ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը մասնակցեց Երևանի պետական համալսարանում կայացած Հայաստանի և Լիտվայի բուհերի միջև ցանցային հանդիպմանը, որի նպատակն էր հայաստանյան և լիտվական բուհերի միջև ստեղծել համագործակցության հնարավորություններ՝ Եվրոպական միության ‹‹Էրազմուս+›› ծրագրի շրջանակներում և դրանից դուրս։
Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում ‹‹Էրազմուս+›› ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի և Լիտվայի ‹‹Էրազմուս+›› ազգային գործակալության փոխտնօրեն Ժաննա Օրլովայի ողջույնի խոսքերով։
Ժաննա Օրլովան ներկայացրեց Լիտվայի բարձրագույն կրթության ոլորտի առանձնահատկությունները, կառուցվածքը, միջազգայնացմանն ուղղված բարեփոխումները, ‹‹Էրազմուս+›› նախագծերում լիտվական բուհերի ներգրավվածությունը և կառավարության կողմից ֆինանսավորվող կրթաթոշակային հնարավորությունները։
Այնուհետև տիկին Լանա Կառլովան ներկայացրեց Հայաստանի կրթության զարգացման ազգային ռազմավարությունը, կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև ‹‹Էրազմուս+›› ծրագրի շրջանակներում երկու երկրների բարձրագույն կրթական հաստատությունների միջև ընթացիկ համագործակցության վերաբերյալ վիճակագրական տվյալներ։
Հանդիպման երկրորդ հատվածում լիտվական և հայաստանյան բուհերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց հաստատությունների գործունեության շրջանակը և հանդես եկան համագործակցության առաջարկներով։
Լիտվական բուհերից ներկայացան Վիլնյուսի համալսարանը, Վիլնյուսի քոլեջը, Կաունասի քոլեջը, Լիտվայի ծովային ակադեմիան, Պանևեժիս քոլեջը (ի դեպ՝ այս քոլեջները տրամադրում են բարձրագույն կրթություն), իսկ հայկական բուհերից՝ Երևանի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Երևանի Հայբուսակ համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։
Լիլիթ Թոռչյանը շնորհանդեսի ձևով ներկայացրեց Գավառի պետական համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացրած միջազգային ծրագրերը։
Հանդիպման վերջին մասը նվիրված էր ցանցային կապերի հաստատմանը․ լիտվական և հայաստանյան բուհերի ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության հնարավոր ձևերն ու ուղղությունները։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան