ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՍԵՎԱՆԻ ԵՎ ԳԱՎԱՌԻ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողներին՝ տնօրենի պարտականությունները կատարող Հասմիկ Մաթևոսյանի, ուսումնական մասի վարիչ Գեղամ Խաչատրյանի, դասախոսներ Կարինե Սիմոնյանի և Օվսաննա Լաբոյանիուղեկցությամբ, ինչպես նաև Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին։ Հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, լսեցին համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Նարե Ասոյանի հաշվետվությունը, ով 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորել է Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սուրբ Անտոնիոս կաթոլիկ համալսարանում՝ ԳՊՀ իրականացրած Եվրոպական միության «Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրեց համալսարանի կողմից իրականացվող միջազգային ծրագրերը և արտասահմանյան բուհերի՝ Իտալիայի Հռոմի Սապիենզայի, Իսպանիայի Կորդոբայի, Պորտուգալիայի Մինհոյի, Ռումինիայի Տիմիշոարայի և այլ համալսարանների հետ համագործակցության ուղղությունները։ Զեկուցողը նշեց, որ ԳՊՀ միջազգային համագործակցության ընդլայնումը նպաստում է բուհի դասախոսների ինտեգրմանը միջազգային ակադեմիական հանրությանը, ստեղծում է հնարավորություններ եվրոպական առաջատար բուհերում ԳՊՀ ուսանողների մասնագիտական գիտելիքների հարստացման համար։ ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը ներկայացրեց քոլեջից բուհ շարունակական կրթության հնարավորությունները,համալսարանում ուսումնառության սկզբունքները, սովորողների սոցիալական աջակցության ծրագրերը։ Հյուրերը եղան ԳՊՀ՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան