2025 թվականին լրացավ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-րդ տարեդարձը։ Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության այն նշանավոր դեմքերից է, որի գործերը ճշմարիտ ու արդիական են այսօր, վաղը և միշտ։ Նրա արձակը ոչ միայն պատմություն է գյուղի, բնության, մարդու և նրա պայքարի մասին, այլև հայի ազգային նկարագիր։ Մաթևոսյանը խոսում է այնպես, ինչպես մտածում է ժողովուրդը։ Նա կարողացել է ազնիվ ու տպավորիչ խոսքով, խորը ցավով, զգացական պատկերներով ներկայացնել հայ մարդու ներաշխարհը և այն դարձնել համամարդկային արժեք, իսկ պարզ մարդկանց խոհերը՝ կենսափիլիսոփայական եզրակացություն։
Ս․ թ․ դեկտեմբերի 10-ին Գավառի համայնքային գրադարանում կայացավ գրական ցերեկույթ` նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-րդ ամյակին։ Գրադարանի հյուրեր էին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Գրիգորյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը։
Գրական ցերեկույթին մասնակցում էին Գավառի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, գրադարանավարներ, ուսուցիչներ և աշակերտներ Գավառի ավագ դպրոցից, Գանձակի թիվ 1 դպրոցից, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցից։ Ցերեկույթի առաջին մասում գրադարանավարները ներկայացրին Հրանտ Մաթևոսյանի կյանքն ու գրական գործունեությունը։ Երկրորդ մասում գրադարանի մատենագետ Նորա Մարեմկոյանը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2013 թվականին «Հրանտ Մաթևոսյան» մրցանակին արժանացած, ութ տասնյակ
մենագրությունների և գիտական աշխատությունների հեղինակ Վաչագան Գրիգորյանին հրավիրեց զրույցի՝ Մաթևոսյանի կյանքի ու գրական գործունեության շուրջ։ Մաթևոսյանագետ պրոֆեսորը անդրադարձավ Հրանտ Մաթևոսյանի գրական մուտքին և գործունեությանը, պատասխանեց նաև աշակերտների և ուսանողների հարցերին։ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց Հրանտ Մաթևոսյանի գրական, հրապարակախոսական, հասարակական-քաղաքական գործունեությունը, ինչպես նաև անդրադարձավ Վաչագան Գրիգորյան մարդուն, գրականագետին և դասախոսին. «Հաջողում են այն գրողները, որոնք իսկապես ազնիվ են, ազնիվ են իրենք իրենց հետ, իրենց ընթերցողի հետ, աշխարհի ու մարդու հետ։ Ազնիվ է Հրանտ Մաթևոսյանը, ազնիվ է նաև Մաթևոսյանի գրական ժառանգությունը շերտ առ շերտ պեղող և խորքերը բացահայտող Վաչագան Գրիգորյանը։
… Եկեք մի լավաշի չափ օգուտ տանք այս աշխարհին»,-իր ելույթը մաթևոսյանական պատգամով ամփոփեց տիկին Հակոբյանը։
Պրոֆեսոր Գրիգորյանին շնորհակալության և գնահատանքի խոսքեր ասացին Գավառի պետական համալսարանի շրջանավարտներ՝ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի փոխտնօրեն Ռուզաննա Վարդանյանը, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մանուշակ Կուտուզյանը, գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Շահինյանը՝ զուգահեռաբար անդրադառնալով Հրանտ Մաթևոսյան համաշխարհային մեծության գրողին։ Ցերեկույթին առանձնակի հմայք հաղորդեցին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտները` «Աշնան արև» բեմականացման մի դրվագով (ուսուցչուհի՝ Խանում Խաչատրյան), Գավառի արվեստի դպրոցի դասատու Գրիգոր Բալագոզյանը, Գավառի երաժշտական դպրոցի սան Հայրապետ Հայրապետյանը,երիտասարդ դերասանուհի Անուշ Զանգեզորյանը։ Միջոցառման ավարտին գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Շահինյանը, շնորհակալություն հայտնելով մասնակցության ու համագործակցության համար Գավառի պետական համալսարանին` ի դեմս ռեկտոր տիկին Հակոբյանի, դպրոցների տնօրեններին, ասաց. «Թող Հրանտ Մաթևոսյանի 90-
ամյակը դառնա առիթ՝ կրկին բացելու նրա գրքերը ու նորովի զգալու այն Հայաստանը, որ նա կարողացավ ամրագրել իր անհատույց սիրով ու անզիջում խոսքով։ Հրանտ Մաթևոսյանը շարունակում է ապրել ու ապրեցնել մեզ»։
Տեղեկատվության աղբյուրը՝ Գավառի քաղաքային գրադարան․ https://www.facebook.com/gavarigradaran