ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵՆԻՇ

Համալսարան-դպրոց համագործակցության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանում ներկայացվեց «Թումանյանի պատգամների խորհուրդն ու լույսը Հազարան բլբուլի որոնումներում» թեմայով իրականացված ինքնատիպ նախագծային աշխատանքը, որը կատարել էին Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիկ Հակոբյանի ղեկավարությամբ:

Միջոցառմանը ներկա էին Գավառի պետական համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, Գավառի ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Արմինե Ղուլոյանը, ուսուցչուհիներ Ամալյա Զոլյանը և Լարիսա Ղազանչյանը, լաբորանտ Արմինե Ավագյանը, 11-րդ և 12-րդ դասարաննների աշակերտները:

Բովանդակալից ներկայացմանը մասնակցեցին Գավառի համայնքային գրադարանի մատենագետ Նորա Մարեմկոյանը, գրադարանավար, ԳՊՀ շրջանավարտ Լիլիթ Բալագյոզյանը, ինչպես նաև Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Գավառի պետական համալսարանի շրջանավարտ Գոհար Գեղամյանի ուղեկցությամբ:

Ներկաներին խորհրդավոր ճամփորդության հրավիրած աշակերտներն անդրադարձան կրթական նախագծի նպատակին ու առաքելությանը և փորձեցին պատասխանել այն հարցին, թե ինչպես գտնել մերօրյա Հազարան բլբուլին, առանց որի չորացած ու դատարկ է աշխարհի երբեմնի ծաղկազարդ ու շքեղ այգին: Աշակերտների խելացի հարցադրումներին դասախոսները և ուսուցիչները տվեցին բովանդակալից պատասխաններ՝ կարևորելով ազնվությունը, արիությունը, արդարամտությունը, ճշմարտությունը, բարությունը, սերն ու մարդկայնությունը, աշխատասիրությունը և անկեղծ նվիրվածությունը՝ որպես նպատակի իրականացման բանալիներ: «Հազարան բլբուլի» որոնումների բարդ ճանապարհը սովորեցնում է լինել քաջ, համառ ու նպատակասլաց, հաղթահարել փորձությունները՝ հավատարիմ մնալով թումանյանական պատգամներին։ Բոլոր կապանքները կարող են բանալ ազնիվ, բարի մղումներով, հաստատակամ ու նպատակասլաց անհատները և հույսի, հավատի, սիրո կանթեղները վառ պահած՝ լուսավորել, վերակենդանացնել մարդու հոգևոր արժեքներն ու բարոյական հաղթանակը խորհրդանշող Անմահության այգին:

Ներկայացումն ամփոփեց կրթական նախագծի հեղինակ Լիլիկ Հակոբյանը՝ կարևորելով դասական բնագրի դերը սովորողների արժեհամակարգը ձևավորելու, ճանաչողության սահմանները ընդլայնելու, ստեղծագործական, հետազոտական կարողությունները զարգացնելու հարցում: Ի նշան համալսարան-դպրոց շարունակական և արդյունավետ համագործակցության՝ նա Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին հանձեց «Մանկավարժական արարման և արժեհամակարգի ձևավորման մասին» խորհրդանշական ուղերձը և կատարված կրթական նախագծի արդյունքները՝ հանելուկների գիրքը՝ որպես հեքիաթի խորհրդանիշները մարմնավորող ստեղծագործական աշխատանք, ուխտի բանալիները՝ որպես աշակերտների արժեհամակարգի և կյանքի ուղու խորհրդանիշներ, սերմեր պարունակող գրիչը՝ որպես գիտելիքի ու բնության կապի խորհրդանիշ, և արագ արձագանքի թվանիշները (QR կոդերը)՝ որպես դասական բնագրի թվային հասանելիության ապահովում:

Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Գավառի ավագ դպրոցի նորարար ուսուցչուհի Լիլիկ Հակոբյանին և շնորհալի աշակերտներին՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը խորությամբ ուսումնասիրելու, նրա անանց պատգամները վեր հանելու և հետաքրքիր մտահղացումներով, ավանդականն ու արդիականը մեկտեղելով ներկայացնելու, հավերժական արժեքները որպես կյանքի ուղենիշ ընդունելու և տարածելու ուխտ կնքելու համար։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան