«ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ»․ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ ԳՊՀ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանում կայացավ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների բեմելը՝ ավանդական դարձած  «Բարև, մե՛նք ենք» խորագրով ցերեկույթը, որին ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։ Ներկա էին նաև Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները՝ պատմության ուսուցչուհի, Գավառի պետական համալսարանի շրջանավարտ Սիլվա Հակոբյանի ուղեկցությամբ, ինչպես նաև Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Գոհար Գեղամյանի ուղեկցությամբ: Միջոցառումը վարում էին ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Մանուկյանը և առկա բաժնի «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Տիգրան Վարդանյանը:

Ներկայացնելով միջոցառման խորհուրդը՝ նրանք շնորհավորեցին առաջին կուրսեցիներին՝ Գավառի պետական համալսարան ընդունվելու և համալսարանականների շարքերը համալրելու կապակցությամբ, այնուհետև ներկայացան ուսանողները՝ պատմելով իրենց նախասիրությունների, հետաքրքրությունների ու ձեռքբերումների մասին, անդրադառնալով ընտրած մասնագիտության կարևորությանն ու առանձնահատկություններին։

Ցերեկույթն ընթացավ բովանդակալից ու հետաքրքիր շնորհանդեսի, ինքնատիպ բեմականացման, երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով։

Որպես խորհրդանշական ավարտ՝ ուսանողները ներկայացրին իրենց պատկերած համալսարանական իմաստության ծառը՝ հրավիրելով ներկաներին մատնահպումով հարստացնելու այն՝ որպես փոխանցվող գիտելիքի, սերունդների շարունակականության և միասնականության խորհրդանիշ:

Միջոցառման ավարտին առաջին կուրսեցիներին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը, ուսուցչուհիներ Գոհար Գեղամյանը և Սիլվա Հակոբյանը:

Ուսանողներին շնորհավորեց և օրվա խորհուրդը կարևորեց հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի «Կրոնագիտության հիմունքներ» առարկայի դասախոս, Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր սպասավոր,  Գավառի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանը:

«Բարև, մե՛նք ենք» միջոցառումը համալսարանականներին միավորում է լուսավոր ու ոգեշունչ գաղափարների շուրջ՝ դառնալով առաջին կուրսեցիների ինքնադրսևորման, ստեղծագործական ներուժի բացահայտման, ազգային արժեհամակարգի պահպանման ու տարածման, ինչպես նաև համալսարանական մշակույթի արժևորման և սերնդեսերունդ փոխանցման գեղեցիկ նախաձեռնություն։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան