ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ «ERASMUS+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով, որի ընթացքում ամփոփվեցին Եվրոպական միության «Erasmus+KPI4HE-Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի` գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, քննարկվեցին արդյունքները և առաջիկա անելիքները։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում մշակված՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներին համապատասխան գործունեության առանցքային ցուցանիշները (ԳԱՑ-երը), քննարկվեցին դրանց բովանդակությունը, հաշվարկման մեթոդաբանությունը և բուհի գործունեության գնահատման ու բարելավման գործընթացներում կիրառման հնարավորությունները։ Աշխատաժողովի մասնակիցները նշեցին, որ ծրագիրը համակարգող բուհը՝ Երևանի պետական համալսարանն ապահովեց հայաստանյան մյուս գործընկեր բուհերի, կրթական կառույցների և եվրոպական համալսարանների միջև արդյունավետ համագործակցություն։ Անդրադարձ կատարվեց 2026 թվականի նոյեմբերի 2-ին ԵՊՀ-ում կայանալիք ծրագրի ամփոփիչ համաժողովին ընդառաջ ԳՊՀ-ում ընթացող նախապատրաստական աշխատանքներին, պատասխանատուների կողմից իրականացված աշխատանքների արդյունքների և ձեռքբերումների ներկայացմանը։
Աշխատաժողովը ծառայեց իր նպատակին՝ ամփոփել ծրագրի արդյունքները, հստակեցնել առաջիկա անելիքները և համակարգել ԳՊՀ-ում ընթացող՝ համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ապահովելով Գավառի պետական համալսարանի պատշաճ մասնակցությունը ԵՄ «Erasmus+ KPI4HE» ծրագրի արդյունքների ներկայացմանն ու տարածմանը։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան