ru։
Կից ներկայացնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, քննական առարկաները, ուսման տարեկան վարձավճարները։
ԳՊՀ ընդունող հանձնաժողով

ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԹԵՀՄԻՆԵ ԲԱՏԻԿՅԱՆ

-«Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
-Ես Թեհմինե Բատիկյանն եմ, ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում: 2000-2012 թվականներն սովորել եմ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին մասնակցել եմ տարբեր մրցույթների և օլիմպիադաների: Հայոց լեզվի և գրականության հանդեպ ունեցած մեծ սերն ինձ ուղղորդեց դեպի համալսարան: 2012 թվականին անվճար հիմունքներով ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատ, որն ավարտել եմ 2015 թվականին գերազանց առաջադիմությամբ: 2022 թվականին ուսումս շարունակելու նպատակով ընդունվել եմ նույն բաժնի մագիստրատուրան: Ուսումնառության տարիներին մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերել հայ գրականության և գրաքննադատության հանդեպ:
2022 թվականին մարզային գրադարանի կողմից հաղթող եմ ճանաչվել «Տարվա լավագույն ընթերցող» անվանակարգում:
Գերազանց սովորելուն զուգահեռ կատարել եմ հետազոտական աշխատանք: Մասնակցել եմ միջազգային և հանրապետական գիտաժողովների, ունեմ տպագրված հոդվածներ և՛ գրականությունից, և՛ հայոց լեզվից:
2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» մրցույթում մագիստրոսի կրթական աստիճանում արժանացել եմ «Հայագիտության» ոլորտի 1-ին մրցանակին:
-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:
— Պետք է նշեմ, որ «ՀՀ լավագույն ուսանող» մրցույթում իմ հաղթանակի մեջ մեծ դեր է ունեցել Գավառի պետական համալսարանի դասախոսների նվիրվածությունն ու բանիմացությունը: Համալսարանն ինձ լայն հնարավորություն ընձեռեց՝ բացահայտելու աշխարհը նորովի ու բազմակողմանիորեն: Սովորելով բուհում՝ մեր բանիմաց մասնագետների շնորհիվ ես ձեռք բերեցի հիմնարար գիտելիքներ որակյալ մասնագետ դառնալու համար: Համալսարանը հնարավորություն ընձեռեց մասնակցելու գիտաժողովների, որն ավելի էր պարտավորեցնում ինձ՝ ավելի ու ավելի շատ գիտելիքներ ամբարելու: Դժվարություններ հաղթահարելով՝ ես ավելի կոփվեցի և հասա իմ նպատակին:
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
— Ինձ համար առաջնայինը կյանքում եղել է սովորելը, հիմնավոր և լավ սովորելը:
-Ի՞նչ երազանքներ ունեք։
-Դեռ մանկուց միշտ երազել եմ ուսուցչուհի դառնալ և հիմա միակ երազանքս լինել լավ մասնագետ և աշխատել իմ մասնագիտությամբ:
-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
-Ազնվություն, բարություն, մարդասիրություն, արդարություն, ճշմարտասիրություն՝ այն ամենը, ինչ ամեն օր տեսնում և զգում եմ իմ սիրելի համալսարանում։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։
-Ազատ ժամերին իմ միակ նախասիրությունը գիրք կարդալն է:
Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի
հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։
-Նախ կցանկանամ նշել, որ Գավառի պետական համալսարանը տալիս է այն բոլոր նախադրյալները, որ անհրաժեշտ են լավ սովորելու, առաջ գնալու և լավագույնը դառնալու համար: Ուսանողներին միայն մնում է հետևողականորեն լինել, լավ սովորել և հավատալ իրենց ուժերին, քանի որ պայքարողը միշտ հաղթանակի է հասնում։ Հավելեմ միայն, որ պետք է լինել աշխատասեր և նպատակասլաց»:
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և
լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

ՃԱՆԱՉԵՆՔ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ․  ՌՈԶԱ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

‹‹ -Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:

-Ես Ռոզա Վեզիրի Աբրահամյանն եմ, ծնվել եմ 2002 թվականի հունվարի 28-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում: Հաճախել եմ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոց: Սովորել եմ գերազանց առաջադիմությամբ: Դպրոցական տարիներին մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների, մրցույթների, փառատոնների, ունեմ 2 տասնյակից ավելի հավաստագրեր և պատվոգրեր:

2020 թվականին ավարտելով դպրոցը՝ հաջողությամբ ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ‹‹Ֆինանսներ›› բաժնի առաջին կուրս: 2021 թվականին ընտրվել եմ ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության, իսկ 2022 թվականին՝ ուսանողական խորհրդի նախագահ: Ակտիվորեն մասնակցել եմ ԳՊՀ ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին: Մասնակցել եմ հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովների, ունեմ տպագրված հոդվածներ:

2023 թվականին հաղթել եմ «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում՝ հասարակագիտության ոլորտում զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:

-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:

-Իմ կյանքի ամենալուսավոր փուլը համալսարանական տարիներն են: Համալսարանում եմ ծանոթացել բուհին նվիրված ու ջանասիրաբար աշխատող դասախոսներիս, ցանկացած պահի ինձ օգնող ու աջակցող ընկերներիս:

Համալսարանն օգնեց ինձ՝ կայանալ, գիտելիքն արժևորել, նոր կարողություններ ձեռք բերել, դժվարություններից չերկնչել, դրանք արիաբար հաղթահարել, ինչի համար շնորհակալ եմ հարազատ կրթօջախիս, պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմին՝ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի գլխավորությամբ։

-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
Ընտանիք, ընկերներ, կրթություն…

Այս շարքը կարող եմ շարունակել։ Ինչպես ցանկացած անձի համար,  ինձ համար առաջնայինն իմ հայրենիքն է ու ընտանիքը։

Ի՞նչ երազանքներ ունեք։

-2020 թվականի պատերազմից հետո ինձ համար մեծագույն երազանք է խաղաղությունը։ Խաղաղության պայմաններում միայն կարելի է ի կատար ածել բոլոր երազանքները, պարզապես պետք է հավատալ, ձգտել, պայքարել և հասնել նվիրական իղձերի իրականացմանը։

— Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

-Ես բնույթով սկզբունքային անձնավորություն եմ, կնշեմ ինձ համար առավել գնահատելի սկզբունքները՝ ազնվություն, ուղղամտություն, պարզություն ու մաքրություն, կամք, ջանք ու ձգտում՝ երազանքներին հասնելու ճանապարհին:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

-Նախասիրություններս շատ են, սիրում եմ կարդալ գեղարվեստական ու մասնագիտական գրականություն, երաժշտություն լսել, հետաքրքրված եմ նաև մանկավարժական գործունեությամբ, ունեմ աշակերտներ, որոնց հետ աշխատում եմ մեծ սիրով ու նվիրումով:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը:

-Ուսանողներին խորհուրդ կտամ առաջին հերթին լավ սովորել, զբաղվել հետազոտական և հասարակական գործունեությամբ, ակտիվորեն ներգրավվել բուհի ինքնակառավարման մարմիններում:

Այս ամենից զատ, միշտ պետք է հիշել, որ «Լավագույն»-ի կոչմանն արժանանալու համար պետք է լինել նախ և առաջ պայքարող և երազանքների ճանապարհին չընկրկող:

 

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և

լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

Scroll to Top
Գավառի պետական համալսարան