Անգնահատելի է ուսուցչի դերն անհատի ձևավորման ու կայացման գործում։
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետությունում և ավելի քան 100 երկրում նշվում է Ուսուցչի համաշխարհային օրը։ Այս կարևոր տոնը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1994 թվականին՝ ի հիշատակ այն պատմական իրադարձության, երբ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցավ միջկառավարական կոնֆերանս, որն ընդունեց ուսուցիչների աշխատանքի կարգավիճակը սահմանող առաջին միջազգային իրավական փաստաթուղթը՝ «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականներ»-ը։ Այս փաստաթուղթը դարձավ ուսուցիչների իրավունքների և պարտականությունների միջազգային ճանաչման հիմք՝ ընդգծելով նրանց անփոխարինելի դերը կրթական համակարգում:
Հայ ժողովուրդը դարեր ի վեր առանձնահատուկ հարգանքով է վերաբերվում ուսուցչին՝ նրան վստահելով ամենապատասխանատու առաքելությունը՝ մատաղ սերնդի դաստիարակությունն ու կրթությունը։ Ուսուցչի վեհ կերպարը օրինակ է դառնում սաների համար։ Ուսուցչի շնորհիվ են աշաակերտներն ամբարում գիտելիքներ ու արժեքներ։ Ուսուցչի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին և դասախոսներին ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք, ի նպաստ հայ դպրության դարավոր ավանդույթների պահպանման ու նորովի կենսագործման, ազգային և համամարդկային արժեքներ կրող, բազմակողմանի զարգացած, հայրենասեր ու խելացի սերնդի դաստիարակության:
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ։